ԳՈՒՄԱՐ ՉԻ ՏԱ ԵԹԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

90-ականների հայտնի երգչուհի ՕԼԳԱ ԱՅՎԱԶՅԱՆՆ այսօր անհամեմատ քիչ է երեւում էկրանին, նոր ձայնասկավառակներ չի թողարկում, տեսահոլովակներով չի ողողում եթերը: Ի՞նչ պատահեց, ո՞ւր անհետացավ երգչուհին, եւ ինչո՞ւ մենք նրան չենք տեսնում:
-Երբեք չեմ դադարել աշխատել, հետո՞ ինչ, որ էկրանին չեմ երեւում: Երգ եմ ձայնագրել, պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել, հիմա էլ ստեղծագործական պրոցեսի մեջ եմ: Աշխատում եմ նաեւ «N show» ակումբում:
-Ձեզ որպես «Արձագանք»-ի երգչուհի ենք ճանաչում, բայց եթե չեմ սխալվում, ավելի շատ անհատական գործունեություն եք ծավալել:
-Ուզում եմ ճշմարտությունն իմանաք. ես այնտեղ մի տարի եմ եղել, հետո «Արձագանք»-ը փակվել է: 2000թ-ից մեներգչուհի եմ, իմ սեփական ուժերով էլ առաջին ձայնասկավառակս թողարկեցի:
-Ի՞նչ պատահեց հետո:
-Մի քիչ անձնական խնդիրներ ունեի, բայց լռություն չկար, այդ ընթացքում 1 ձայնասկավառակ եմ պատրաստել, հետո մեկնել եմ ԱՄՆ` մենահամերգների, պարզապես շատ չեմ երեւացել:
-Մտավախություն չկա՞, որ շատ չերեւալու դեպքում Ձեզ կմոռանան:
-Այսօր ինտերնետային ցանցերն այնքան են զարգացած, որ եթե հեռուստատեսությամբ չերեւաս էլ, ինտերնետի միջոցով դիտում են: Ինքս էլ այսօր ժամանակ չունեմ հեռուստացույց նայելու:
-Այնուամենայնիվ, ինչո՞վ է պայմանավորված էկրանին Ձեր հազվադեպ երեւալը:
-Գումարի հետ է կապված: Հեռուստաընկերությունները գումար են պահանջում ցուցադրության համար, ես էլ չունեմ այդքան գումար, որ տեսահոլովակ նկարահանեմ,  հետո էլ վճարեմ, որ ցույց տան: Կյանքում չեմ էլ մտածել, որ տեսահոլովակը ցուցադրելու համար պետք է գումար տալ: Տարիներ առաջ այն մարդիկ էին երեւում, որոնք ստեղծագործում ու աշխատում  էին, երգարվեստում ներդրում ունեին: Իսկ հիմա յուրաքանչյուր ոք, ով գումար ունի, տեսահոլովակ է նկարահանում` ցանկալի հարսնացու դառնալու համար, հետո էլ դադարում է երգել: Ես էլ կարող եմ տանել, գումար տալ, որ երեւամ, բայց այդ ճանաչվածությունն ունեցել եմ տարիներ առաջ` առանց վճարելու: Այդ փուլերն անցել եմ: Այսօր առաջնահերթ իմ հաճույքի համար եմ անում, ու էնպես է ստացվում, որ իմ արածն  այսօր աշխատանք է, որով նաեւ ապրում եմ:
-Հավաքական համերգներին էլ Ձեզ չենք տեսնում:
-Քանի որ իմ տեսահոլովակները ցույց չեն տալիս, հետեւաբար ինձ չեն էլ հրավիրում: Ստացվում է, որ իմ պահանջարկն այսօրվա դրությամբ այդքան չկա: Դրա փոխարեն դրսում եմ համերգներ ունենում: Փաստացի` DVD-ներով ունեմ, այնպես չէ, որ ինձնից եմ հորինում:
-Այնուահանդերձ, յուրաքանչյուր արտիստի նպատակը ճանաչված լինելն ու փառք վայելելն է:
-Գումար չեմ տա ու ասեմ` ամեն օր ինձ ցո՛ւյց տվեք եթերով: Թող հիմա երեւան նրանք, ովքեր ուզում են: Ես միայն հեռուստատեսությամբ չէ, որ երեւացել եմ: Ամբողջ Հայաստանի շրջաններում, զորամասերում, գյուղ, մարզ չի եղել, որ  երգած չլինեմ: Էնպես չի, որ երգիչը միայն տեսահոլովակ նկարահանելով է երգիչ դառնում:
Պետք է որոշակի գործ ունենաս արած, որ հետ շրջվելուց հասկանաս` ինչ ես արել: Ժողովուրդը պետք է ընտրի` ում սիրի, բայց այն, որ ռաբիս երաժշտությունն այսօր ողողում է եթերը, դա փաստ է:
-Դուք ո՞ր ոճի երգեր եք կատարում:
-Հայկական մաքուր փոփ էստրադա ու հայկական ֆոլկ, որտեղ չկան ո՛չ Սթիվի Ուոնդերի, ո՛չ այլ օտարամոլ խաղեր:
-Իսկ երբ հրավիրում են միջոցառումների, 6/8 ժանրի երգեր չե՞ք կատարում:
-Բնականաբար, դա հայկական ֆոլկն է: Եթե դուք լսած լինեք իմ կատարումները, կտեսնեք, որ ես ոչ մի ռաբիս խաղեր չեմ անում: Ի դեպ, մարդիկ, որոնք այդ նույն հեռուստատեսությամբ բղավում էին, որ 6/8 չի կարելի, հենց իրենք էլ ամենից շատ սկսել են դա երգել, որպեսզի գումար վաստակեն: Ես էլ դա արել եմ միայն գումար վաստակելու համար, բնական է, որ դրսի հայությունը պահանջում է նմանատիպ երգեր: Ես էլ զերծ չեմ մնացել այդ ամենից, բայց այնպես չէ, որ դա իմ հոգու ճիչն է:
-Կոմերցիայի հետեւից այսօր շատերն են գնում:
-Բայց ինչի՞ եք զարմանում, դա նորմալ է: Եթե չպետք է գումար վաստակեն, էլ ինչի՞ են երգում ու գումար ներդնում:  
-Կարո՞ղ եմ ենթադրել, որ մի քիչ հիասթափված եք երգարվեստից:
-Բացարձակ, չնայած, որ սա այն ոլորտն է, որտեղ ժամանակ առ ժամանակ հիասթափություններ լինում են: Ինձ մոտ էլ են եղել այդ տեսակ պահեր, բայց դրանք ինձ օգնել են, որ ավելի ուժեղ լինեմ:
-Այսինքն` Ձեզ ոչինչ չի՞ կարող հետ պահել երգելուց:
-Միայն մի պարագայում, երբ իմ կողակիցն ինձ չընդունի այնպես, ինչպես ես կամ: Եթե ընտրեմ ընտանիքը, ապա շատ հարցերում զիջող կլինեմ: Բայց չեմ կարծում, որ իմ կողքին կլինի մեկը, ով չի հարգի տարիների իմ աշխատանքը:
-Երգից բացի, եկամտի այլ աղբյուր, բիզնես ունե՞ք:
-Չունեմ, փառք Աստծո, իմ աշխատանքն ինձ բավականացնում է իմ կարիքները հոգալու համար:
-Դուք նաեւ երգերի հեղինակ եք, վաճառո՞ւմ եք դրանք:
-Հիմնականում ես եմ կատարում իմ գրած երգերը: Գումարով չեմ գրում, բայց ընկերներիս երգեր նվիրել եմ:
-Աշխատանքից դուրս` ինչո՞վ եք զբաղվում:
-Մարզվում եմ, հաճախում եմ մարզասրահ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս