ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ «ՇԱՌԼՈՏ»-ՈՒՄ ԾԵԾՎԱԾ ՀԱՅՏՆԻ ԴԵՄՔԵՐԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում ծեծի մասնակից հարկային ծառայողների անունները: Իսկ թե ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, դժվար է ասել:
Եվ այսպես, միջադեպը տեղի էր ունեցել կեսգիշերին մոտ: Ըստ տարածված տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցները հարկային տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց թվում է եղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը: Իսկ ոստիկանությունն էլ տեղեկացրել էր, որ դեպքի առթիվ ոստիկանություն էին բերման ենթարկվել Ռոբերտ Գ.-ն, Անդրանիկ Ա.-ն, Գարիկ Մ.-ն, Ջանիբեկ Մ.-ն: Ի դեպ, այս դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, թե սեպտեմբերի 4-ին աշխատանքից ազատվել է Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ ԱԱԾ աշխատակից Արսեն Ղազարյանը: Ենթադրվում է, որ նրանց ազատման հրամանը կապված է ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:
Ինչից էր սկսվել կռիվը
Մեզ հասած տեղեկություններով՝ «Շառլոտ» գիշերային ակումբի սեփականատերերից մեկը, ով նախկին ոստիկան է, նշված օրը որոշել է ընկերոջ հետ հաց ուտել իրեն պատկանող ակումբում, որտեղ երկար ժամանակ չէր եղել: Սեփականատերն ու իր ընկերը ընթրիք են պատվիրել ու սպասել իրենց պատվերին: Մի փոքր ուշ ակումբ են այցելել մի խումբ երիտասարդներ՝ ակնհայտ ցինիկ պահվածքով, ու տարօրինակ հայացքով նայել ակումբի սեփականատիրոջն ու նրա ընկերոջը: Երիտասարդների սեւեռված հայացքը ու պահվածքը դուր չի եկել նախկին ոստիկանին եւ նա ստիպված է եղել տղաներին հարցնել, թե ինչն է նրանց անհանգստացնում: Տղաներից մեկն ասել է, թե իրենք ակումբը փակել էին տվել եւ իրենցից բացի, նշված ժամին ոչ ոք չպետք է մտներ այնտեղ: Ի պատասխան, ակումբի սեփականատերն ասել է, թե իրենք կարճ ժամանակով են մտել, շտապ հաց կուտեն եւ դուրս կգան՝ չխանգարելով իրենց խրախճանքին: Այս պատասխանը չի գոհացրել տղաներին:
Մի քանի րոպե անց Ֆինանսների նախարարության աշխատակիցներն առանց որեւէ բան ասելու, հաց ուտելու պահին հարձակվել են ակումբի սեփականատիրոջ եւ նրա ընկերոջ վրա ու սկսել ծեծել: Նախկին ոստիկանը զանգահարել է իր փոքր եղբորը, ով ակումբի տնօրենն է եւ հայտնել, որ շտապ գա, կարգի հրավիրի ակումբում հաստատված «բեսպրեդելը»: Սակայն ակումբի տնօրենը, երբ ներս է մտել ու տեսել, թե ում հետ է իր եղբայրը ծեծկռտուք սարքել, խիստ զարմացել է եւ հորդորել է մեծ եղբորը կատարվածը «կուլ տալ» եւ հեռանալ ակումբից: Սակայն ծեծի ենթարկված նախկին ոստիկանն ասել է. «Ես սա կուլ տվողը չեմ», ապա որոշել է դաս տալ իրենց ամենակարող համարող երիտասարդների խմբին:
Այսպիսով, նախկին ոստիկանը եղբորը դուրս հանելով ակումբից, այնտեղ է կանչել մի խումբ տղաների, կողպել ակումբի դուռը, սկսել մի լավ «դաս տալ» ագրեսիվ պահվածքով երիտասարդների խմբին, որոնց մեջ են եղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, ով ՀՀ մաքսատան բաժնի պետ է, նրան ուղեկցող Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, ով «Մետելիցա» ռեստորանի սեփականատերն է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի աներորդին: Այնտեղ են եղել նաեւ ՖՆ մաքսանենգության վարչության աշխատակից Սուրենը, ով ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան է, ինչպես նաեւ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալներից մեկը, ում անունը այդպես էլ չկարողացանք պարզել:
Ինչպես են ծեծել հարկայինի աշխատակիցներին
Մեր աղբյուրների պատմելով, երբ նախկին ոստիկանի հրահանգով ակումբ են մտել նրա՝ ոչ այնքան երիտասարդ ընկերները, Ֆինանսների նախարարության աշխատակիցները բավականին գինովցած էին: Նրանցից մի քանիսը նույնիսկ ձողերի մոտ իրենց վերնաշապիկներն արձակած կիսամերկ աղջիկների հետ պարելիս են եղել: Սակայն խրախճանքը կարճ է տեւել, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչները լավ «դաստիարակել են» հարկային ծառայողներին: Նրանցից մեկին մտցնելով «Ռեդբուլ»-ի սառնարանը ասել են՝ սառնարանը կեր, մյուսին գցել են գետնին եւ քարշ տվել: Կարճ ասած՝ այն աստիճանի են ծեծել իրենց «հացը հարամողներին», որ հարկային աշխատակիցները տարբեր աստիճանի կոտրվածքներ են ստացել:
Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան՝ Սուրենը, տեսնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս եւ այս ամենի հետեւանքով մի քանի հոգի կարող են սպանվել, մի կերպ բացել է ակումբի դուռը եւ փողոցում հսկողություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից օգնություն խնդրել: Ոստիկանները տեսնելով, թե ինչ է կատարվում, դեպքի վայր են կանչել հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին:
Իսկ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ տեսնելով դեպքի վայր ժամանած ոստիկաններին, ցույց է տվել իր վկայականը եւ խիստ տուժած ու անմեղ ձեւանալով խնդրել իրեն շտապ հասցնել հիվանդանոց: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ նախարարի եղբորորդին հայտնվում է նման աղմկալի պատմությունների մեջ՝ օգտագործելով հորեղբոր անունը: Չնայած Գագիկ Խաչատրյանը փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն, ինչպես նկատում ենք, հորդորները տեղ չեն հասել:
Նկատենք, որ Ֆինանսների նախարարության աշխատակիցներից որեւէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել, իսկ թե ինչ կլինի հետո, դժվար է ասել: Միայն հայտնի է, որ գործը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով վարչության վարույթում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԹՈՒՅՆԻ ՄԻՋՈՑՈՎ
Օգոստոսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծաղկունքի երիտասարդ բնակչուհի Նվարդին հարազատները հայտնաբերել են տանը՝ անկողնում՝ մահացած վիճակում: Մինչ հարազատները կտարակուսեին, թե ինչն է եղել Նվարդի մահվան պատճառը, նրանցից մեկը աղջկա անկողնու մոտ նկատել է հեղուկով լի մի շիշ: Ավելի ուշ պարզվել է, որ ապակյա տարայի մեջ թույն է եղել: Ըստ ամենայնի, Նվարդը թույն խմելով է ինքնասպան եղել, քանի որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Իսկ թե ինչը կարող էր երիտասարդ աղջկա ինքնասպանության պատճառ դառնալ, հարազատների համար այդպես էլ անհասկանալի է մնացել:
ՀԵՐՔՈՒՄ ԵՆ
Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր մի տեղեկություն, համաձայն որի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում մասնաբաժին է գնել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Արկադի Ղուկասյանի գրասենյակը երեկ կտրականապես հերքել է այդ լուրը: Մեզ ուղարկված հերքման մեջ մատնանշվում է նաեւ, որ «Ժամանակ» օրաթերթի նույն օրվա մեկ այլ հրապարակման մեջ տեղ գտած եւ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ ու ԼՂՀ նախագահների հետ ունեցած քննարկումների օրակարգին վերաբերող տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը: «Հրապարակումը ամբողջությամբ աղավաղում եւ աղճատում է հայկական երկու հանրապետությունների ղեկավարների հետ ԼՂՀ երկրորդ նախագահի ունեցած քննարումների էությունը», – ասված է Արկադի Ղուկասյանի գրասենյակի արձագանքի մեջ:
ԽԱԲՎԵԼ ԵՆ
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակիչները շարունակում են մնալ անելանելի դրության մեջ: Տուժած քաղաքացիներին տված խոստումները չի կատարել ոչ միայն «Տոնուս» շինարարական ընկերությունը, այլեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բանն այն է, որ վարչապետը «Տոնուս»-ից տուժածներին խոստացել էր հանդիպում կազմակերպել օգոստոս ամսվա վերջին: Սակայն հանդիպումը, չգիտես ինչու, չի կայացել: Ինչի համար էլ տուժած քաղաքացիները մտադիր են վերսկսել իրենց բողոքի ակցիաները: Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերության սնանկացումից հետո մարդկանց կողմից գնված բնակարանները գրավադրվեցին «Արցախբանկում»:
ԲԼԹ
«Ես էլ որ դառնամ 60 տարեկան, իմ ընտանիքի հիշողության համար մի փոքրիկ ֆիլմ էլ ես եմ անելու: Ինձ էլ պիտի ասե՞ն քարոզարշավով է զբաղվում»:
Վահրամ Բաղդասարյան «ԳԱԼԱ»
ՀՀԿ խմբակցության ղեկավարին, ինչպես ասում են, աստղայինը տարել է: Նա իրեն արդեն պատկերացրեց 60 տարեկանում իր մասին ֆիլմ պատվիրելուց եւ նույնիսկ մտավախություն ունեցավ, որ կարող է կասկածեն քարոզարշավ անելու մեջ: Բայց ախր ինքը երկրի նախկին նախագահ չէ եւ երբեւիցե լինելու շանսեր էլ չունի, քարոզարշավ պիտի անի, որ ի՞նչը քարոզի: Պարզ տրամաբանություն, որը կարելի է աշխատեցնել ծիծաղի առարկա չդառնալու համար: Թեեւ Վահրամ Բաղդասարյանի հարազատ կուսակցությունում մարդիկ առանձնապես վատ էլ չեն զգում ծիծաղի առարկա դառնալուց:
«Ես արդեն պատասխանեցի՝ նպատակահարմար չեմ գտել»:
Կարեն Ավագյան «Երկիր»
ՀՀԿ երիտթեւի՝ արդեն ոչ այնքան երիտասարդ առաջնորդը նպատակահարմար չի գտել այս անգամ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Իսկ նախորդ անգամները հիշո՞ւմ եք՝ ինչպիսի էնտուզիազմով էր դա անում, նույնիսկ «գրասենյակի» մակարդակով, տակն էլ ստորագրվում էր՝ «Կարեն Ավագյանի գրասենյակ»: Հետաքրքիր է՝ հիմա ինչու է լռում ամենակարող «գրասենյակը»: Թեեւ մյուս կողմից՝ դժվար թե Կարեն Ավագյանը կարողանա իրեն նպատակահարմար լինելով շարժվել, քանի որ փուչիկների դեպքում արդեն տեսանք, թե ինչ եղավ, երբ նրան վստահեցին ինքնուրույն մի բան նախաձեռնել:
«Հիմա եթե հարցնում եք՝ Ձեր դրես-կոդը նորմալ է»:
Հրայր Թովմասյան Tert.am
Դեռ 2 ամիս առաջ էր ԱԺ աշխատակազմի ղեկավարն առաջարկել խորհրդարան մուտք գործող լրագրողների համար հատուկ դրես-կոդ սահմանել` երեւի ավելի հետաքրքիր եւ օգտակար մտահղացում չունենալու պատճառով: Բայց դե առաջարկը կարծես թե այդպես էլ մնաց օդում։ Այնինչ, լրագրողները շարունակում են հիշեցնել նրան այդ մասին, ինչից էլ Հրայր Թովմասյանը կարծես թե նեղվում է: Հավանաբար հիմա մտածում է, թե այս ինչ «ղալաթ» («ղալաթ» բառի բացատրությունը նայեք բացատրական բառարանում) արեց, որ ժամանակին նման բան ասաց: Միեւնույն է՝ «նորմալ է, էլի, ձեր դրես-կոդը», ի՞նչ եք ուզում:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