«Հայրն էլ ա հիվանդ, բայց խելոք գիժ ա». մկրատով մորը սպանած տղան հոգեբուժարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

22-ամյա Յուրիկ Ավագիմովը, ով մոտ երկու տարի առաջ սպանել էր մորը, շարունակում է գտնվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում:

Ինչպես Armlur.am-ին տեղեկացրեց Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավար Հովիկ Գրիգորյանը, Ավագիմովի հայրը նույնպես հոգեպես անառողջ է, սակայն շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, անգամ աշխատում է:

«Յուրիկի հայրը` Ստեփանը, Տաշիրում եզդիների հետ անասնագոմում է աշխատում: Կարողանում է գումար վաստակել: Ինքն էլ հոգեկանի հետ խնդիրներ ունի, բայց «խելոք գիժ ա»: Քուրը վերջերս ամուսնացավ: Փոքր եղբայրը սովորում ա: Գյուղում ուրիշ հարազատ չունեն»,- տեղեկացրեց համայնքի ղեկավարը` հավելելով, որ Պետրովկայի բնակիչներիի համար նախկինում Յուրիկը վտանգավոր չի եղել, քանի որ հարազատները նրան տանից դուրս գալ չէին թողնում:

Հիշեցնենք, որ Յուրիկ Ավագիմովը իրենց բնակարանում սպանել էր մորը` Սուսաննա Դավոյանին, ում դին սպանության հաջորդ օրը հայտնաբերվել էր իրենց տան մոտ գտնվող հողամասում:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նրան ազատազրկման չդատապարտեց: Կայացված վճռի համաձայն` Յ. Ավագիմովը ազատվում է քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ կիրառվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` տեղավորելով հոգեբուժական հիվանդանոցի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում:

Նշենք, որ Ավագիմովի մոտ մշտապես նկատվել են հոգեկան խանգարումներ, ինչը պատճառ էր դարձել նրան Վանաձորի նյարդահոգեբանական դիսպանսեր տեղափոխելու համար: Այստեղ որոշ ժամանակ մնալուց հետո նա դուրս է գրվել և սկզբում իրեն հանգիստ պահել: Սակայն ավելի ուշ սկսել է կռվել մոր հետ, ծեծել նրան և ստիպել, որ իրենց բնակարանի ցուրտ սենյակում գիշերի:

Իսկ ավելի ուշ մորը սկսել է մեղադրել իրեն հոգեբուժարան տեղափոխելու մեջ, և մկրատով սկսել հարվածել նրան ու սպանել:




Լրահոս