«Zham.am»-ը ներկայացրել է հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ.
– Դուք անցյալ շաբաթ մեծ պատվիրակությամբ գտնվում էիք Չինաստանում: Առաջին հարցը գուցե սկսենք հենց այդ ուղևորությունից:
– Այո՛, չինական կողմի հրավերով ես մի խումբ պատգամավորների հետ այցելել էի Չինաստան: Ունեցել ենք կարևոր հանդիպումներ: Առիթից օգտվելով` ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Չինաստանի իշխանություններին` նման բարձր մակարդակով այցը կազմակերպելու համար:
Ես գոհ եմ հանդիպումների որակից և տեսնում եմ լուրջ հնարավորություններ մեր երկրի համար: Գիտեք, մեր տնտեսությունը մի կաթիլ է չինական հնարավորությունների օվկիանոսում, և այնպես չէ, որ նրանք առանձնապես հետաքրքրված են մեզնով: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ մարդկանց ճիշտ ձևով ներկայացնել մեր խնդիրը, առաջարկները: Սա շատ կարևոր է, որպեսզի քննարկումները օդում չմնան: Ես հենց այս խնդիրն եմ փորձել լուծել` ներկայացնելով Հայաստանի տնտեսական հնարավորությունները և առաջարկները: Ես հատկապես տպավորվել եմ չինական տնտեսության զարգացման տեմպերով, այդ երկրում գործարար մարդու հանդեպ հարգալից վերաբերմունքով: Ինձ հաճելիորեն զարմացրեց նաև այն բարենպաստ բիզնես միջավայրը, որում գործում են փոքր, միջին, ինչու չէ` նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Եվ հատկապես մեր չինացի գործընկերները նշում էին, որ գործարարին խանգարելը, ճնշելը, խստիվ պատժվում է պետության կողմից, որի արդյունքում էլ կոռուպցիայի դեմ պայքարը այս երկրում բավականին բարձր մակարդակի վրա է: Եվ այստեղ մենք շատ բան ունենք սովորելու չինացիներից:
Չինաստանը լուրջ հաջողությունների է հասել և շատ խիստ է պայքարում կոռուպցիայի դեմ: Մենք սովորելու շատ բան ունենք և, վստահեցնում եմ, անպայման սովորելու ենք: Իշխանական համակարգի կոռուպցիան տնտեսության և երկրի զարգացման ամենածանր խոչընդոտն է:
Պայքարի մեթոդները պետք է լինեն խիստ ու անզիջում, և ժողովուրդը ամեն օր պետք է զգա փոփոխությունը: Ոչ մի ներում չպետք է լինի` ուսուցչի, բժշկի, սպայի, գիտնականի, ուսանողի փողը գողացող չինովնիկին: Շատ օրինակներ կարող եմ բերել` այդ կոռուպցիոն մեխանիզմները պետք է ջարդել: Հաճախ իրենց բիզնեսների համար պաշտոնյաները խեղդում են ուրիշների բիզնեսները: Այդպես երկիր չի զարգանում:
– Հասկանալի է, որ մեկ այցի ընթացքում հնարավոր չէ ձեռք բերել բոլոր պայմանավորվածությունները: Այնուհանդերձ, ըստ ձեզ, որո՞նք են այն հիմնական բանաձևերը, որ քննարկվել են և որոնք կարող են մեծ գործի սկիզբը հանդիսանալ:
– Նախ, ես իմ բոլոր հանդիպումների ընթացքում միանգամից ասել եմ` ես չեմ հետապնդում անձնական շահ. իմ խնդիրն է, որ դուք գաք` իմ երկրում գումար ներդնեք, իմ երկրում նոր աշխատատեղ բացվի, իմ երկրում հարկ վճարեք: Ես ասել եմ, որ կարող եմ լինել կապող օղակ չինացի գործարարների և հայ գործարարների միջև` ցանկացած ոլորտում, որտեղ նրանք հետաքրքրված են: Կարող եմ իմ անձնական գումարներով երաշխավոր դառնալ, որ ձեզ չեն խաբի, չեն նեղացնի, չեն «գցի»: Էլի եմ ասում` չհետապնդելով անձնական շահ:
Ես առաջարկել եմ` Երևանում անցկացնել խոշոր հայ-չինական բիզնես ֆորում: Ասել եմ` եկեք տարբեր ոլորտների գործարարներով` 50-100 հոգով, բոլոր ծախսերը ես վերցնում եմ ինձ վրա:
– Դուք ասում եք` ես կդառնամ երաշխավոր, որ ձեզ չխաբեն, «չգցեն»: Բայց դուք այս պահին իշխանություն չեք, ի՞նչն է տալիս ձեզ նման վստահություն, որ դուք այդպիսի ծանր պատասխանատվություն եք վերցնում:
– Ես լիովին հասկանում եմ ձեր հարցը և շատ անկեղծ կպատասխանեմ: Ինձ գործելու վստահություն տալիս է ժողովրդի մոտ իմ ունեցած հարգանքը, և մեր տնտեսության այսօրվա վիճակը: Ես տեսնում եմ, որ սպասելու ժամանակ մենք չունենք: Մեր տնտեսությունը ունի շատ լուրջ պրոբլեմներ, և վաղը կարող է ուշ լինել: Ես մի օրինակ բերեմ, որը շատ բանի մասին է խոսում: Չինական մի լուրջ ընկերություն Վրաստանում ներդրումներ է արել, բացել նոր, ժամանակակից գործարան: Հումքը տանում են Հայաստանից, քանի որ Վրաստանում այն չկա, բայց ներդրումները անում են Վրաստանում, ընդ որում` հումքը տեղափոխելիս , բնականաբար, անում են լրացուցիչ ծախսեր` տեղափոխության հետ կապված և այլն: Այս հարցն ունի շատ պարզ պատասխան` Հայաստանում ներդրումային միջավայրը լավը չէ, օտար ներդրողները չունեն անհրաժեշտ վստահություն ու երաշխիքներ: Ուղղակի նայեք, թե վերջին տարիներին ներդրումների ծավալները որքան են նվազել, և ամեն ինչ պարզ կդառնա:
– Խոսենք նաև հաջողություններից: Չինաստան մեկնելուց մեկ օր առաջ դուք օդանավակայանում դիմավորում էիք Չինաստանից վերադարձող մեր օլիմպիական հավաքականին, ովքեր, եթե չեմ սխալվում, յոթ մեդալ են բերել: Սա կանխատեսելի՞ էր, թե ոչ:
– Առաջին հերթին սա երկար տարիների գրագետ, ծանր աշխատանքի արդյունք էր: Իսկ կանխատեսել, թե քանի մեդալ, քանի ոսկի կլինի, ոչ ոք չի կարող:
Գիտեք, հաջողության համար միայն ցանկությունը հերիք չէ: Պետք է իմանալ` ինչպես անել, ճիշտ քայլերը որոնք են, պետք է իմանալ այդ քայլերի հերթականությունը: Սա վերաբերում է բոլոր ոլորտներին, եթե կուզեք` տնտեսությանը առաջին հերթին:
Մենք այդ թիմին շատ երկար տարիներ ենք պատրաստել այդ հաջողությանը: Մենք ստեղծել ենք պայմաններ, մրցակցություն: Կիրառել ենք մարզումների նոր մեթոդոլոգիաներ, մարզիչները հնարավորություն են ունեցել կատարելագործվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու:
Ինչպես ընտանիքում է, այնպես էլ` պետության մեջ. պետությունը այդ պատանիներին պետք է վերաբերվի որպես իր հարազատ երեխաների` լինի արդար, լինի հոգատար, լինի խստապահանջ:
Տեսեք, այդ պատանիներից յուրաքանչյուրը՝ օլիմպիական մեդալը վզին, արդեն միլիոն արժեն և շատ պետություններ կուզենան իրենց մոտ տանել, իրենց դրոշի տակ պահել այս պատանիներին:
Մեզ սպասում է դժվար աշխատանք, մեծ ծավալի գործ: Մենք տաղանդավոր երեխաներ շատ ունենք: Տաղանդավոր երեխայից մինչև չեմպիոն ճանապարհը շատ բարդ է: Բայց մենք անպայման լուծելու ենք խնդիրները:
Այսօր ես իմ անձնական միջոցներով կառուցում եմ նոր օլիմպիական համալիր, նոր մարզադպրոցներ Հայաստանի տարբեր քաղաքներում ու բնակավայրերում: Դա իմ համար չէ, ես դրանից մեկ դրամի օգուտ չեմ ունենալու: Դա պետության և ժողովրդի համար է:
Երբ մենք կարողանանք ողջ Հայաստանով ունենալ լավ մարզադպրոցներ, լավ մարզիչներ, լավ գույք, մեր գյուղերի ու քաղաքների բոլոր լավ երեխաները ունենան մարզվելու հնարավորություն, մենք կունենանք նոր չեմպիոններ, նոր հաղթանակներ ու ավելի շատ դահլիճներ կկանգնեն մեր դրոշի ու հիմնի տակ:
– Անցնենք քաղաքականությանը: Ի՞նչ խնդիրներ եք դուք այսօր լուծում քաղաքական դաշտում և ո՞րն է դրանցից ամենակարևորը Ձեզ համար:
– Ես տեսնում եմ խնդիրներ և պատրաստ եմ դրանք լուծել պետության մեջ` երկրի համար, ժողովրդի համար: Բայց ես երբեք չեմ մտել և չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առևտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում:
Ես շատ լավ գիտեմ Հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճիշտ հասկացեք, ինձ համար դա օտար և անհետաքրքիր զբաղմունք է:
Եթե ես քաղաքական դաշտում մտածեի անձնական շահի մասին, ապա ես ընդհանրապես չէի մտնի քաղաքականություն: Ես շատ հանգիստ կարող էի ապրել միայն իմ, իմ ընտանիքի, իմ մերձավորների համար: Ի՞նչն էր ինձ խանգարում. ոչ մի բան:
Բայց, տեսնելով, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան, տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ է ապրում, մարդիկ թողնում են իրենց տները, հեռանում օտար երկրներ, հուսահատությունն ու անարդարությունը մեծ է երկրում, ես չկարողացա անտարբեր մնալ, ես չուզեցի մի կողմ քաշվել ու ապրել միայն ինձ համար: Սա է քաղաքական դաշտում լինելու իմ միակ դրդապատճառը:
– Բայց Ձեր բարձր ժողովրդականությունը, բարձր վարկանիշը պարտավորեցնող են, և գաղտնիք չէ, որ հասարակության և քաղաքական դաշտի զգալի հատվածը առաջիկա փոփոխությունները կապում են նաև ձեր անձի հետ:
– Ընդհանրապես մարդու հեղինակությունն ու հարգանքը ձեռք է բերվում աշխատանքով ու կենսագրությամբ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական վարկանիշին, ապա ես դրա մասին շատ չեմ մտածում: Ես աշխատում եմ մարդկանց չխաբել, իմ սկզբունքներից չհրաժարվել, քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում պայմանավորվածություններ չխախտել:
Եվ երևի ամենակարևորը` ես չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ես իշխանություն չեմ ուզում, որ փող աշխատեմ, հարստություն դիզեմ, իմ բարեկամներին աշխատանքի տեղավորեմ:
Ես շատ լավ գիտեմ մեր երկրի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ մեր երկրի տնտեսությունը, ես շատ լավ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եվ վերջապես` ես պատկերացնում եմ, թե այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպես պետք է լուծել: Ես լավ գիտեմ սփյուռքի գործարար հնարավորությունները, և գիտեմ, թե ինչպես պետք է դա ի շահ մեր երկրի օգտագործել, ես գիտեմ, թե ինչպես կարելի է օտարերկրյա խոշոր ներդրումներ բերել Հայաստան ու նոր աշխատատեղեր, նոր հնարավորութուններ ստեղծել երկրում:
– Կոնկրետ ի՞նչ քայլեր եք պլանավորում դուք և ԲՀԿ-ն:
– Նախ, ես հպարտ եմ, որ կարողացել եմ ձևավորել գրագետ քաղաքական թիմ ԲՀԿ-ում, և այսօր ԲՀԿ-ի բարձր հեղինակությունը պայմանավորված է նաև այդ մարդկանց աշխատանքով: Նշեմ, որ մեր կուսակցության մեջ տիրում է խնդիրները քննարկելու ազատ մթնոլորտ: Եվ որոշումները կայացվում են հենց այդ մթնոլորտում խնդիրները քննարկելուց հետո: Եվ մենք կարևորում ենք նույնանման քննարկումները այլ քաղաքական ուժերի և հասարակական խմբերի հետ:
Մոտակա ժամանակներում ես պլանավորում եմ քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ` քաղաքական կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ հիմա կա նման հանդիպումների անհրաժեշտությունը: Եվ ակնհայտորեն կա նման ցանկություն շատերի մոտ:
Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս հանդիպումները շատ կարևոր են` մոտեցումների հստակեցման, տեսակետների փոխանակման և առաջիկա անելիքների քննարկման համար:
– Մեր երկրի, ժողովրդի խնդիրները քիչ էին, հիմա էլ դրվում է սահմանադրական փոփոխությունների հարցը: Ձեր տեսակետը ո՞րն է:
– Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու:
– Բայց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները, իրենց ասելով, ժողովրդի հետ տարբեր մարզերում քննարկումներ են անում:
– Այսինքն` Ձեր ասած հանձնաժողովի անդամները գնացել են գյուղեր` բերքահավաքի, աշխատանքների ամենախառը փուլում, երբ գյուղացին չունի սերմնացու, տեխնիկա, վառելիք, կարկուտից հսկայական վնասներ է կրել, բանկերում գրավ է դրել իր տունն ու հողը, ու ասել են` սիրելի գյուղացի, դրանք բոլորը կարևոր չեն, ամենակարևորը սահմանադրությո՞ւնն է: Թող քո երեխան ու ծնողը սոված լինեն, դեղի, հագուստի փող չունենան, բայց դրանք մի կողմ դիր, արի իրար հետ քննարկենք Սահմանադրությունը: Այդպե՞ս է եղել: Սա լուրջ չէ:
Թե՞ գնացել են քննարկելու ադրբեջանական բանակի կողմից գնդակոծվող գյուղերում: Թե՞ աղետի գոտում են քննարկել, թե՞ ավտոկայաններում ու օդանավակայնում են քննարկել, որտեղից մարդիկ ընտանիքներով արտագաղթում են:
Սահմանադրությունը լուրջ խնդիր է, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա` անլուրջ վերաբերվել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել:
Եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ Բարգավաճ Հայաստանը նույնպես կքննարկի` դահլիճներում և հրապարակներում: Մենք կվերցնենք ամենալավ դահլիճները, կհրավիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկենք, մեր փաստարկները կբերենք, կլսենք ուրիշներին:
Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների` մարզերում, Երևանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ` ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման:
– Սովորաբար, երբ ձեր քաղաքական հակառակորդները ձեր դեմ որևէ վատ բան են ուզում գրել կամ ձեր շուրջ անվստահություն առաջացնել` ասում են, որ դուք երբեմն հանդիպումներ եք ունենում իշխանության որոշ ներկայացուցիչների հետ: Եկեք խոսենք դրա մասին և այս հարցը մեկընդմիշտ փակենք:
– Ես հանդիպումներ եմ ունենում շատ շատերի հետ: Թե՛ արմատական ընդդիմության հետ, թե՛ հասարակական ակտիվիստների, թե՛ քաղաքագետների, առաջին և երկրորդ նախագահների, Հայաստասնում հավատարմագրված դեսպանների հետ: Ես հանդիպումներ ունենում եմ նաև իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, և ես դա համարում եմ շատ կարևոր:
Օրինակ, ես չէի կարող սահմանին լարվածության ժամանակ չզանգել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, չհետաքրքրվել իրավիճակով և չհայտնել իմ պատրաստակամությունը` ցանկացած հարցով աջակցելու:
Ես անհրաժեշտության դեպքում հանդիպում եմ Սերժ Սարգսյանին: Իրենից եմ ճշտում իր տեսակետները որոշ խնդիրների նկատմամբ, ներկայացնում եմ իմը: Ձևակերպում եմ իմ մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ:
Մենք նույն երկրում ենք ապրում, մի փոքր երկրում, որն ունի բազմաթիվ խնդիրներ: Եվ քննարկելն ավելի լավ է, քան` չքննարկելը: Չքննարկելուց երկրի ու ժողովրդի համար ոչ մի խնդիր չի լուծվում:
Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու: Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետևից խոսեն: Ես ուզում եմ` մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն` այդ ավանդույթը կոտրելու:
Երբ ես ասում եմ միմյանց վիրավորելու, վարկաբեկելու անթույլատրելիության մասին, հասկանալի է, որ ես նկատի չունեմ քննարկելը, բանավիճելը, տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունենալը, քննադատելը: Բայց դա պետք է լինի առարկայական, փաստերով: Ես պատրաստ եմ ինքս լսել ու ընդունել ցանկացած հիմնավոր հակառակ կարծիք ու քննադատություն:
– Իմ վերջին հարցը վերաբերում է ոչ իշխանական ուժերի քառյակի հեռանկարին: Դուք լավատե՞ս եք, թե՞ ոչ այնքան: Եվ որո՞նք են լինելու անձամբ ձեր քայլերը:
– Ես հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից: Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով:
Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա որքան էլ ես կարևորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարևորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, և որը է՛լ ավելի է ուժեղացնելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:
Սահմանադրական բարեփոխումների մասին «սուտ պատկեր չի կարելի ստեղծել»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