ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-Ի ՈՒ ՀՀԿ-Ի ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՄԸՆԿՆԵԼ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը ջերմ է բոլոր քաղաքական ուժերի հետ, ու հատկապես այն ուժի, որը փոխադարձ ջերմությամբ է վերաբերվում իրենց: Ըստ մեր զրուցակցի՝ այժմ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի տեսակետները համապատասխանում են միմյանց:

-Պարոն Մելիքյան, արդեն տեւական ժամանակ է՝ քննարկման առարկա են դարձել ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ջերմ փոխհարաբերությունները, ինչը երկու կողմերն էլ չեն թաքցնում: Ի՞նչ է փոխվել քաղաքական դաշտում:
-Մենք ջերմ հարաբերություններ ունենք ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ բոլոր խմբակցությունների հետ: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի փոխհարաբերությունները բոլոր քաղաքական ուժերի հետ էլ ջերմ են, իսկ որ քաղաքական ուժը մեզ ջերմ է ընդունում, մենք էլ նրան ենք ջերմ պատասխանում:
-Այսինքն, ի սկզբանե ՀՅԴ-ն է իր ջերմությունն ի ցույց դրել, եւ ՀՀԿ-ն ի պատասխա՞ն է սկսել ջերմություն ցուցաբերել:
-Կրկնում եմ՝ մեր փոխհարաբերությունները բոլոր քաղաքական ուժերի հետ ջերմ են ու կառուցողական:
-Բայց ինչո՞ւ է այդ ջերմությունն այժմ զգացվում միայն ՀՅԴ-ի նկատմամբ, մյուս քաղաքական ուժերի հետ ՀՀԿ-ն նման կերպ չի շփվում:
-Դա դուք եք ասում, դուք եք նոր նկատում, ես ի՞նչ կարող եմ ասել:
-Իսկ գուցե ՀՀԿ-ի պահվածքում, աշխատաոճո՞ւմ է ինչ-որ բան փոխվել, որի արդյունքում էլ ՀՅԴ-ն նման «փափուկ» գործելաոճ է որդեգրել Ձեր հանդեպ:
-Ես չեմ կարծում, որ Ձեզ մոտ կարող է տպավորություն ձեւավորվել, որ ՀՀԿ-ն այդպես շուտ փոխվելու բնավորության գիծ, կարծիք կամ ծրագիր, առաջարկություններ ունեցող կուսակցություններից է: ՀՀԿ-ն հստակ ուղղություն ունի եւ գնում է հենց այդ ուղղությամբ:
-Կարծում եք, որ Դաշնակցությո՞ւնն է իր վարքագծում, ծրագրերում, կարծիքներում ինչ-որ բան փոխել: ՀՅԴ-ականներն էլ մշտապես հայտարարում են, որ իրենք հաստատակամ են իրենց ծրագրերում:
-Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ Դաշնակցության ու Հանրապետական կուսակցության ծրագրերը համապատասխանում են որոշակի ժամանակաշրջանի համար:
-Դուք չե՞ք բացառում:
-Ես ոչ մի բան չեմ բացառում, նաեւ չեմ բացառում, որ որեւէ քաղաքական ուժի ծրագիր ինչ-որ ժամանակահատվածի համար կարող է համապատասխան լինել մեր ծրագրերին:
-Հենց այդ համապատասխանության հիման վրա տարիներ առաջ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր կազմել, հնարավո՞ր է կրկին ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն հուշագիր ստորագրվի, չնայած որ նախորդն անբարեհաջող ավարտ ունեցավ:
-Կոալիցիաները միշտ էլ ժամանակավոր են եղել, կոալիցիաները ձեւավորվում են որոշակի ժամանակաշրջանի համար ու ցանկալի է, որ այդ ժամանակաշրջանը բավականին երկարատեւ լինի: Որքան կոալիցիաները երկարատեւ լինեն, դրանից ավելի շատ կշահի մեր ժողովուրդը, մեր պետությունը:
-Հարցս երկրորդեմ. եթե այժմ Ձեր եւ ՀՅԴ-ի տեսակետները համընկնում են, հնարավո՞ր է կիկին կոալիցիա ձեւավորվի:
-Տեսակետների համընկնում կա ու դրանից բխում է, որ դա Աժ-ում կարող է բերել նրան, որ որոշակի օրենսդրական նախաձեռնությունների, քննարկումների, քվեարկությունների ժամանակ տեսակետների համապատասխանեցումը տանի նրան, որ մենք միաձեւ քվեարկենք:
-Նկատելի է դառնում անգամ, որ քվեարկություններից առաջ ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները միասին են որոշում, թե ինչպես են քվեարկելու: Կա՞ որոշակի պայմանավորվածություն ՀՅԴ-ի հետ` քվեարկությունների հետ կապված:
-Նման բան չի լինում: Քվեարկությունից առաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ արտահայտում է իր կարծիքը` իր քվեարկությամբ: Ես չեմ կարծում, որ եթե երկու ուժերի կարծիքները համընկնում են, պետք է անպայման այդ ամենի դեմ խոսակցություններ տարվի: Եթե տվյալ նախագծի շուրջ համապատասխանություն կա, ուրեմն բոլորը քվեարկում են մեկ ձեւով:
-Պարոն Մելիքյան, ՀՀԿ-ն կրկին քվորումի խնդիր է ունենում, թեեւ ՀՀԿ-ական պատգամավորներին հորդորում եք քվեարկություններից չբացակայել, սակայն դա չի ստացվում: Ինչո՞ւ ՀՀԿ խմբակցությանը չի հաջողվում «կառավարել» իր պատգամավորներին:
-ՀՀԿ-ն երբեք քվեարկության խնդիր չունի, ու ամեն անգամ ՀՀԿ պատգամավորներին հորդորելը, որպեսզի չբացակայեն երկրից կամ քվեարկություններին անպայման մասնակցեն, դա ընդամենը աշխատանքային, կարգապահական խնդիրներ են: Նրանք շատ լավ էլ իրենց պարտականությունները կատարում են ոչ միայն ԱԺ դահլիճում, այլ նաեւ տարբեր հանդիպումների ժամանակ: Պատգամավորական աշխատանքը միայն դահլիճային աշխատանքը չէ:
-Իսկ ինչո՞ւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին չեք հորդորում նաեւ հետեւել իրենց վարքագծին, խոսել կոռեկտ, էթիկայի սահմաններում:
-Ես այդ առումով կխնդրեի նաեւ լրագրողներին, որ իրավիճակը չսրեն: Հարց տալու ձեւն անգամ կարող է պատգամավորի կողմից անընդունելի լինել, բայց դա չպետք է երկկողմանի դժգոհության առիթ դառնա:

 

 

ՔԱՌՅԱԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՍԴ ԴԻՄԵԼ ՄԻԱՀԱՄՈՒՌ ՈՒԺԵՐՈՎ

Երեկ «հրաշալի քառյակ»-ը երկար դադարից հետո իր առաջին նիստն է արել: Ինչպես արդեն նախօրեին տեղեկացրել էինք, նիստի օրակարգը հիմնականում կազմված էր կուտակային կենսաթոշակային համակարգը հակասահմանադրական ճանաչելու պահանջով ՍԴ դիմելու եւ միասնական հանրահավաքային պայքարի մեկնարկի հետ կապված հարցերից: Առաջին հարցի շուրջ Քառյակը հանգել է միասնական որոշման, իսկ ահա հանրահավաքների հարցը բաց է մնացել. Քառյակն այդպես էլ չի որոշել առաջին հանրահավաքի օրը:

Նիստի ավարտից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ խորհրդարանական Քառյակը հանդես կգա «Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ. «Այսօր խորհրդարանական Քառյակը կարծում է, որ ճիշտ ժամանակն է այդ հարցով կրկին զբաղվելու եւ վերջնական լուծում տալու համար»: Ռուստամյանը նաեւ նշել է, որ իրենք մտադիր են մի շարք օրինագծեր նախաձեռնել եւ այս կապակցությամբ քննարկվել է Քառյակի ներսում համատեղ դիրքորոշման ձեւավորման հարցը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ որոշվել է դիմել Սահմանադրական դատարան՝ կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Վերջինս նշել է, որ ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները եւս պատրաստ են միանալ նախաձեռնությանը` չնայած որ ի սկզբանե հայտարարել են, թե նպատակահարմար չեն համարում ՍԴ դիմելը:
Արմեն Ռուստամյանն անդրադարձել է նաեւ այն հայտարարություններին, թե Քառյակը «փլուզվում» է. «Այդ լուրերը չափազանցված են»,-վստահեցրել է նա` պարզաբանելով. «ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, որոնք կհանգեցնեն կառավարման խորհրդարանական համակարգին, մնացած երեք քաղաքական ուժերը ներկայում նպատակահարմար չեն համարում սահմանադրական բարեփոխումները»:
Քառյակը քննարկել է նաեւ սահմանամերձ բնակավայրեր կատարած այցելությունից հետո արված հետեւությունները. «Ինչպես հայտնի է, մենք այս ընթացքում այցելել էինք սահմանամերձ բնակավայրեր, եւ այսօր կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ այդ այցելություններից հետո որոշակի կոնկրետ արդյունք արձանագրենք: Մենք ինքներս՝ նաեւ մեր պատասխանատվության բաժինը ընկալելով, կարծում ենք, որ պետք է լուրջ ամփոփվի այդ այցելությունը: Դրա հետ կապված առաջարկն արդեն ձեւավորվել է՝ սահմանապահ գյուղի օրենսդրական ամրագրումն է: Քառյակը որոշեց առաջարկություն պատրաստել՝ այդ նախաձեռնությունը մինչեւ վերջ հասցնելու համար եւ ներկայացնել մեծամասնությանը: Նախագիծն արդեն պատրաստ է, եւ դրա հետ կապված առաջին քայլերի ականատեսը շուտով կլինենք»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է 2015 թվականի բյուջեում ներառել նաեւ ԱԺ պատգամավորների առաջարկությունները: Եվ ահա, ըստ «Ժողովուրդ»-ի, շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հաստատել է այդ մասին:
Նկատենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես մերժում էր այն առաջարկությունները, որոնք ներկայացնում էին խորհրդարանի ներկայացուցիչները: Սակայն ԱԺ նախկին նախագահը չի ցանկանում պատգամավորների հետ նախկինի պես վարվել: Բայց թե որքանով են ազնիվ նրա հրապարակած մոտեցումները, ժամանակը ցույց կտա:

 

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ ԵՆ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է: Նրանց թվում կան նաեւ դպրոցահասակ երեխաներ: «Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզպետարանի առողջության բաժնի պետ Նունե Գեւորգյանից հետաքրքրվեց, թե ինչն է քաղաքացիների հոսպիտալացման պատճառը. «Ընդամենը հիվանդանոց է հոսպիտալացվել 14 հիվանդ, որից երեքը Քաջարանում է բուժվում, իսկ մյուսները՝ Կապանի բժշկական կենտրոնում: 11-ից երկուսը դպրոցահասակ են, մի դպրոցի աշակերտներ են եւ գտնվում են մանկական բաժանմունքում: Իսկ մյուս 9-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Այս պահի դրությամբ դեռ ճշտված չէ սա ինֆեկցիա՞ է, թե՞ ոչ: Առայժմ տալիս են բացասական պատասխան՝ թե՛ կղանքի, թե՛ ջրի: Հետեւաբար չենք կարող նշանակել այլ դեղորայք: Նախնական տվյալներով՝ ունենք բացասական պատասխան ջրի նմուշառումների մեջ»:

 

ՀՈԳՆԵԼ ԷՐ

Նախօրեին աշխատանքից ազատվեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանը, ով ավելի քան հիսուն տարի աշխատել է այս ոլորտում: Նրա փոխարեն այս պաշտոնին նշանակվել է տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը, ով նույնպես երկար տարիների փորձ ունի այս բնագավառում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանից հետաքրքրվել, թե իրականում ինչն է եղել Հախինյանի՝ աշխատանքից ազատման պատճառը. «Ոչ մի խնդիր չի եղել: Նա ազատվել է իր սեփական դիմումի համաձայն, իսկ տնօրենների խորհուրդն այն բավարարել է»: Սակայն գործարանի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ Հախինյանն իր տարիքի պատճառով է ազատվել աշխատանքից: Աշխատակիցների պատմելով՝ հազիվ է կարողացել քայլել եւ արդեն հոգնել էր գործարանի հետագա ճակատագրի հետ կապված անորոշությունից: Ի դեպ, նրանցից տեղեկացանք, որ առաջիկայում գործարանում սպասվում են կրճատումներ:

 

 




Լրահոս