Գ. Ծառուկյանի հարցազրույցում նոր բան էր ասվում. Ա. Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ունենք մեր պատկերացումները սահմանադրական բարեփումների վերաբերյալ,  այստեղ իշխանությունների հետ համագործակցության մասին խոսք չկա: Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունների հետ համագործակցելուն, այս մասին նշեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք մեր տեսակետներն ենք ներկայացրել, և հարցը քննարկել ենք նաև քառյակում: Ես մեծ հաճույքով կարդացի Գագիկ  Ծառուկյանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նոր բան էր ասվում, այլ ոչ թե այն, որ միշտ ասել է ԲՀԿ խմբակցությունը: Նա ասում էր կտեսնեմ, նոր կասեմ: Մեր ասածը դրա շարունակությունն է. ի՞նչն է խանգարում տեսնելուց առաջ քո հայեցակարգերը ներկայացնես», – նշեց նա:

Աղվան Վարդանյանի կարծիքով, քառյակի մյուս ուժերը, բացի ՀԱԿ-ից, այս առումով արդեն մոտենում են իրենց տեսակետին և որպես ասվածի ապացույց բերեց Ծառուկյանի հարցազրույցն ու օրեր անց կայանալիք «Ժառանգության»՝ սահմանադրական բարեփոխումների մասին անցկացվելիք համաժողովը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք այս հարցի վերաբերյալ տարակարծումները կարող են բերել «քառյակի» փլուզման, նա պատասխանեց, թե քառյակի հետ չհամագործակցելու կամ սառեցնելու խնդիր ՀՅԴ-ն չի տեսնում:

Հիշեցնենք, որ երեկ իր հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էր սահմանադրական բարեփոխումների հարցին՝ նշելով. «Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու»:




Լրահոս