Դատական դեպարտամենտի կարգադրիչների գործով ամբաստանյալ Արմեն Մովսիսյանը, ում մեղադրանք է առաջադրվել յուրացումների և հափշտակության համար, Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա կայացած նիստին, ինչպես նախաքննությանն ժամանակ էր արել, դիրքորոշում չհայտնեց իրեն մեղավոր ճանաչելու կամ չճանաչելու մասին:
Նշենք, որ Արմեն Մովսիսյանը հանդիսանում էր «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարական հիմնարկի ղեկավարի տեղակալ, նույն հիմնարկի առանձնացված ստորաբաժանման դատական կարգադրիչների ծառայության պետ:
Ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանը, ով այդ ժամանակ «ՀՀ Դատական դեպարտամենտ»-ի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալն էր, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:
Հաջորդ ամբաստանյալը` Գագիկ Խաչատրյանը, ով առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալն էր, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց մասնակի:
«ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելու կամ չճանաչելու վերաբերյալ դիրքորում չհայտնեց:
Իսկ դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը, ով պետության հասցրած վնասն ամբողջովին մարել է, հայտնեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում` նշելով, որ ինքն իրեն կազմակերպված խմբի անդամ չի համարում: «Ես խմբի կազմում որևէ գործողություն չեմ արել»,- ասաց ամբաստանյալը:
Սաթենիկ Հովհաննիսյանը, ով առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահն էր, առաջադրված մեղադրանքի շուրջ իրեն մասնակի մեղավոր ճանաչեց` իրեն կազմակերպված խմբի անդամ չհամարելով: «Ես չեմ էլ իմացել, որ ինչ-որ խումբ կա: 40 հազար դրամն էլ, որ վերցրել եմ, հավելյալ աշխատավարձ եմ ընդունել»,- ասաց ամբաստանյալը:
Ամբաստանյալ Բագրատ Արիկյանցը` դատական կարգադրիչների ծառայության Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն` միայն 314 հոդվածով` կեղծիք, իսկ յուրացման մասով` ոչ:
Առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետը` Արման Փալիկյանը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց մասնակի: