«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության հպարտություններից մեկը՝ Ազգային պատկերասրահը, ամբողջ տարվա ընթացքում մարդաշատ է լինում: Սակայն ամռան օրերին այն վերածվում է իսկական շոգեբաղնիքի: Այցելելով թանգարան` կտեսնեք շոգից հալումաշ եղած դեմքեր, մի բաժակ սառը ջուր փնտրող կանանց, ինչպես նաեւ կլսեք նմանատիպ խոսակցություններ. «Մի պատուհան էլ բաց չեն անում, ա՜, մոռացել էի, որ թանգարանում եմ, որը հատուկ ջերմաստիճանով է ապահովված»: «Էլ ես շոգին չեմ դիմանում, գնացի»: «Խնդրում եմ`սրտի դեղ հասցրեք, վատացել եմ»:
Բայց պետության դեմքը հանդիսացող օջախը շատ հիմնախնդիրներ ունի. պատկերասրահը ցուցահանդեսներ կազմակերպելու համար չունի մշտական ցուցադրությունների համար հավելյալ ցուցասրահներ, բացի այդ, թանգարանում բացակայում են հովացման համակարգերն ու օդորակիչները: Այստեղ նկարները հանձնված են բնակլիմայական քմահաճույքներին: Ի դեպ, պատկերասրահում արտասահմանցի այցելուները ցանկալի հյուրեր չեն, քանի որ տնօրինությունն անհարմար է զգում այս պայմանների համար: Քանի դեռ մեր հանրապետությունում շարունակում է պահպանվել 40 աստիճան շոգը, պատկերասրահում 10 րոպեից ավելի գտնվել չես կարող: Օդը խեղդուկ է, շունչդ կտրվում է, ուզում ես փախչել այդտեղից: Աշխատակիցների հետ զրույցից պարզեցի, որ այս շոգը ոչ թե նկարները պահպանելու համար է արված, այլ` որովհետեւ միջոց չունեն թանգարանը հովացնելու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: