ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՋՈՒՐԸ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Արտեզյան ջրերից սպասարկվող ձկնաբուծական տնտեսությունների 99 տոկոսը Արարատյան դաշտավայրում է` Արմավիրի եւ Արարատի մարզերում: Մասնագետների պնդմամբ՝ ձկնաբույծների անխնա օգտագործած ու մաքուր վիճակում բաց թողած ջուրն այլեւս ընդերք չի վերադառնում: Այն լցվում է Սեւ ջուր գետը, այնուհետեւ գնում թափվում է Արաքս: Այս պատճառով էլ բացված հորատանցքերը պետք է փակել, որպեսզի տարիներ հետո ջրի պաշարները գոնե մասամբ վերականգնվեն: Սակայն գյուղապետերի պնդմամբ՝ ինչքան էլ խորքային հորերը լուծարվեն, միեւնույն է՝ դրական արդյունք չի լինի:

Նշենք, որ ձկնաբուծարաններին ջրօգտագործման անխնա թույլտվությունները տրվել են առավելապես բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին: Արարատյան ավազանի ընդերքային ջրային ռեսուրսների սպառման խնդրի մասին արդեն տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում են ոչ միայն մասնագետ բնապահպանները, այլեւ անգամ պետական ատյանները: Այլեւս ակնհայտ է, որ բնությունը չի հասցնում վերականգնել ընդերքային ջրային պաշարները, ինչի արդյունքում էլ Արարատի մարզում ընդերքի մի հատված պարզապես դատարկվել է:
Ձկնաբուծական տնտեսություն ունեցող գյուղերի ավելի ցածր գոտիներում գտնվող հողամասերում գյուղացիները կարողանում են ոռոգման համար կիրառել ձկնաբուծարանների օգտագործած ջուրը, բայց մասնագետների խոսքով՝ այն արդեն պակաս օգտակար է ու ավելի քիչ թթվածին է պարունակում:
Սակայն կան ձկնաբուծարաններ, որոնք իրենց օգտագործած ջուրը պարզապես չեն կարողանում տրամադրել գյուղացիներին՝ պատճառաբանելով, որ դա մեծ ծախսերի հետ է կապված: Արդյունքում, ջրային այդ հսկայական եւ թանկ ռեսուրսի մեծ մասը կորչում է: Այս ձկնաբուծարանների սեփականատերերն իրենց արդարացնում են՝ նշելով, որ իրենց ձկնաբուծարանները ոռոգման տարածքից ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում եւ ջուրը դաշտերին հասցնել պարզապես հնարավոր չէ` առանց հավելյալ ծախսերի, ինչը, բնականաբար, նրանք մտադիր չեն անել գյուղացիների փոխարեն: Արդյունքում հեռացված ջրերը թափվում են հիմնականում Սեւ ջուր եւ Հրազդան գետեր:
Իսկ ահա Հայ ձկնաբույծների միավորման նախագահ Արմեն Բունիաթյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ ցանկացած ձկնաբույծ պատրաստ է այդ ջուրը տրամադրել գյուղացիներին: «Ուղղակի վերցնող չկա: Այս նույն հարցը ես փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ համարյա մեկ տարի առաջ բարձրացրեցի, իսկ նա էլ ասաց, որ մարդիկ չեն ուզում այդ ջուրն օգտագործել: Թող չվերագրեն ձկնաբույծին, թե իբր նա չի տալիս, հակառակը: Դա այդքան էլ մեծ ծախսերի հետ կապված չէ: Ընդամենը պետք է մի հատ պոմպ տեղադրել եւ ջուրը մղել այնտեղ, որտեղ պետք է: Եվ այս ամենի հետ գյուղապետերն էլ այդքան կապ չունեն, ինչքան ՋՕԸ-երը»,-պարզաբանեց Բունիաթյանը:
Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց համայնքում վերջին մի քանի ամիսներին լուծարվել է չորս ապօրինի խորքային հոր: Ներկայում համայնքում գործում է 8 ձկնաբուծարան. «Սակայն մեր գյուղում գործող ձկնաբուծարանները չեն կարող հետադարձ տարբերակով ջուր տրամադրել գյուղացիներին, դա մեծ ծախսերի հետ է կապված»,- նշեց գյուղապետը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում ԲՆ-ն ընդհանուր առմամբ շուրջ 100 խորքային հորեր է լուծարել եւ փականային ռեժիմի բերել: ՀՀ ԲՆ-ի տվյալներով՝ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու եւ փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայվել է 952լ/վ խորքային ավազանի ջուր (փականային՝ 478լ/վ, լուծարված՝ 474լ/վ), ինչը տարեկան կազմում է 30.022.272 մլն խ/մ ջուր:
Իսկ ահա վերջերս բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ստեղծած աշխատանքային խումբը Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում գտնվող «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող ձկնաբուծական տնտեսությունում իրականացրեց ավելի ջրաքանակ արձանագրած թվով 5 խորքային հորերի լուծարման աշխատանքներ, որոնց ընդհանուր ջրատվությունը կազմում էր 1070լ/վ, 33.7մլն խ/մ ջուր:
«Ժողովուրդ»-ը փորձեց գտնել այս ընկերության սեփականատերերին, սակայն նրանք երկրում չէին: Այդ պատճառով էլ փորձեցինք Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանից հետաքրքրվել, թե հորերի լուծարումը որքանով է ազդում ընկերության գործունեության վրա: Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նման դեպքերում, սովորաբար, ձկնաբուծարանների սեփականատերերը համաձայն չեն լինում հորերի փակմանը:
«Սրա արդյունքում, իհարկե, ձկնաբուծարանները տուժում են: Ուզում է` բոլոր հորերը փակեն, միեւնույն է, դրանից մեր գյուղը ջրի առումով չի բերալավվի: Արտեզյան հորերը նստած են: Ոչինչ փոխել չի լինի»,-լրացրեց գյուղապետը: Ի դեպ, Ալավերդյանից տեղեկացանք նաեւ, որ «Յունիֆիշ»-ը նույնպես իր օգտագործած ջուրը չի տրամադրում գյուղացիներին. «Խոստացել է, բայց հիմա չգիտեմ, թե ինչ կլինի»:
Մասիս ՋՕԸ տնօրեն Վարդան Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ ձկնաբուծարանների օգտագործած ջուրը գյուղացիներին տրամադրելու համար մեծ ծախսեր է հարկավոր անել:
«Դրանք էլեկտրականության հետ կապված ծախսեր են, պոմպեր են պետք: Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված է, որ յուրաքանչյուր ձկնաբույծ հնարավորություն ունենալու դեպքում պետք է իր օգտագործած ջուրը տրամադրի գյուղացիներին»,-այդուհանդերձ հիշեցրեց Մասիս ՋՕԸ տնօրենը: «Ժողովուրդ»-ի հարցին` արդյոք ձկնաբուծարանի օգտագործած ջուրը պիտանի է ոռոգման համար, պատասխանեց. «Ոռոգման համար՝ այո»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏՈՒԿԻ ԹԵԼԸ ԹԱՆԿ Է

Շիրակի մարզում խոտհունձի շրջանն ավարտվեց եւ արդեն պարզ է, որ կարկտահարությունների արդյունքում մթերված խոտի քանակը սպասվածից քիչ է: Զրուցելով գյուղացիների հետ պարզեցինք, որ այս տարի 1հա-ից 30 խուրձ` տուկ է ստացվել, ինչը շատ ցածր արդյունք է: Ասում են՝ նախկինում 1հա-ից 100 տուկ էին ստանում: Խոտը քաղել, կապել, համապատասխան վայր տեղափոխելը մեծ ծախսերի հետ է կապված: Վառելիքն ու տուկի թելն էլ թանկ է:
Երբ հանրագումարի է բերվում ամբողջը, պարզվում է, որ գյուղացին դարձյալ տուժում է: Այս ամենից բացի՝ խոտի բարձրությունը նորմայից ցածր է, ինչն էլ քաղի հետ կապված դժվարություն է առաջացնում: Խնդիրը հատկապես դժվարանում է մարզի այն շրջաններում, որտեղ համապատասխան տեխնիկա չկա եւ ստիպված են դրսից բերել: Շիրակի մարզի Բերդաշեն համայնքը հենց այդ գյուղերից մեկն է: Բերդաշենցիները դժգոհում են. տեխնիկան ցածր քարերից ջարդվում է, ստիպված են լինում ամեն ինչի համար կրկնակի վճարել:
Գյուղացիներից տուկը գնում են 900-1000 դրամով, վերավաճառում 1500-2000 դրամով: Վերջին տարիներին խոտի սակավության հետ կապված այս գինը սովորական է դարձել: Միայն թե արդյունքում գյուղացիների բանկային տոկոսներն են ավելանում, նրանք էլ ստիպված անասուններն են վաճառում: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին բերդաշենցիները, սա էլ ելք չէ, քանի որ մսամթերքը եւս գյուղացիներից շուկայականից ցածր արժեքով է գնվում: Գյուղացին անասունների գլխաքանակը կրճատում է ոչ միայն պարտքերը մարելու համար, այլեւ անհրաժեշտ քանակի անասնակեր չունենալու արդյունքում: Այս ամենի հետեւանքով տարեցտարի գյուղերում նվազում է երկրագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվողների թիվը:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցներն իրենց չվճարված աշխատավարձերի պահանջով երեկ առավոտից հավաքվել էին Լոռու մարզպետարանի առջեւ: Հուսահատված քիմպրոմցիները հիշեցնում էին, որ ՀՀ նախագահի խորհրդական, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը դեռ հուլիսի կեսերին խոստացել էր, որ մինչեւ օգոստոսի առաջին շաբաթը նրանց կվճարվի 1 ամսվա աշխատավարձ, իսկ 3 ամիս հետո ամբողջությամբ կմարվի աշխատակիցների աշխատավարձի պարտքը: Այդ խոստումից հետո մեծ ուշացումով հազիվ 1 ամսվա աշխատավարձ է փոխանցվել: Քիմպրոմցիները համաձայն են երկրորդ աշխատավարձն ստանալուց հետո սպասել եւս 3 ամիս՝ մինչեւ կառավարությունը կկատարի իր խոստումն ու իրենց պարտքերը վերջնականապես կվճարի:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

 




Լրահոս