ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՕՐԵՆՍԴԻՐՈՒՄ. ԿԻՍԱԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների զգալի մասն իսկական պատուհաս է դարձել ԱԺ եւ երկրի ղեկավարության գլխին ընդհանրապես: Պատգամավորական մանդատ ունեցողները դպրոցահասակ երեխաների նման վայրկյան առաջ փախչում են ԱԺ դահլիճից՝ տարիներ շարունակ այդպես էլ չգիտակցելով իրենց աշխատանքի լրջությունն ու պատասխանատվության չափաբաժինը:

Երեկ խորհրդարանում բավականին կարեւոր ու ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներին առնչվող երկու օրինագիծ էր քննարկվում, սակայն անգամ այդ իրողությունը բազմազբաղ պատգամավորներին չհետաքրքրեց: Նրանք աղմկում էին, մինչեւ որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սկսեց գործի դնել «մանկավարժի փայտիկը»՝ հրապարակավ զգուշացնելով՝ լռել: Իհարկե, դա արեց փոխաբերական իմաստով: «Նորից պետք է ասեմ, որ աղմուկ է: Աղմուկ է, որովհետեւ լրագրողները նյութ չեն կարողանում գրել: Մի քիչ աղմկենք, որ լրագրողները նյութ ունենան»,- դահլիճին դիմեց Գալուստ Սահակյանը: Սակայն ծովափնյա ամենատարբեր երկրներից մուգ արեւայրուքով խորհրդարան եկած օրենսդիրները օրվա կեսից հետո կամաց-կամաց սկսեցին «ծլկել» դահլիճից, ապա նաեւ ԱԺ շենքից՝ առավել կարեւոր գործերով:
Հիմա դառնանք երկու կարեւոր հարցերին, որոնք երեկ ներկայացված էին 24-ժամյա արագացված ռեժիմով քննարկելու եւ քվեարկելու համար: Ու այդ երեւույթը բարկացրել էր մի շարք պատգամավորների, ովքեր պնդում էին, թե չեն հասցրել ծանոթանալ օրինագծի նրբություններին:
Խոսքը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի մասին է:
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի փոփոխությունը ենթադրում է վարչական տուգանքի ենթարկված քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքների կարգի փոփոխություն: Ինչպես հայտնի է, այսօրվա դրությամբ, եթե անգամ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար որեւէ վարորդ ենթարկվում է, օրինակ, 5 հազար դրամ տուգանքի ու չի վճարում այն, ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը որոշում է կայացնում, դիմում ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանը, որպեսզի բռնագանձի վճարվելիք տուգանքը: ԴԱՀԿ-ն էլ վերցնում ու արգելանք է դնում քաղաքացու հաշվեհամարի վրա՝ արգելելով նրան աշխատավարձ, թոշակ կամ այլ գումար ստանալ բանկից: Այժմ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել օրենքը՝ ԴԱՀԿ-ին արգելելով արգելանք դնել քաղաքացու հաշվի վրա ամբողջությամբ:
Այս օրենքի ընդունումից հետո ԴԱՀԿ-ն իրավունք կունենա արգելանք դնել միայն այն չափով, որքան որ տուգանքն է: Ու եթե օրենքի ընդունումից հետո էլ ԴԱՀԿ-ը կամ առեւտրային բանկերը շարունակեն իրենց քմահաճույքները եւ, օրինակ, 100 հազար դրամի վրա արգելանք դնեն՝ 5 հազար դրամ տուգանքը գանձելու համար, ապա ստիպված պետք է լինեն փոխհատուցել քաղաքացու կրած վնասները ու բաց թողած օգուտը՝ 0,1 տոկոսի չափով:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում երեկ հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկվում է բանկային հաշիվների տեսակավորման հարցը, որպեսզի, օրինակ, մարդու թոշակի, աշխատավարձի վրա արգելանք դնելու իրավունքից զրկվի որեւէ կառույց՝ քաղաքացու ապրելու իրավունքը չխախտելու համար:
