«Բորոդինո»-ն ֆինանսական դժվարություններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանը կանգնած է սնանկացման վտանգի առաջ: Ի թիվս այլ ֆինանսական խնդիրների, ընկերությունը դեռ նախորդ տարվանից մոտ 1.5 մլն դրամ պարտք էր Վայոց Ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին` մթերած խնձորի դիմաց: Թե ինչու է ընկերությունը հայտնվել նման վիճակում եւ զարգացման ինչ հեռանկարներ ունի` այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Բորոդինո պահածոների ընկերության փոխտնօրեն Սիսակ Աղայանի հետ:

-ՀՀ Վայոց Ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին Ձեր ընկերությունը դեռեւս նախորդ տարվանից որոշակի գումար էր պարտք: Բնակիչներն այս տարի մեծ աղմուկ բարձրացրեցին` պահանջելով վճարել իրենց գումարները: Մարե՞լ եք այդ պարտքը:

-Ամբողջությամբ վճարված է: Արդեն պարտք չենք Ազատեկի բնակիչներին: Ուղղակի հասկանալ է պետք, չէ որ գործարար դաշտում էլ կարող են նմանատիպ երեւույթներ լինել: Մենք այդ արտադրանքը պետք է Ուկրաինա արտահանեինք. գործընկերը եկավ եւ մոտ վեց ֆուռ արտադրանք պետք է ուղարկեինք: Բայց այդ ընթացքում Ուկրաինայում պատերազմական դրություն ստեղծվեց: Այստեղից էլ սկսվեցին մեր ընկերության ֆինանսական դժվարությունները:

-Պարոն Աղայան, լուրեր են շրջանառվում, որ Ձեր ընկերությունը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ սնանկացման ճանապարհին եք: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Դրանք սուտ տեղեկություններ են եւ հիմնավոր չեն: Ես չեմ հասկանում, թե որտեղից են նման ստահոդ տեղեկություններ տարածվում: Հավանաբար մարդիկ կան, ովքեր ցանկանում են վարկաբեկել մեր ընկերության անունը:

-Լավ, իսկ ի՞նչ խնդիրներ ունի ընկերությունը:

-Անկեղծ ասած, այս պահին մենք վարկի համար ենք դիմել, բայց այդ գործը դեռ ձգձգվում է: Այս ընթացքում ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի: Բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված: Կլուծվեն այդ հարցերը: Ուղղակի մեր ընկերության տնօրենը վերջերս վթարի ենթարկվեց, այդ պատճառով էլ ընկերությունը մի քանի դժվարությունների հանդիպեց: Վնասվածքներ էր ստացել: Հիմա, փառք Աստծո, լավ է:

-Այս պահին ընկերությունն իր բնականոն հունով աշխատո՞ւմ է, բերքի մթերում իրականացվո՞ւմ է:

-Այո, մենք աշխատում ենք եւ նորմալ մթերում ենք իրականացնում: Պայմանագրով ինչպես նախատեսված, է վճարումներն էլ կատարում ենք:

-Իսկ Ձեր ընկերությունը պահածո արտահանո՞ւմ է:

-Այո, անպայման, առանց արտահանման հնարավոր չէ: Մեր բոլոր գնորդների հետ մենք նորմալ աշխատում ենք: Համարյա ամեն տեսակի բանջարեղեն էլ մթերում ենք. լոլիկ, սմբուկ, պղպեղ: Նաեւ մրգեր` մուրաբաների համար: Առաջիկայում հնարավոր է դեղձ մթերենք, որովհետեւ Հոլանդիայից պատվեր ունենք:

-Հիմնականում ո՞ր երկրներ եք պահածո արտահանում:

-Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան:

ԵՄ երկրներից գյուղմթերք ներմուծելու ՌԴ սահմանած արգելանքից հետո հայաստանյան բոլոր ձեռնարկությունները լծվել են իրենց արտադրության ծավալների մեծացմանը: Դուք այս առումով ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

-Մեր սեփականատերը` Արթուր Առաքելյանը, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, հիմնականում ինքն է զբաղվում նման հարցերով: Մեր արտադրանքը, երբ գնում է այնտեղ, ինքն է տնօրինում այդ մասը: Բայց մենք էլ ենք մտադիր արտադրության ծավալները մեծացնել:

-Իսկ գյուղացիներին մթերված բերքի դիմաց ինչպե՞ս եք վճարում` կանխի՞կ, թե՞ ապառիկ:

-Մի մասը կանխիկ է, մյուս մասը` հետո ենք վճարում: Պայմանագրով ժամկետ կա նշված. այդ գումարի 50 տոկոսը պետք է վճարենք մինչեւ սեպտեմբերի 1-ը, իսկ մյուս 50 տոկոսը` մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը: Սա է մեր պայմանագիրը:

-Ներքին շուկայում Ձեր ընկերության արտադրանքը մե՞ծ տեղ է գրավում:

-Մեր արտադրանքը ներքին շուկայում 15-20 տոկոսն է կազմում: Իսկ մեր արտադրանքի մինչեւ 70 տոկոսը արտահանվում է:

-Ի՞նչն է խնդիրը: Մի՞թե ներքին շուկայում տեղ չեն տալիս:

-Ներքին շուկայում մենք տեղ ունենք: Սուպերմարկետների հետ ենք աշխատում: Բայց մեզ համար ձեռնտու է արտահանումը, որովհետեւ ներքին շուկայում ծախսերը շատ են:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս