Թուրքիան չի ստորագրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Վաշինգտոնի կողմից ստեղծվող կոալիցիայի եզրափակիչ փաստաթուղթը, որն ընդունվել է հինգշաբթի Ջիդդա (Սաուդյան Արաբիա) քաղաքում՝ տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի արտգործնախարարությունների խորհրդակցությոան արդյունքներով: Այս մասին տեղեկացրել է NTV հեռուստաալիքը՝ նշելով, որ Թուրքիան ներկայացնում էր արտգործնախարար Մեվլյուտ Չավուշօղլուն:
Խորհրդակցությանը մասնակցել են Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ արաբական երկրների ներկայացուցիչներ:
Հռչակագրում նշվում է կոալիցիայի բոլոր մասնակիցների պատրաստակամությունը՝ համատեղ դիմակայել ահաբեկչական ակտիվությանը, այդ թվում՝ «Իսլամական պետության» գործողություններին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ պատրաստ է նպաստել Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետության» դեմ պայքարին, սակայն հրաժարվել է լինել այդ գործունեության կենտրոնում: Երկիրն առավելագունը պատրաստ է տրամադրել հետախուզական տվյալներ, կատարել որոշ լոգիստիկ խնդիրներ և ամրապնդել սահմանները: