ԵՄ դեսպանները քննարկում են Հայաստանի խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի դիվանագիտական գաղտնի նամակագրությունը հանրայնացրած վիկիլիքսյան արխիվի հերթական փաստաթուղթը պատմում է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հանդիպման մասին: Եվրամիության անդամ երկրների դեսպանները 2008թ. նոյեմբերին Հայաստանում քննարկում էին անցկացրել, որին մասնակից էր դարձել նաեւ ԱՄՆ-ի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Ըստ վերջինիս կազմած զեկուցագրի` ԵՄ դեսպանները հավաքվել էին լանչի շուրջ` քննարկելու Հայաստանի արտաքին ու ներքին խնդիրները: Յովանովիչի հեղինակած փաստաթղթի համաձայն` զրույցի հիմնական թեման եղել է Սերժ Սարգսյանի` նշված ժամանակահատվածում Բրյուսել կատարած այցելությունը:

Ֆրանսիայի դեսպանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, իսկ Լեհաստանի ներկայացուցիչը` Հայաստանում ժողովրդավարության մասին:
Յովանովիչը նախ եւ առաջ տեղեկացնում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ռաուլ դը Լուզենբերգերը ներկաներին հակիրճ ներկայացրել է Սերժ Սարգսյանի` 2008թ. նոյեմբերի 5-6-ը Բրյուսել կատարած այցելությունը: Որպես ԵՄ ներկայացուցչության ղեկավար` Դը Լուզենբերգերը, մանրամասնելով Սարգսյանի ուղեւորության արդյունքները, արձանագրել է, որ այն անցել է «ուղղակի հրաշալի»:

Դիվանագետի հաղորդմամբ` Եվրամիության ու պաշտոնական Երեւանի միջեւ գրեթե բոլոր հիմնահարցերը համաձայնեցված են: ԵՄ ներկայացուցիչը նկատել է, որ Սերժ Սարգսյանի հետ ընդհանուր մոտեցումներ են ձեւավորվել թե´ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե´ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմնահարցերում: Դը Լուզենբերգերի մատուցմամբ՝ կողմերը միասնական տեսակետի են հանգել նաեւ Ռուսաստանի հարցում: Այդ լանչի սեղանի շուրջ նստած դեսպաններից հազիվ թե որեւէ մեկը պատկերացներ, որ կլինի սեպտեմբերի 3, երբ ակնահյտ կդառնա, որ Սերժ Սարգսյանի այցելությունների հրաշալի լինելը իրականում աննշանակ հանգամանք է, իսկ նրա տված խոստումներն էլ որեւէ արժեք չունեն:

Ինչեւէ, ԵՄ ներկայացուցիչը փաստել է, որ Սերժ Սարգսյանի հետ վերոնշյալ փոխըմբռնումներին զուգահեռ հնարավոր չի եղել հասնել ընդհանուր կարծիքի Հայաստանի ներքաղաքական դրության շուրջ: Դը Լեւզենբերգերը հավելել է, որ անհամաձայնությունը գլխավորապես վերաբերել է Մարտի 1-ի դեպքերին:Դիվանագետի վստահեցմամբ` ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերա-Ուոլդներն առաջարկել էր Սերժ Սարգսյանին, որ դը Լուզենբերգերը հանդես գա որպես միջնորդ ընդդիմության եւ կառավարության միջեւ եւ օգնի կառուցողական երկխոսություն սկսել: Դը Լուզենբերգերն անկեղծացել է, որ անձամբ դեմ լինելով ԵՄ նման դերակատարությանը, այնուամենայնիվ, առաջարկը փոխանցել է Սարգսյանին` որպես բրյուսելյան նախաձեռնություն: ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ հաճույքով չի ընդունել առաջարկը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գաղափարը հազիվ թե գործարկվի: Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսսովն իր հերթին հաղորդել է, որ սլովենացիները եւս առաջարկել էին մարդու իրավունքների հիմնահարցի առնչությամբ ֆորմալ երկխոսություն, ինչը կրկին նույն արդյունքն էր ունեցել:

Այսպիսով` արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը նախագահության ստանձնումից մի քանի ամիս հետո եվրոպացիների հետ արտաքին քաղաքականության բոլոր հարցերում համաձայնության է եկել, մինչդեռ ոչ մի փոխզիջում չի ընդունել ներքաղաքական հարթությունում: Նման փաստերն է´լ ավելի են ամրապնդում այն կարծիքը, որ Սարգսյանը լեգիտիմության համար զոհաբերել էր պետական արտաքին շահերը՝ չընդունելով ներքաղաքական ոչ մի բարեփոխման առաջարկ: Հատկանշական է, որ եվրոպացիներն էլ տուրք էին տալիս այդ քաղաքականությանը՝ հուսալով շահող դուրս գալ տարածաշրջանային հիմնահարցերում, առաջին հերթին` ասոցացման քաղաքականության խնդրում:

Առանձնահատուկ նշանակություն ունի Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Նոտեի կարծիքը, ով, խոսելով Հայաստանում ժողովրդավարության անկում թույլ չտալու անհրաժեշտության շուրջ, նկատել է, որ եթե «Արեւմուտքը տապալի այս ծրագիրը՝ Մարտի 1-ի ձերբակալվածներին ազատ արձակելու քաղաքական որոշման կայացումը, ապա մենք կտապալվենք բոլոր հարցերում»: Յովանովիչը Լեհաստանի դեսպանին բավականին բարձր է գնահատել` նրան համարելով տեղական իրադարձությունների խորաթափանց եւ փորձառու դիտորդ, ում կարծիքը պետք է հաշվի առնել:

Խոսելով նույն ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցելության մասին այդ երկրի դեսպանը նշել է, որ այն անցել է հաջող, ինչպես նմանատիպ բոլոր այցելություններն են լինում: Նա արձանագրել է, որ Սարգսյանը դրական է տրամադրված եղել բանակցությունների հանդեպ` հատկապես Մոսկովյան հռչակագրից հետո:

Հիշեցնենք, որ այդ ժամանակափուլում բավականին ակտիվորեն քննարկվում էր ԼՂ բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի միջնորդությամբ անցկացնելու հարցը: Սմեսովն անդրադառնալով այս պարագային՝ նշել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անելը, քանզի Սարկոզին տատանվում է անձնական միջնորդական առաքելության հարցում: Այդուհանդերձ, Յովանովիչը նկատում է, որ Ֆրանսիայի արդեն նախկին նախագահը հետաքրքրված է եղել տարածաշրջանային հիմնահարցերով եւ հավանաբար ակտիվորեն ներգրավվելու է դրանցում: Ավելացնենք, սակայն, որ Սարկոզին ձեռնպահ մնաց միջնորդական առաքելությունից՝ այդ դերակատարությունը թողնելով ՌԴ նախագահին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս