Եվրամիությունն արգելել է վարկով ֆինանսավորել ռուաստանյան երեք վառելիքա-էներգետիկ ընկերությունները՝ «Ռոսնեֆտը», «Տրանսնեֆտը» և «Գազպրոմը»: ԵՄ արգելել է նաև այդ ընկերությունների 30 օրից ավելի շրջանառման ժամկետ ունեցող արժեթղթերի վաճառքը և մասնակցությունը դրանց թողարկմանը:
ԵՄ-ն սահմանափակել է ռուսական հինգ բանկերին՝ Սբերբանկին, ՎՏԲ-ին, Գազպրոմբանկին, ՎԵԲ-ին և Ռոսսելխոզբանկին վարկավորրման կամ ներդրումային ծառայությունների մատուցումը: Նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել հրապարակման պահից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ֆինանսավորման արգելքի հետ կապված պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի մի շարք պաշտպանական խոշոր արտադրական ձեռնարկությունների հանդեպ:
Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների «սև ցուցակում» ներառվել են ևս 24 անձինք: Այսպիսով ցուցակում ներգրավվածների ընդհանուր թիվը հասավ 119-ի: Պատժամիջոցների են ենթարկվել, մասնավորապես, «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին և այլոք: