2008 թվականից իշխանությունն իր ձեռքը վերցրած ու բազում ձախողումներ գրանցած Սերժ Սարգսյանի իշխանության մոտ մի բան, այնուամենայնիվ, լավ է ստացվում. վարկ վերցնելը: Իսկ թե ով եւ ինչ միջոցներով պետք է մարի դրանք, այս պահին որեւէ մեկին չի հետաքրքրում: Գլխավորն այն է, որ ՀՀ նախագահի կողմից ԱԺ-ում համաձայնագիր է ներկայացվել, որը պետք է վավերացվի: Ավելորդ հարցեր տալը կարող է ճակատագրական դառնալ իշխանական պատգամավորների համար:
Երեկ ԱԺ-ում բավականին բուռն քննարկվում էր ՀՀ նախագահի ներկայացրած 2014-ի մայիսի 23-ին ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը. դրանով նախատեսվում է 30 մլն դոլար վարկի ստացում, որը պետք է ծախսվի նախադպրոցական, դպրոցական, բուհական խնդիրների լուծման վրա:
Իսկ ինչպե՞ս պետք է ծախսվի գումարը: Այս կարեւոր հարցի պատասխանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տվեց` մանրամասնելով, թե կոնկրետ ինչ են անելու այդ վարկով. «Շինարարական աշխատանքների համար նախատեսված է 17 մլն դոլար, ապրանքների ձեռքբերման համար` 7 մլն 330 հազար դոլար, խորհրդատվության համար, այդ թվում նաեւ միջազգային խորհրդատվության համար` 4 մլն 181 հազար դոլար, դրամաշնորհների համար` 7 մլն 580 հազար դոլար, վերապատրաստման համար` 560 հազար դոլար, գործառնական ծախսերի համար` 569 հազար դոլար: 20 տոկոսի չափով էլ պետք է համաֆինանսավորի պետբյուջեն` 5 տարիների ընթացքում»:
«Կրթական ծրագիրը շատ սիրուն է, բայց մեզ անհանգստացնում է այն, որ արտաքին պարտքը հասել է սահմանագծին: Նաեւ անհանգստացնում է սուբյեկտի պակասելը ՀՀ դպրոցներում… ձեր մոտ` կառավարության մեջ, գոնե մի հոգի մտահոգվե՞լ է, որ սրանով պետական պարտքն ավելի է մեծանում»- տարակուսեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը` մանրամասնելով, որ մայիս ամսին արդեն 100 մլն դոլար պետք է ուղղվի եվրոբոնդերի սպասարկմանը, որի տոկոսների մարման համար տարեկան 42 մլն դոլար է հատկացվելու, իսկ 2020թ. եվրոբոնդերի գումարը կկազմի 700 մլն դոլար:
«Վարկերի պատճառով ՀՀ-ն կորցնում է իր ինքնիշխանությունը: ՀՀ արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի կեսը: Կա վարկ` անարդյունավետ է ծախսվում: Օրինակ` Գիլյոտին ծրագրի հետ կապված 2 տարում ստացել ենք 1.3 մլն եվրո վարկ: Այդ ծրագիրը փուչ ծրագիր է, որովհետեւ կես միլիոն դոլարը միայն աշխատակազմի գումարն է: Միայն շենքային պայմանների համար 130 հազար պետք է մուծվի: Ծրագիրը ավարտվելու է ու դրա արդյունավետությունը վերահսկելու համար մոտ 1 մլն եվրո էլ գալու է: Ստեղծվելու է երկրորդ հիմնարկը, որի աշխատակազմի համար 400 հազարից ավելի գումար է գնալու: Շատ չի՞ շքեղությունը: Մեր վարկային քաղաքականությունը սա է` աննպատակ մսխվող գումարներ»,- հայտարարեց Ա.Մանուկյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հետաքրքրվեց` հնարավո՞ր է այդ վարկային միջոցների հաշվին հիմնանորոգել Արարատի մարզի դպրոցներից մեկը, որը ծայրահեղ ծանր վիճակում է: Նա ասաց, որ ուսումնական պրոցեսի մասնակիցների գլխին առաստաղից ջուր եւ այլ նյութեր են թափվում: Արմեն Աշոտյանը դրական պատասխան տվեց` հայտնելով, որ միջոցները հավասարաչափ բաշխվելու են Հայաստանով մեկ. «Առնվազն ամեն մարզից մեկ ավագ դպրոց է վերակառուցվելու, Լոռիում եւ Շիրակում նախատեսել ենք 2-ական դպրոց, մնացած գումարներն ուղղվելու են Երեւան: 17-20 դպրոց է ընդհանուր առմամբ: Հաշվի են առնվելու, թե տվյալ բնակավայրում այդ դպրոցը կրթության ինչպիսի նախապատմություն ունի»:
Մեկ այլ ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էլ մտահոգվեց, որ 4 մլն դոլար ծախսվելու է միայն խորհուրդ հարցնելու վրա: «Չե՞ք կարծում, որ շարունակվում է այդ տխրահռչակ քաղաքականությունը խորհրդատվություններով գումարներ փախցնելու: Սոցապնախարարն էլ ասաց, որ 1 մլն 100 հազար դոլար խորհրդատվության համար էր կրկին ծախսում: Ստացվում է, որ կառավարությունը 5 մլն 100 հազար դոլար խորհրդատվության համար է ծախսում` պարտքերն էլ թողնելով մեր ապագա սերունդների` մեր վզին». Վահան Բաբայանի այս հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես թաքցնելու բան չունեմ: Եթե դուք ուզում եք հետեւել այդ միջոցների ծախսին, դուք այդ իրավասությունը ունեք: Կարող եք հետեւել բյուջեի հաշվետվության ժամանակ, ՎՊ տարեկան զեկույցի ժամանակ կամ ինքներդ հայտնաբերելով խնդիրներ: Ցանկացած շինարարություն պահանջում է լրջագույն խորհրդատվություն եւ մոնիտորինգ»:
Արամ Մանուկյանն էլ հիշեցրեց, որ վարկերն ունեն խոցելի հատկություն` հիմնականում վարկ վերցնողը չի վճարում այն: Բնականաբար, բոլոր երկրները վարկ վերցնում են` պատասխանատվության սեփական չափով: Կան նաեւ միջազգային նորմեր, երբ վարկերն անցնում են թույլատրելիության սահմանը: Մենք մոտեցել ենք այդ սահմանին: Սա է անհանգստացնում մեզ: 15 տարի առաջ Հայաստանում կար 600 հազար աշակերտ: 250 հազար աշակերտ դպրոցներում պակասել է: Այսօր Հայաստանի դպրոցների շենքային պայմանների ընդամենը 52 տոկոսն է օգտագործվում: Իսկ վարկերի վիճակը մեզ մոտ շատ տխուր է: 5 տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը կազմել է 4.5 մլրդ դոլար, մեծացել է ուղիղ 3 անգամ: Պարտքերը կազմում են մեր ՀՆԱ-ի մոտ 46 տոկոսը: «Ինչքա՞ն կարելի է անպատասխանատվությամբ այսօրվա վարկը գցել վաղվա եկողների վրա ու արագացված տեմպերով: Սա կոլեկտիվ պատասխանատվության խնդիր է» հիշեցրեց պատգամավորը:
Սակայն սթափության կոչը տեղ չհասավ. փող է պետք:
Ալբերտ Խուրշուդյան