Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի հրահանգով մարզում մի շարք ՀՀԿ-ականներ ուղղակի աշխատում են ԲՀԿ-ի օգտին: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով, վերջերս մարզում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Գևորգ Մալխասյանին և նախկին մարզպետ, դարձյալ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին` Ուդոյին: Նրանք խոստացել են մեծամասնականով պաշտպանել ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանին, իսկ համամասնականո՞վ… ԲՀԿ-ի համար աշխատելու հորդորներով Սևան է հասել նաև էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, որը անձնական թշնամանք ունի Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերգեյի հետ: Ու քանի որ տեղի ՀՀԿ-ականները, չունենալով սեփական թեկնածու, հիմնականում աշխատում են Սերգեյի փեսա Կարեն Բոթոյանի համար, դա դուր չի եկել ՀՀԿ շտաբի պետին ու իր կողմնակիցներին:
Ի դեպ, ԲՀԿ-ն այստեղ բավականին հետաքրքիր իրավիճակ է ձևավորել: Միանգամից երկու թեկնածուների է առաջադրել նույն 23 ընտրատարածքում, սևանցի էդուարդ Սահակյանը` պաշտոնապես ԲՀԿ-ի կողմից, իսկ վարդենիսցի Սմբատ Սիմոնյանը` ինքնաառաջադրմամբ, բայց դարձյալ “Կառուցենք բարգավաճ երկիր” կարգախոսով ու Ծառուկյանի հետ գովազդային պաստառներով: Երկակի խաղ է խաղում նաև Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը. նա Վարդենիսում հորդորում է ընտրել Սմբատին, իսկ Սևանում` էդուարդին:
Թերթը հիշեցնում է, որ թիվ 23 ընտրատարածքում պատգամավոր Հրանտ Մադաթյանին չթույլատրեցին առաջադրվել, դրա համար էլ նա իր վիրավորված ինքնասիրությունը փորձում է վերականգնել Էդուարդ Սահակյանի հաղթանակով` հընթացս պառակտելով հարազատ Ծովագյուղը: Թե ինչ կփոխի Սերժ Սարգսյանի այցը մարզում, կներկայացնենք հաջորդիվ: