Դա մեզ չի անհանգստացնում. Շարմազանովը՝ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կամ աշխարհում չեմ ճանաչում մի այնպիսի  քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ, որը հայտարարում է, թե ինքը մտնում է քաղաքականություն՝ անձնական խնդիրները լուծելու համար: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո  այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդը ծավալուն հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին, որում նշել էր.

«Ես չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ես իշխանություն չեմ ուզում, որ փող աշխատեմ, հարստություն դիզեմ, իմ բարեկամներին աշխատանքի տեղավորեմ»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս հանդիպել են և որոշել են գնալ մարզային այցելության, ինչպե՞ս եք վերաբերվում դրան՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Առաջին անգամը չէ, որ տարբեր քաղաքական գործիչներ երկուսով, երեքով, չորսով, հինգով, նույնիսկ տասով, մեկ-մեկ էլ միայնակ հանդիպում են: Այսինքն, այստեղ ես որեւիցե խնդիր չեմ տեսնում: Յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է որոշում իր մարտավարությունը, եւ ՀՀԿ-ն երբեք չի քննարկել այդ քաղաքական ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունը: Դա բացառապես իրենց խնդիրն է, եւ ես այստեղ ասելիք չունեմ: Կուզեն՝ կհամագործակցեն, չուզեն՝ չեն համագործակցի: Դա իրենց խնդիրն է, դա մեզ չի էլ անհանգստացնում»:

Անդրադառնալով քառօրյային, նա նշեց, որ առաջին քառօրյային ամենակտիվն ու ամենապարտաճանաչը եղել է Հանրապետական խմբակցությունը։

«Հանրապետական մեծամասնությունը բավականին ակտիվ աշխատել է այս քառօրյային, եւ մինչեւ վերջին րոպեին ակտիվ բանակցություններ էին ընթանում։ Այսօր օրինակ ժամը չորսից հետո քսան հոգի նստած էր ՀՀԿ-ից, չորսը՝ մյուս քաղաքական ուժերից, քաղաքական ուժ կար նույնիսկ, որ ներկայացուցիչ չուներ։ Ամենապարտաճանաչը եղել է Հանրապետական խմբակցությունը»,- ասաց նա։




Լրահոս