ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ԿՐԻԱՅԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ

Երեկ առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը: armlur.am-ի թղթակիցը շտապել էր զինվորի տուն, որպեսզի հասկանար, թե ինչն է եղել զինվորի մահվան պատճառը: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Սամվել Հարությունյանն ինքնասպան է եղել: Երբ մեր լրագրողը ծեծել էր զոհված զինվորի բնակարանի դուռը, հարեւանուհիներից մեկը հետաքրքրվել էր, թե ինչ է պատահել: Լրագրողը հայտնվել էր անասելի ծանր դրության մեջ, քանի որ ստիպված էր եղել դուռը բացած զինվորի հարազատներին ասել իրենց որդու հետ կատարվածի մասին: Ու պատկերացնել կարելի է, թե շքամուտքում ինչ ճչոցներ են լսվել: Սամվելի մայրը՝ տիկին Լիլյան, ուշագնաց եղավ… Ժամը 14:00 սահմաններում նոր ՊՆ-ից բարեհաճեցին ներկայանալ զինվորի տուն՝ կատարվածի մասին հայտնելու։ Նրանք գլուխները կախել էին եւ չէին կարողանում պատասխանել ծնողների հարցադրումներին: Ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու էր ՊՆ-ն ծնողներից գաղտնի պահում կամ հապաղում հայտնել զինվորի մահվան լուրը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Հարությունյանի մահվան գործով արդեն մեկ անձ ձերբակալվել է:

 

 
Ի պաշտպանություն արցախահայ գործարար, Մոսկվայում կալանավորված Լեւոն Հայրապետյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակ էր գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա խնդրել էր աջակցել Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում: Այդ հեռագրից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն դեռ արձագանքներ չկան: «Ժողովուրդ»-ը փորձեց Վազգեն Մանուկյանից հետաքրքրվել, թե ի՞նչ պատասխան է ստացել Ժիրինովսկուց: Մանուկյանը հայտնեց, որ իր նամակին չեն պատասխանել, սակայն չբացառեց, որ միգուցե ինքն անձամբ հանդիպի Վլադիմիր Ժիրինովսկուն եւ խնդրի մասին զրուցի. «Մոտ ապագայում Մոսկվա այց չունենք, բայց Հանրային խորհրդի շրջանակներում այցելություններ լինում են, ու այդ ժամանակ մենք կփորձենք հանդիպել Վլադիմիր Ժիրինովսկու հետ, զրուցել ստեղծված իրավիճակի մասին»:

 

 

Արդեն երեք օր է, ինչ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը քաղցած է: Նա, վտանգելով իր առողջությունը, հացադուլ է հայտարարել ու պահանջում է արդարություն եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բայց մյուս կողմից էլ՝ իր առողջությանը հասցված վնասի եւ բուժման ծախսերը փոխհատուցելու պահանջով ԱԻՄ առաջնորդը դիմել է դատարան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայրիկյանը 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ: Նա չի բավարարվել կառավարության տրամադրած 20.5 մլն դրամի բուժման արդյունքներով: Նոր բուժման կուրսերի է գնալու՝ այս անգամ դատապարտյալների հաշվին:

 

 

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի բոլոր համայնքապետերին հրահանգել է գումար հավաքել Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, ով ասաց. «Այո, բոլոր համայնքապետերն էլ գումար են հավաքում: Կա հաշվեհամար, որտեղ եւ փոխանցում ենք այդ գումարը: Յուրաքանչյուրն օգնում է իր հնարավորությունների սահմաններում»: Որպես օրինակ նշենք, որ նույն մարզի Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը նույնպես «գերակատարել է» իր մարզպետի հրահանգը. «Ես էլ, ինչպես մյուս գյուղապետերը, մեր համայնքի բնակիչներից գումար եմ հավաքել: Այն կազմում է ընդամենը 105 հազար դրամ: Այդ գումարը տարել եմ մարզպետարան ու վճարել: Իրենք էլ ինձ համապատասխան կտրոն են տրամադրել»: Իսկ թե ինչպես են օգնությունը տեղ հասցնելու, դեռ որեւէ մեկը պատկերացում չունի:

