«Քառյակը» կհայտարարի հանրահավաքի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական հանդիպումը:  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ օրակարգում երեք հարց է եղել:

«Շարունակվեցին նախնական քննարկումները 12 կետերի հետ կապված, սակայն մինչև սեպտեմբերի 30-ն է տրված ժամկետը, դրանից հետո վերջնական գնահատական կլինի, սակայն նախնական գնահատականը քառյակի համընկնում է»,- նշեց նա:

Ռ. Հակոբյանը հայտնեց, որ սեպտեմբերի 17-ին կլինի քառյակի հերթական նիստը, որի ժամանակ կհայտարարվի համապետական հանրահավաքի օրը: «Դրան պետք է նախորդեն մարզային այցելություններ, որոնք պետք է պատրաստեն համապետական հանրահավաքը, գրաֆիկի մասին կհայտարարվի սեպտեմբերի 17-ի նիստին»,-ընդգծեց նա:

Այն դիտարկմանը, թե իշխանությունը լուրջ չի վերաբերում քառյակին` ասելով, որ նիստ են անում` որոշելու համար, թե երբ կլինի հաջորդ նիստը, Ռ. Հակոբյանն արձագանքեց. «Եթե իշխանությունը պետք է հայտարարի, որ ինչ լավ է, որ քառյակը կա, ինչ լավն է քառյակը, դրա վրա կարելի է զարմանալ»:

Անդրադառնալով այն լուրերին, թե ՀՅԴ-ն չի մասնակցի հանրահավաքին, եթե սահմանադրական բարեփոխումների դեմ հայտարարություններ հնչեն, Ռ. Հակոբյանն ասաց, որ նման խնդիր այս պահին չկա:




Լրահոս