Իսկ ահա «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի քննարկումը հետաձգվեց այսօր, առավել զավեշտալի ձեւակերպումներ ունի, որոնք հարթելու եւ անհարմարություններ ստեղծելու հեռանկարները չեզոքացնելու համար, դեռ շատ փոփոխություններ պետք կլինեն: ԱԺ-ում ներկայացված փոփոխության առաջարկը վերաբերում է ՃԵ կանոնների խախտման դեպքերում նամակներով քաղաքացիներին արվող ծանուցումներին:
Պարզվում է՝ 2012-ի փետրվարի 7-ին, երբ «երկրի գլուխը խառն էր» ՀՀ Ազգային ժողովում ընդունվել է այսպիսի ձեւակերպմամբ օրենք. «Վարչական իրավախախտումների դեպքերով ՃԵԿ-ին առնչվող ընդունված որոշումները համարվում են հանձնված, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման վայրում»: Այսինքն, եթե մարդն իր մեքենան գրանցել է հայրական տան հասցեով եւ հետո տեղափոխվել այլ բնակարան՝ ապրելու, տուգանքի նամակը կարող են ուղարկել հայրական տուն եւ չգտնելով հասցեատիրոջը որոշեն դիմել ԴԱՀԿ՝ տուգանքը բռնագանձելու պահանջով: Եվ այս օրենքի ընդունման ժամանակ որեւէ մեկը ելույթ չի ունեցել, չի ահազանգել դրա վտանգավորության մասին:
Հիմա առաջարկվում է փոխել օրենքը եւ տուգանքների ծանուցումը հանձնել առձեռն կամ sms-ի միջոցով, եթե քաղաքացին ինքն է խնդրում իրեն այդպես ծանուցել:
Բայց սա տուգանքների «ոլորտում» առկա խնդիրների միայն մի մասն է, քանի որ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համակարգային լրջագույն խնդիրներ ունի եւ շատ հաճախ քաղաքացու վճարած տուգանքը ոստիկանությունում չի երեւում, դրա համար էլ նրանք դիմում են ԴԱՀԿ՝ բռնագանձելու պահանջով: Բայց այս հարցին օրենսդիրները դեռ չեն անդրադարձել: Խոստացել են՝ կամաց-կամաց ոլորտը կարգավորել: Տեսնենք:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԵԿԱՎ, ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 7 տարի առաջ սպանություն կատարած Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի եղբորորդին` Սմբատը, ոստիկանության աշխատակիցների կողմից երեկ երեկոյան հայտնաբերվել եւ կալանավորվել է:
Հիշեցնենք, որ Սմբատը 2007 թվականի փետրվարի 18-ին Բալահովիտի 20-ամյա բնակիչ Սերյոժա Մկրտչյանին դանակի 5 հարվածով սպանել էր ու հորեղբոր միջնորդությամբ փախել երկրից: Իսկ Սմբատի հայրը` Կորյուն Գրիգորյանը, ավելի վաղ armlur.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, թե նման որդի չունի, իր միակ որդին ամուսնացած է եւ ապրում է Աբովյանում:
Մինչդեռ սպանվածի հարազատները շարունակում էին պնդել, որ հենց գյուղապետի եղբորորդին է եղել դանակահարողը, որի նկատմամբ անգամ հետախուզում չէր հայտարարվում: «Կամոն գյուղապետ էր, ձեռքը խփում էր դրա ուսին ու ասում էր` չվախենաս, ձեռքդ ոնց կտրում ա, կտրի, ինչ անես, տեր եմ: Դրանից առաջ էլ մի 7-8 անգամ մարդկանց դանակահարել էր, ու տենց էլ գործը փակվեց: Ի՞նչ օրենք է, ի՞նչ արդարություն: Մարդասպան թաքցնողը երկրորդ անգամ նորից գյուղապետ դարձավ»,-armlur.am-ի հետ զրույցում ասել էր սպանված Սերյոժայի հայրը՝ Վահան Մկրտչյանը՝ հայտնելով, որ երկար բողոքելուց հետո միայն այս տարվա մարտի 8-ին Սմբատի նկատմամբ հետախուզում հայտարարվեց:

 

ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այս օրերին պատրաստվում է գնալ Ֆրանսիա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին ռեկտորն ասել է, թե համապատասխան փաստաթղթերն է ներկայացրել դեսպանատուն: Նա հայտնել է, որ շարունակում է գիտական գործունեությամբ զբաղվել:
Նշենք, որ Սուրեն Զոլյանին պաշտոնից հեռացրեցին բուհում հայտնաբերված մի շարք խախտումների համար:

 

ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 2-ին, երեկոյան 23:30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում երեք աղջիկների միջեւ լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ Սիվին եւ Անահիտը դաժան ծեծի են ենթարկել Անահիտ անունով մի աղջկա: Նշված ժամին հրապարակում հավաքված տղամարդիկ եւ կանայք չեն կարողացել հանգստացնել աղջիկներին: Իրավիճակը փրկել են մոտակայքում հսկողություն իրականացնող ոստիկանները: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը: Կատարվում է քննություն:

 

ԵՎՐՈՊԱՆ ԷԼԻ ՕԳՆՈՒՄ Է
Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի 2014-ից 2017թվականների ընթացքում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Այս գումարը Հայաստանին է հատկացվում մասնավոր հատվածի զարգացման, հանրային կառավարման եւ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓՈՓՈԽՎԵԼ Է
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջին տարբերակում եղել են բավականին լուրջ փոփոխություններ: Նա նշել է, որ օգոստոսի վերջից արդեն ունեն պատրաստի փաստաթուղթ, որը կարող են ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին: «Մեր սպասելիքները, որ ունեինք քաղաքական կուսակցություններից, այն էին, որ այս քննարկումները շատ ավելի խորը եւ ընդգրկուն կլինեին, ինչը կնպաստեր ավելի արդյունավետ տեսքով նախագծի ներկայացմանը»,-նշել է Դանիելյանը:

 

ՃՇԳՐՏՎԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների եւ երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման նոր կարգով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ
Հետաքննությունը խնդրել է եւս 3 ամսով երկարաձգել գործարար Լեւոն Հայրապետյանի կալանքի ժամկետը: Հայրապետյանի կալանքը մինչեւ դեկտեմբերի 15-ը երկարաձգելու մասին հետաքննության միջնորդությունը կքննվի ուրբաթ օրը՝ Բասմանի դատարանում:

 

ՆԱՄԱԿ՝ ՄԱՀՎԱՆԻՑ ԱՌԱՋ
Armlur.am-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ ՊՆ N զորամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքից զոհված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը մահից առաջ նամակ է թողել: Թե ինչ բովանդակություն է ունեցել նամակը, դեռեւս հայտնի չէ: Կայքի փոխանցմամբ՝ Սամվելի ծնողների վիճակը ծայրահեղ ծանր է: Նրա հոր` Սերգեյ Հարությունյանի համար անընդհատ շտապօգնություն են կանչում: Հիշեցնենք, որ շարքային Սամվել Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է շարքային զինծառայող Վարդան Դավթյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

ԴՌՆԵՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ
Նորաստեղծ «Երդվյալ ազատամարտիկների միություն»-ը չի կարողանում դահլիճ վարձակալել, որտեղ կկարողանա անցկացնել միության առաջին համագումարը: Այս մասին երեկ իր ելույթում հայտարարել է միության հիմնադիր, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը: «Ողջ հայ հասարակությունը տեղյակ է, որ երկրում ձեւավորվել եւ կայացել է «Երդվյալ ազատամարտիկների միություն»-ը, որն իր մեջ է ներառել պատերազմի ժամանակ սահմանների պաշտպանության համար 1-ին իսկ գծում կռված ազատամարտիկներին: Խնդիրը կայանում է նրանում, որ հանկարծակի հանրապետությունում փակվեցին բոլոր այն դռները, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը»,-ԱԺ ամբիոնից դժգոհել է Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո):

 




Լրահոս