Ազատամարտիկ Արմեն Աբրահամյանը, ով պատերազմի դաշտում 4 անգամ կոնտուզիա է ստացել, այսօր իր ընտանիքի հետ միասին բնակվում է Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղի խոնավ, անբարեկարգ, 1 սենյականոց նկուղում: Այցելելով Արմենին եւ նրա ընտանիքին` ականատես եղանք ծայրահեղ աղքատության: Արմենն արդեն հաշմանդամ է եւ պատերազմից հետո գրեթե անընդունակ որեւէ ֆիզիկական աշխատանք կատարելու:
Տան հոգսն իր վրա էր վերցրել Արմենի կինը` Քրիստինեն, ով աշխատում էր, որպեսզի կարողանա հոգալ ընտանիքի ապրուստը: Սակայն վերջերս ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով նա նույնպես այլեւս ի վիճակի չէ աշխատել: Կինն ունի նեւրոզ, ստամոքսի խոց եւ մի շարք կիստաներ, իսկ վերջերս էլ ուշագնաց է եղել:
Քրիստինեն մեզ հետ զրույցում մեկ առ մեկ ներկայացրեց Արմենին շնորհված մեդալները, այդ թվում «Արցախյան մայրերի երախտագիտության», «Զորավար Անդրանիկ» մեդալները, որոնք վերջերս են շնորհվել ամուսնուն: Այնինչ նման պարգևների արժանացած ազատամարտիկի ընտանիքը գոյհատեւում է ընդամենը 32 000 դրամ նպաստով, որը նույնիսկ կոմունալ վճարներին եւ օրական գոնե 1 անգամ նորմալ սնվելուն չի բավականացնում: Իսկ ծերության կենսաթոշակ էլ դեռ չեն ստանում:
«Անգամ զինվորական թոշակից է Արմենը զրկված, ասում են` կամ ինչ-որ թուղթ է պակասում, կամ էլ ձգձգում են, հիմա թղթերը նորից ենք ներկայացրել ու դեռ սպասում ենք», -բացատրեց Քրիստինեն:
Ընտանիքում 3 անչափահաս երեխա կա` 7-ամյա Մերին, 13 -ամյա Արմինեն, 17- ամյա Թագուհին£ Արմենը, նրա ծեր մայրը, կինն ու երեք աղջիկները քնում ու արթնանում են մի սենյակի մեջ, սենյակ ասվածն էլ, ինչպես նշեցինք, խոնավ նկուղ է: Սակայն չնայած ծայրահեղ ծանր պայմաններին, երեխաները գերազանց են սովորում ու ամենակարեւորը հպարտանում են իրենց հայրիկով:
Մայրն ասաց, որ խանութում ունեն 70 -75 000 դրամի սննդի պարտք, սակայն նա չգիտի, թե ինչպես է դա մարելու: Մեր այցի ժամանակ տունը զրկված էր նաեւ հոսանքից` պարտքերի պատճառով: Սա է մեր ցավալի իրականությունը. հայրենիքի համար իր կյանքը չխնայած ազատամարտիկի ընտանիքին այսօր ոչ միայն ձեռք մեկնող չկա, այլեւ նա զրկված է իրեն հասանելիք զինվորական թոշակից, որը կյանքի գնով է ձեռք բերել:
Արեւիկ Հակոբյան