 

 
ԱՐՏԱԳԱՂԹԱՅԻՆ

Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Քառյակի անունից հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով խորհրդարանական լսումներ հրավիրել արտագաղթի շուրջ. «2008-2013 թվականներին հեռացել է 212 հազար մարդ: Հայաստանի ամբողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղաղ պայմաններում բնակչությունն արտագաղթում է»,-հայտարարել է Զուրաբյանը:
Իհարկե, փոքր-ինչ վիճելի պնդում է, քանզի Հայաստանի պատմության առնվազն վերջին 20 տարիների ընթացքում 2008-2013թթ.` իրապես աղետալի տեմպերի հասնող արտագաղթը, այդուամենայնիվ, առաջին դեպքը չէ: Այն է՛լ ավելի աղետալի ծավալների էր հասնում 90-ականների կեսերից սկսած, ընդ որում՝ արդեն ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո` Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության վերջին տարիներին:
Սակայն սա, իհարկե, որեւէ կապ չունի խնդրի` ներկայիս հրատապության եւ ՀԱԿ խմբակցության ղեկավարի հնչեցրած պահանջի անհրաժեշտության հետ: Ավելին՝ արտագաղթի խնդրով արմատական քայլերի անհրաժեշտությունը հասունացած էր վաղուց: Եվ ընկալելի համարելով այն տեսակետը, թե արտագաղթի թեմայի բարձրաձայնումը պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Աժ ամբիոնից ամենաճիշտ ճանապարհը չէ, այդուհանդերձ ստիպված ենք արձանագրել, որ այս հարցի շուրջ լռությունը է՛լ ավելի վտանգավոր է:
Հատկապես որ` երկրի ղեկավարության մոտ կարծես թե առկա չէ խնդրի լրջության գիտակցումը: Համենայն դեպս, թե՛ այս հարցով նախկինում հրավիրած խորհրդակցության, թե՛ նախորդ տարի «Ազատությանը» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններն այդ մասին են խոսում: Հիշեցնենք, որ նշված խորհրդակցության ընթացքում Ս. Սարգսյանը հանդիմանեց պատկան մարմիններին՝ արտագաղթի մասին մամուլի հրապարակումները բավարար եռանդով չհերքելու համար, այն դեպքում, երբ ըստ Սարգսյանի՝ խոսքը բացառապես սեզոնային բնույթ կրող աշխատանքային միգրացիայի մասին է: Իսկ «Ազատությանը» տված հարցազրույցում էլ Սարգսյանը պնդում էր, թե մեր երկրում հայ մարդը չի ցանկանում աշխատել 180 հազար աշխատավարձով եւ արտագաղթում է` ամենեւին էլ ոչ արդարության պակասից: Կարճ ասած` Ս. Սարգսյանի պատկերացմամբ, մարդիկ պարզապես անհասկանալի քմահաճույքից ելնելով են լքում երկիրը, այլ ոչ թե համատարած գործազրկության, աղքատության եւ անարդարության պատճառով:
Ինչեւէ. վերադառնալով Քառյակի այս նախաձեռնությանը` նկատենք, որ ընդդիմությունը եւս իր մեղքի բաժինն ունի արտագաղթի մեջ: Կա մի շերտ, որը հեռանում է հուսալքությունից, քանզի այլեւս չի վստահում անգամ այս ընդդիմությանը: Եվ արտագաղթի դեմ պայքարում ընդդիմության ամենամեծ քայլն այն կլինի, որ վերջինս հետամուտ լինի իշխանությանը ներկայացրած իր պահանջների կատարմանը եւ չփորձի նորանոր հարցերի առաջադրմամբ` հանրության ուշադրությունը շեղել սեփական հետեւողականության պակասից:

 

 




Լրահոս