ՀԱՐՑ. Ամուսինս 2008թ. հանկարծակի հիվանդացավ եւ հիմա առաջին կարգի հաշմանդամ է: Աշխատանքային գրքույկն ու մնացած փաստաթղթերն ուղարկեցինք սոցբաժին, եւ 19 հազար դրամ թոշակ ստացավ: Արդյոք առաջին կարգի հաշմանդամներն այդքան քիչ թոշակ են ստանում: Ասեմ, որ «Երկրապահ»-ի անդամ է, պատերազմի մասնակից: Քանի որ վիճակը շատ վատ էր, գնացի արտոնյալ թոշակի (62 տ. 6 ամիս լրանալու դեպքում): Ունեմ 42 տարվա ստաժ, 2008թ. օգոստոսին փաստաթղթերս ուղարկեցի ու ստացա 29 հազար դրամ թոշակ: Հետո, իմ դիմումի համաձայն, դարձա ամուսնուս խնամակալը: Մինչ օրս չհասկացա` որն է խնամակալության դերն ու նշանակությունը: Առայսօր ծախսում եմ 15.000 դրամ դեղերի համար եւ սպասում, թե կառավարությունը երբ պետք է 2500 դրամ ավելացնի: Խնդրում եմ անդրադառնալ իմ բոլոր հարցերին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի՛ Հայկուշ Եղշատյան, Ձեր ամուսնուն` Արտավազդ Վարդեւանի Պապյանին, 2008թ. մայիս ամսից Տավուշի տարածքային բաժնում, 28 տարի 11 ամիս 28 օր աշխատանքային ստաժի հաշվառմամբ, նշանակվել եւ վճարվել է 1-ին խմբով աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ 19.395 դրամի չափով:
Այնուհետեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ա. Պապյանի կենսաթոշակի չափը պարբերաբար վերահաշվարկվել եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28.794 դրամ, 2012թ. հունվարի 1-ից կազմում է 32.294 դրամ:
2008թ. սեպտեմբերից, վերը նշված օրենքի համաձայն, Ձեզ, 41 տարի 10 ամիս 11 օր աշխատանքային ստաժի հաշվառմամբ, նշանակվել եւ վճարվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, որի չափը սահմանված կարգով պարբերաբար վերահաշվարկելուց հետո 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35.826 դրամ, 2012թ. հունվարի 1-ից կազմում է 38.326 դրամ:
Կենսաթոշակը վերահաշվարկելու համար 18.10.2010թ. դիմել եք տարածքային բաժին` ներկայացնելով Մովսես համայնքի ղեկավարի 05.09.2008թ. համար 58 որոշումը` 1-ին խմբի հաշմանդամ Ա. Պապյանին խնամակալ ճանաչվելու մասին:
շարունակելի
Սոցիալական ապահովության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացվածը կենսաթոշակային հերթական խառնաշփոթի մասին պատմություն է, երբ անօգնական քաղաքացուն կիսատ-պռատ վճարելով` խաչիկյանական կոռուպցիոն բուրգն իր սեւ գործն է արել: