Թուրքիայում իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության անդամ Իսմեթ Ուչման հայտարարել է, որ 1915-ին ողբերգական “ցեղի աքսոր է” տեղի ունեցել, ինչի համար ինքը ներողություն է խնդրում: “Նրանց ցավը մեր ցավն է”,- “Ռադիկալ”-ին տված հարցազրույցում ասել է Ուչման:
Նա նշել է, որ պետք է բացել սահմանը և հայերին հանգիստ ապրելու հնարավորություն տալ: “Հայերի հանդեպ աքսոր է իրականացվել: 1915-ին աննորմալ մի բան տեղի ունեցավ: Պատմաբանները պետք է բոլոր փաստերը մեջտեղ բերեն: Պետք է բոլոր փաստերը մեկ տեղ հավաքել և գնահատական տալ դրանց: Ավելի ուշ` միջազգային հանրությունը պետք է որոշում կայացնի”,- խորհուրդ է տվել նա: Ուչման նշել է, որ իր համոզմամբ տեղի ունեցածը ոչ թե “ցեղասպանություն”, այլ “ցեղի աքսոր” է եղել: “Եթե ցանկանային ցեղասպանություն իրագործել` կօգտագործեին այն մեթոդները, ինչ իսպանացիներն ու պորտուգալացիներն են կիրառել Հարավային Ամերիկայի բնիկների կամ գերմանացիները` հրեաների դեմ”,- ասել է նա:ԱԶԿ անդամը պնդել է, որ այդ ցավը հայերին պատճառել է Օսմանյան կայսրությունում իշխող երիտթուրքերը` “Իթթիհաթ վե թերաքքի” կուսակցությունը:”Մենք պետք է ասենք, որ այդ ամենի պատասխանատուն մենք չենք` “Իթթիհաթ վե թերաքքիին” է, բայց մենք դրանց համար ներողություն ենք խնդրում”,- ասել է նա:Անդրադառնալով հայկական սփյուռքին` Իսմեթ Ուչման նշել է, որ Հայկական սփյուռքը չի ներկայացնում բոլոր հայերի տեսակետը և հաճախ նման է թուրք ազգայնականներներին:
“Սակայն պետք է հաշվի առնենք, որ եթե 1915 -ին հայերի գլխին այդ իրադարձությունները տեղի չունենային, չէր լինի նաև սփյուռքը”,- ասել է նա:
Անդրադառնալով ներողություն խնդրելուց հետո փոխհատուցման խնդրին, Ուչման հիշեցրել է, որ Թուրքիան արդեն վերադարձնում է համայնքներին պատկանած գույքը:”Հայ և թուրք ժողովուրդները ձեռք ձեռքի տալով կկարողանան լուծել այդ խնդիրը”,-ասել է նա: Նա հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանն անհապաղ բացել է պետք` առանց խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապելու: “Մեզ հետ միասին ապրած, նույն զգացողություններն ունեցած, նույն մշակութային լեզուն օգտագործած մարդիկ արժանի են հանգիստ ու խաղաղ կյանք ունենալու և դա չպետք է քաղաքական գործիք դառնա”, – հայտարարել է Ուչման: