«Գագիկ Ծառուկյանի այոն այո է, ոչը` ոչ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար զարմանալի է ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի այն հայտարարությունը, թե հասարակությանը խորհրդարանական համակարգն է անհրաժեշտ:

«Հավաքում էին մարզխորհրդի, գյուղսովետի հավաքներ ու բրեժնևյան ոճով քննարկումներ էին անցկացնում, ովքեր աշխատանքից հոգնած ննջում էին, դա դժվար է հանրային քննարկում համարել»,-մարզերում եղած քննարկումների վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Զոհրաբյանը:

Այն հարցին, թե արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավորների տեսակետները տարբեր են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, Ն. Զոհրաբանը պատասխանեց.

«Բոլորդ համոզվել եք` Գագիկ Ծառուկյանի «այո»-ն այո է, «ոչ»-ը`  ոչ: Մի քիչ անհասկանալի է, թե ինչու մեր գործընկերները տարակարծություն են տեսել, Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր փաթեթը չտեսած` ջանադիր կերպով պաշտպանում են այդ փոփոխությունները: Մենք չենք ասում` փաթեթը լավն է, թե ոչ, մենք ասում ենք՝ այսօր, երբ նման տեմպերով արտագաղթ կա, ու երկրի օրակարգում ավելի լուրջ խնդիրներ կան, հավատի դիֆիցիտ կա, արդյոք թիվ մեկ խնդիրը սահմանադրության փոփոխությունն է: Խոսքը ճիշտ պահի ընտրության մասին է», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի ու խմբակցության միջև տեսակետների տարբերություն էր նկատել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:




Լրահոս