Փ. Հայրապետյանը պահանջում է առերեսում Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար, սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը մի քանի անգամ կանչվել է օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման, սակայն գործարարը հրաժարվել է ներկայանալ առերեսման:

«Ես դրա հետ գնամ առերեսման, դա ի՞նչ կտա, ոչ մի բան: Սուքիասյանը վերջին մարդնա: Իրանից առաջ էնքան մարդ կա, որ պիտի կանչեն, ու՞ր ա, չկան: Առաջին հերթին պիտի մինիստրի հետ առերեսում անեն, քննեն: Բանկի հետ քննեն: Իմ ունեցածը վերցրել է բանկը, սխալ ծրագիր ա կազմել, սխալ փողերը փոխանցել ա Կճոյանի, Սարգսյանի անուններով: Սրանք առանց ճշտելու կարան նենց բաներ անեն, էլ դու սուս»,-Armlur.am-ի զայրացած ասաց գործարարը` հավելելով, որ Աշոտ Սուքիասյանը հայտարարում է, թե իրեն ստել են, իսկ թե ով է ստողը, ոչ ոք չգիտի:

«Խաբել են, չեն խաբել, իմ ինչ գործն ա: Բիզնես ծրագիր ունեին, թող բանկը բիզնես ծրագրով էդ գումարները փոխանցեր: Եթե վարչապետին ու Կճոյանին չբերեն, ես Աշոտի հետ առերեսման ոչինչ չունեմ»,- շարունակելով խոսքն` ասաց Փայլակ Հայրապետյանը:

Վերջինս վստահեցրեց, որ եթե չապահովվի Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ առերեսումը, ապա ինքն անելու ոչինչ չունի:

«Եթե երկիրն անտեր է, թող այդպես էլ լինի: Բայց ես գիտեմ, որ դատախազ կա, նախագահ ունի, վարչապետ ունի: Հո անտեր չի՞: Տեր կա՞ չէ էս երկրին»,- ասաց Փայլակ Հայրապետյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ իրեն մի քանի անգամ կանչել են առերեսման, սակայն ինքը հրաժարվել է ներկայանալ:

 




Լրահոս