Հաստատվել է Ռիո+20 Ազգային գնահատման զեկույցի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը. այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը: Համաձայն հաստատված օրակարգի` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել են 2012 թ. Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք “Ռիո+20” համաշխարհային գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության նախապատրաստման վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել է Համակարգող ազգային հանձնաժողովի կողմից ,Ռիո+20ե Ազգային գնահատման զեկույցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ փաստաթղթի մշակման գործում ներգրավված են եղել թեմատիկ աշխատանքային խմբեր և փորձագետներ, անցկացվել են հանրային լսումներ և քննարկումներ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Արդյունքում ստեղծվել է համապարփակ ազգային զեկույց, որում ներկայացված են Հայաստանի կայուն զարգացման ուղիներն ու հեռանկարները:
 Հաջորդ հարցով, խորհրդի քարտուղար Կարինե Դանիելյանը ներկայացրել է “Ռիո+20” Ազգային գնահատման զեկույցի նախագիծը: Զեկույցում հանգամանորեն խոսվում է վերջին տասնամյակում կայուն զարգացման ապահովմանը միտված ձեռնարկումների, պետական կառույցներ-քաղաքացիական հասարակության համագործակցության և “Կանաչ տնտեսության” մասին:Անդրադարձ է արվում հիմնական ձեռքբերումներին, ինչպես նաև համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում առկա մարտահրավերներին: Ծավալված մտքերի շահագրգիռ փոխանակության ընթացքում հնչեցվել են մի շարք հարցադրումներ փաստաթղթում արծարծված խնդիրների վերաբերյալ: Խորհուրդը հաստատել է զեկույցի նախագիծը` հանձնարարելով լրամշակել այն արված դիտողություններով:
Նիստում անդրադարձ է եղել “Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին” ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները: Վարչապետ Սարգսյանն առաջարկել է խորհրդակցություն հրավիրել` հարցի առնչությամբ խորհրդի անդամների հարցադրումները քննարկելու նպատակով:Արծարծվել են նաև ,Ռիո+20ե համաշխարհային գագաթնաժողովին հայկական պատվիրակության մասնակցությանը վերաբերող կազմակերպչական հարցեր:
 




Լրահոս