Ճիշտ շեշտադրումներով հարցազրույց էր: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին՝ նշեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Ճիշտ շեշտադրումներով հարցազրույց էր, խոսքը բառամթերքին չի վերաբերում, այլ այն շեշտադրումներին, որ նա տվել է: Նա գնահատական է տվել, որ այսպես շարունակել չի կարելի, և պետությունը գնում է փակուղի: Անձամբ ես կիսում եմ այս քաղաքական շեշտադրումները», – նշեց նա:
Անդրադառնալով «Քառյակի» մասին Ծառուկյանի դիտարկումներին՝ Ռ. Հակոբյանը նշեց.
«Քառյակը միասնական և օրակարգային է դարձնում այն հարցերը, որոնք բոլորի կողմից ընդունված են: Սակայն եթե կա հարց, որը բոլորի կողմից ընդունված չէ, ապա ազատ են իրենց գործողություններում: Անկախ գնահատականներից՝ քառյակն այն միավորն է, որը կարող է երկրում փոփոխություններ անել առանց մայդանների», – ընդգծեց նա:
Խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նա նշեց. «Մենք այն կարծիքին ենք, որ այսօր հանրապետությունում չկա սահմանադրական ճգնաժամ, կա ճգնաժամ, որը քաղաքական է և իշխանությունները դա ուզում են ուղղել դեպի սահմանադրական»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել, որտեղ անդրադառնալով «Քառյակին»՝ նշել էր. «Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու, ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով»: