ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 11-ին այցելել է Վայոց ձորի մարզ. այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Եղեգնաձորում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել մարզի ակտիվի՝ համայնքների ղեկավարների, մարզպետարանի ղեկավար աշխատակիցների, կրթական հաստատությունների տնօրենների, Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ։
Պատասխանելով ներկաների հարցերին` Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնորեն անդրադարձել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Արտգործնախարարը խոսել է Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին Հայաստանի միացման գործընթացից։ Նախարար Նալբանդյանը պատմել է հարևան երկրների հետ հարաբերությունների մասին, անդրադարձել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը։
Այնուհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է մարզում գտնվող պաշտպանական դիրքեր, զրուցել Հայրենիքի սահմաները պաշտպանող զինվորների հետ, ծանոթացել հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, սահմանագծում տիրող իրավիճակին։
Նախարար Նալբանդյանը զինվորներին մաղթելով բարի ծառայություն և հաջողություններ` ասել է. «Կարևոր է, որ դուք այնպես ծառայեք, որ ձեր ընտանիքներում հպարտանան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։ Համոզված եղեք, Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայում` խաղաղությունը հարատև դարձնելու համար»։