Եվրամիությունն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից էստոնացի ոստիկան Էստոն Կոխվերի առևանգման կապակցությամբ:
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Քեթրին Էշտոնի պաշտոնական հայտարարությունում ռուսական կողմի գործողությունները որակվում են որպես ապօրինի և սահմանների անձեռնմխելիության սկզբունքը խախտող:
Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին անմիջապես ազատ արձակել Կոխվերին և վերադարձնել նրան Էստոնիա:
Սեպտեմբերի 5-ին էստոնական իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանի Պսկովի մարզի սահմանին՝ Լուխամա սահմանակետի մոտակայքում, առևանգվել է Էստոնիայի անվտանգության ոստիկանության աշխատակից Էստոն Կոխվերը:
Ինչպես նշվում է, ոստիկանը մասնակցել է սահմանին հանցագործության կանխմանը: Ֆիզիկական ուժ գործադրելով և զենքի սպառնալիքի տակ՝ ոստիկանին տարել են Ռուսաստան:
Ավելի ուշ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ Էստոնիայի անվտանգության ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է Պսկովի մարզում՝ լրտեսական գործունեություն իրականացնելիս: Ընդ որում, նշվել է, որ նրա մոտից առգրավել են «Տաուրուս» մակնիշի ատրճանակ, 5.000 եվրո, գաղտնի ձայնագրություն իրականացնելու համար հատուկ սարքավորում, ինչպես նաև՝ նյութեր «լրտեսական առաջադրանքի կատարման համար» :
Ռուսաստանի հատուկ ծառայության գնահատմամբ՝ այսպիսով գաղտնազերծվել է Էստոնիայի ՆԳՆ անվտանգության ոստիկանության դեպարտամենտի լրտեսական օպերացիան:
Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը Կոխվերին 2 ամսով ձերբակալելու որոշում է կայացրել: Սեպտեմբերի 11-ին Կոխվերին լրտեսության մեղադրանք է ներկայացվել. տեղեկացնում է news.mail.ru-ն: