ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆՈՒՄ Է ՆՎԱԶՄԱՆ

 

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարի էականորեն նվազել է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվարին առեւտրաշրջանառությունը նվազել է 3.3 տոկոսով. ընդ որում, եթե արտահանման ծավալները պահպանվել են, ապա ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են 4.4 տոկոսով: Ծավալների նվազումը շատ ավելի ակնհայտ է դառնում, երբ հունվարի ցուցանիշները համեմատում ենք 2013թ. դեկտեմբերի հետ. մեկ ամսվա ընթացքում առեւտրաշրջանառությունը նվազել է 36.2 տոկոսով. արտահանումը` 26.1, իսկ ներկրումը` միանգամից 39 տոկոսով: Մինչդեռ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարի ժամանակ վստահեցնում էր, թե մեր երկրի տնտեսությունն ուժեղ է եւ ամուր:

 

 

Ազգային ժողովի էթիկայի արցերով ժամանակավոր հանձնաժողովը, բառի բուն իմաստով, գոյություն չունի: Արդեն ԱԺ երկու քառօրյա է տեղի ունեցել, սակայն մինչ այսօր նշված հանձնաժողովը չի կազմավորվել: Անգամ նախագահ չունի, քանի որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հրաժարվել էր այդ պաշտոնից: Մինչ այժմ հանձնաժողովը փաստացի ղեկավարում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը, ով հանձնաժողովի նախագահի տեղակալն է: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու այն չի «գործում»: Հանձնաժողովի բոլոր անդամները նշեցին, թե իրենք տեղեկություն չունեն: Հավելենք, որ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամներն են նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ «Ժառանգություն»-ից ԱՄՆ-ում ուսանող Զարուհի Փոստանջյանը:

 

 

Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որ նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը, հսկայական պարտքեր ունի ե՛ւ իր աշխատակիցների, ե՛ւ պետության առաջ: Ընդ որում, պետության առաջ ավիաընկերության պարտքը գոյացել է հիմնականում քաղաքացիներից գանձված 10 հազարական դրամ «օդի հարկը» չվճարելու արդյունքում: Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, թե իրենք մտադիր չեն զիջել «Արմավիա» ընկերության` պետությանն ունեցած պարտքը եւ հասնելու են նրան, որ այդ գումարները ստանան: Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցների պարտքերին, ըստ Մովսեսյանի՝ կառավարությունը փորձում է ելքեր որոնել` այդ հարցը լուծելու համար:

 

 

«Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր Ղրիմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանի խոսքերն այն մասին, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դաժանաբար սպանված 47-ամյա հայ գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները խնդրել են հայ համայնքից նրան հուղարկավորելու համար գումար հատկացնել: Հրապարակումից հետո երեկ Սիմֆերոպոլ քաղաքից «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց սպանված գործարարի մտերիմ ընկեր Արամը եւ հայտնեց, որ սպանվածը «ֆինանսական լուրջ խնդիրներ չի ունեցել, թշնամիներ չի ունեցել». «Գիտե՞ք, ինչ տուն, ինչ հյուրանոց ունի: Էդ սեփականատերը ինչ ֆինանսական խնդիրներ պիտի ունենար: Ողջ կյանքը մարդկանց հաց է տվել: Իսկ ով ասել է, թե նա դագաղի փող չունի, գլուխը քարով է տվել»: Արամը նաեւ որոշ մանրամասներ պատմեց գործարարի սպանության դեպքից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ՈՉ ԿՈՄՊԵՏԵՆՏ

 

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նորընտիր նախագահ Գեիորգի Մարգվելաշվիլիի հետ երկկողմ բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսում երեկ Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել: Նա մասնավորապես ասել է. «Մենք միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները, կապված մեր տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք, Հայաստանի Հանրապետության որոշումը` միանալու Մաքսային միությանը, եւ Վրաստանի որոշումը` Ազատ առեւտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին»:
Անկեղծ ասած` դժվար է ադեկվատ բացատրություն գտնել՝ մեկնաբանելու համար այս հայտարարությունը: Այնպիսի տպավորություն է, որ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող գործիչը լավ չի պատկերացնում, թե ինչպիսի պարտավորությունների տակ է մտցնում երկիրը` մտնելով Մաքսային միություն: Տարակուսելի է, թե ինչպես կարող է Սերժ Սարգսյանը խոսել Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՄՄ-ից դուրս որեւէ այլ երկրի հետ երկկողմ տնտեսական հարաբերություններ վարելու մասին, առավել եւս, եթե այդ երկիրը պատրաստվում է ինտեգրվել այլ տնտեսական գոտու: Մի՞թե Սերժ Սարգսյանին հայտնի չէ, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կորցնելու է ինքնուրույն տնտեսական հարաբերություններ կառուցելու ինքնիշխան իրավունքը, այն, ինչի մասին այս ամիսների ընթացքում չեն դադարում ահազանգել ընդդիմադիր գործիչներն ու տնտեսագետները: Ավելին՝ դեռ մեկ ամիս առաջ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը շատ հստակ եւ միանշանակ հայտարարեց, որ «Եվրամիության հետ առեւտրային բանակցությունները հետայսու Հայաստանի փոխարեն կվարի Մաքսային միությունը»:
Առհասարակ, այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է տնտեսական հարցերին, Սերժ Սարգսյանը հաճախ է հանդես գալիս ոչ կոմպետենտ գնահատականներով ու հայտարարություններով: Սկսած 7,5-տոկոսանոց տնտեսական աճի, գազը չթանկացնելու, աշխատավարձերն անցած տարվա հունիսից բարձրացնելու եւ մի շարք այլ չիրականացած եւ օբյեկտիվորեն անհիմն խոստումներից, վերջացրած ՄՄ-ին անդամակցելու դեպքում սպասվող թանկացումների մասին սեփական կառավարության անդամների հայտարարությունների հերքմամբ` Սարգսյանն անընդհատ փաստի առջեւ է կանգնեցնում կառավարությանը, որը պարբերաբար ստիպված է լինում երկրի ղեկավարի ասածները շտկելու եւ սրբագրելու ուղիներ փնտրել:
Եվ նույնն էլ այս դեպքում: Լավ, նախագահականում չկա՞ մեկը, որ գոնե սեփական կառավարության անդամների հայտարարությունները կարդա ու դրանց հակասող տեքստեր չհրամցնի Սարգսյանին:




Լրահոս