«Էդ անասունին խեղդել ա պետք». սպանված նախկին դատապարտյալի հարազատներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին սեփական տան աստիճանների մուտքի մոտ սպանված 44-ամյա Արմեն Հակոբյանի հարազատները վստահ են, որ նրա սպանության մեջ մեղադրվող 32-ամյա Արտակ Մինասյանն առանց լուրջ պատճառների է դանակահարել Արմենին:

Սպանվածի բնակարան այցելած Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում Արմենի հորաքույրը` Օֆելյա Հակոբյանը, հայտնեց, որ իր եղբորորդին հազիվ հասցնում էր տան ֆինանսական խնդիրները լուծել, օրվա հացի գումար վաստակել, և նա երբեք այլ զբաղմունքի ժամանակ չի ունեցել:

«Էն էրեխեն առավոտից իրիկուն սրա-նրա տանն աշխատում էր, որ հացի փող ունենար, նրան ժամանակ որտեղի՞ց, որ մեկ էլ ինչ-որ մեկի հետ կռվի մեջ ընկներ կամ էլ խնդիրներ ունենար, նույնիսկ ընկերներ չուներ տենց, որ ասեմ` ընկերներ են էղել կամ ծանոթներ: Էդ անասունին խեղդել ա պետք: Դրան դանակ որտեղի՞ց, որ դա տենց աջ ու ձախ մարդ ա խփում»,- վրդովված ասաց սպանվածի հորաքույրը` հավելելով, որ իրենք մի քանի տուն այն կողմ բնակվող Արտակ Մինասյանին անգամ չեն էլ ճանաչել, միայն տեղակ են, որ նա նախկինում դատապարտված է եղել և ամուսնացած չէ:

«Շատ հնարավոր ա, որ խփողը տարբեր անօրինական բաներով ա զբաղվել, բայց Արմենը արտակարգ ընտանիքի զավակ էր, լավ էրեխա ա էղել: Դեռ մի քանի տարի առաջ լավ տուն-տեղ ունեին: Ծնողները մահացան, ծախեցին, ուրիշ տեղ տեղափոխվեցին, հիմա էլ վարձով են ապրում: Բացարձակապես չենք կարողանում պատկերացնել, թե ինչու պետք է նման բան լիներ նրա հետ, ինչո՞ւ պիտի էդ անասունը խփեր էրեխուս»,- ասաց Արմեն Հակոբյանի հորեղբոր կինը` տիկին Սիլվան` վերհիշելով, որ դեռևս 1980-ականներին Արմենի ավագ եղբայրը Տյումեն քաղաքում վերամբարձ կռունկի «շերեփի» հարվածից տեղում մահացել էր: Սպանված Ա. Հակոբյանի ավագ եղբայրը վերջերս մահացած գործարար, նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի դասընկերն է եղել ու մտերիմը: Իսկ Արմենի հայրը որդու մահից հետո վշտից մահացել է` 40 տարեկան հասակում:

«Էն, որ Արմենը նախկինում դատապարտվել էր, դա ոչ մի բան չի կարա նշանակի, որովհետև ջահել ժամանակները Ղարաբաղում ինչ-որ գառ, թե ոչխար ա վերցրած լինում, որ մորթեն ուտեն: Բայց տղես ձեռից մաքուր, հրաշք մարդ էր: Թե հիմա ջահել ժամանակ ինչ ա արել, դա կապ չունի: Հիմա մորթել կերել են, հո պետական հանցագործ չի՞: Ինքը տենց եսիմ ինչ կռվարար էլ չի էղել, որ ասեմ` հա: Էդ սպանող անասունին ա պետք մորթել, բռնել ու եսիմ ինչ անել»,- շարունակելով խոսքն` ասաց Արմենի հորաքույրը:

Նշենք, որ Արմեն Հակոբյանն ամուսնալուծված էր, ուներ երկու անչափահաս աղջիկ: Սակայն, ինչպես Armlur.am-ին հայտնեցին նրանց հարազատները, կինը հաճախ էր այցելում նրանց, տանը մաքրություն անում, ուտելիք պատրաստում:

Տիկին Օֆելյան հավելեց, որ թեպետ նրանք ամուսնալուծված էին, այդուհանդերձ, երեխաները շփում ունեին հոր հետ և նրա հետ երկար ժամանակ էին անցկացնում:

Սպանվածի հարազատները, սակայն, չհերքեցին վարկածը, որ հնարավոր է՝ դանակահարության պատճառը գումարային պարտք ու պահանջը լիներ, իսկ լուրերը, որ նրանք միասին խաղատներ են այցելել, բարեկամները վստահաբար բացառեցին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ հարուցվել է քրգործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1 մասի հատկանիշներով (սպանություն): Արտակ Մինասյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս