ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻ ՀԻՎԱՆԴԸ, ԱԼԿՈՀՈԼՆ ՈՒ ԽԱՆԴԸ

Վերջին օրերին Արմավիրի եւ Շիրակի մարզերում մի քանի դեպքեր գրանցվեցին, երբ ամուսինները սպանեցին իրենց կանանց: Սպանողներից մեկը հոգեբուժարանի բաժանմունքում հաշվառված է, մյուսը՝ ալկոհոլիկ, իսկ երրորդ դեպքում` խանդոտ ամուսին:
Իհարկե, անգամ այս զազրելի արարքից հետո մարդասպան ամուսինները մի օր դուրս կգան բանտախցից եւ կշարունակեն ապրել մեր բոլորի կողքին. միայն անհասկանալի է, թե ինչ երեսով են նայելու իրենց երեխաների աչքերին. չէ որ նրանց մորն են սպանել՝ զրկելով մայրական ու նաեւ հայրական խնամքից:

Ինչ հերթականությամբ զարգացան դեպքերը
Փետրվարի 15-ին, երկու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Արմավիրի գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Սարխոշյանն իր վաղամեռիկ եղբոր գերեզմանին դաժանաբար սպանել էր կնոջը` 35-ամյա Արաքսիա Մարտիրոսյանին: Նախ` քարով հարվածներ էր հասցրել կնոջ գլխին, այնուհետեւ իր մոտ եղած շեղբով կտրել կնոջ պարանոցը, որից հետո, ցանկացել էր ինքնասպան լինել` նույն շեղբով վնասելով իր պարանոցը եւ ստորին վերջույթները:
Արմավիրում Սարխոշյանին ավելի շատ ճանաչել էին հարսանիքներում երգող, ով նաեւ գրանցված է եղել հոգեբուժական բաժանմունքում: Ամուսիններն իրենց խնամքի տակ ունեին 4 երեխա, որոնցից փոքրը 1.5 տարեկան է: Իսկ ահա ամուսնու եղբայրը, ով տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ էր դարձել, նրա 3 երեխաներին եւս խնամել էին Արթուրն ու Արաքսիան:
Թե ինչն էր եղել ամուսնու կողմից կնոջը 21 դանակի հարվածով սպանելու պատճառը, դեռեւս հայտնի չէ: Միայն նշվում է, որ դեպքի օրը ամուսինները հարսանիքից վերադառնալիս են եղել եւ Արթուրը երթուղային տաքսու վարորդին խնդրել է, որ տանի իր եղբոր գերեզմանի մոտ, որտեղ էլ տեղի է ունեցել չարաբաստիկ դեպքը:
Նկատենք, որ սա ոչ առաջին, ոչ էլ, ցավոք, վերջին դեպքն է, երբ հոգեբուժական բաժանմունքում հաշվառված քաղաքացին մարդ է սպանում: Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը խնդրին որեւէ կերպ չի անդրադառնում:
Եթե Արթուրի դեպքում, գուցե, կատարվածը ոչ լիարժեք բուժման հետեւանք էր, ապա Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ Գրիշան կնոջը սպանել էր ալկոհոլի ազդեցության տակ:
Փետրվարի 16-ին՝ ժամը 12.30-ին, Մայիսյան գյուղի էլեկտրացանցի տեսուչ, 1977 թ. ծնված Գրիշան՝ ժամը 23.00-ի սահմաններում մետաղաձողով հարվածել էր կնոջը՝ Ժենյա Հարությունյանին, ով տեղում մահացել էր: Նրանք երեխաներ չունեին, քանի որ երկրորդ կինն էր: Իսկ նախկին կնոջից Գրիշան ուներ մեկ երեխա:
Սա դեռ վերջը չէ
Երեկ դարձյալ ամուսնու կողմից կնոջը սպանելու դեպք գրանցվեց Գրումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի տնակներից մեկում: Գրիգոր Գրիգորյանը, խանդի հողի վրա մարմնի տարբեր հատվածներին դանակով հարվածներ էր հասցրել իր 28-ամյա կնոջը՝ Լիանա Մանուկյանին եւ սպանել նրան: Այնուհետեւ, երեկոյան ժամը 10.30-11.00 սահմաններում, ինքնակամ հանձնվել էր ոստիկանությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փողոցում ապրող բնակիչներից մեկը, ով հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ, պատմեց, թե Լիանան ու Գրիգորը անհաշտ են եղել, եւ նույնիսկ եղել է մի ընթացք, որ Լիանան հեռացել է Գրիգորից եւ ապրել հայրական տանը:
Ըստ տարածված տեղեկությունների՝ Գրիգորը Լիանային սպանել է, քանի որ բացահայտել է, որ կինը «Օդնոկլասնիկ»-ի սոցիալական ցանցով ծանոթություն է հաստատել ու զրույցի բռնվել ինչ-որ երիտասարդի հետ՝ նրան խոստանալով միասին լինել: Նշենք, որ ամուսիններն ունեին 6 տարեկան երեխա:
Պարզեցինք, որ դեպքից հետո Լիանայի ծնողները փակել են տան դռները եւ իրենց դստեր միակ երեխային տարել իրենց տուն, որը գտնվում է Անի թաղամասում: Իսկ սպանված Լիանային կհուղարկավորեն հայրական տանից:

 

 

 

 

 

 

 

ՍՊԱՆՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԱՌԱՋԻՆԸ ՏԵՍԵԼ Է ՈՐԴԻՆ

Փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դաժանաբար սպանված 47-ամյա հայ գործարար Ստեպան Ճորոխյանի վրա կրակոցներն առաջինը լսել է նրա որդին: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ստեպանի մոտ ընկերներից Արամ Ֆուրմանյանը, ով դեպքից մեկ օր առաջ խոսել էր ընկերոջ հետ:

Նշենք, որ գործարարը սպանվել էր դանակի 6 եւ հրազենի 3 հարվածներից: Ոստիկանության տեղական բաժանմունքի ներկայացուցչի տեղեկության համաձայն՝ կրակել են նրա գլխին ու կրծքին:
Հայտնի է, որ Ճորոխյանը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանն ասել էր, թե գործարարը վերջին ժամանակները ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, իսկ նրա հարազատները խնդրել են հայ համայնքից նրա հուղարկավորելու համար գումար հատկացնել:
Ըստ սպանված գործարարի մտերիմ ընկերոջ՝ Արամի, Ստեպանի հուղարկավորությունը պատշաճ կազմակերպվել է. «Վստահեցնում եմ ձեզ, որ ինքը ոչ մի պրոբլեմ չի ունեցել: Տեղեկությունները, թե ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, չեն համապատասխանում իրականությանը: Նա թշնամիներ էլ չի ունեցել: Որտեղի՞ց պետք է ունենար ֆինանսական խնդիրներ: Գիտեք, ինչ տուն ունի, ինչ հյուրանոց: Այս ամենից հետո ինչ ֆինանսական խնդիրների մասին է խոսքը: Ողջ կյանքը մարդկանց հաց է տվել: Իսկ ով ասել է, թե նա դագաղի փող չունի, գլուխը քարով է տվել»:
Արամի խոսքով՝ ինքը դեպքից մեկ օր առաջ խոսել է Ստեպանի հետ, սակայն որեւէ դժգոհություն չի նկատել: «Եթե նա խնդիր ունենար ինձ կասեր, քանի որ միշտ ինձ հետ կիսվում էր, բայց նման բան չի եղել»: Ըստ մեր զրուցակցի՝ մոտակա ժամանակում հանցագործին կձերբակալեն եւ բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, քանի որ դեպքը տեղի է ունեցել ցերեկը, եւ հնարավոր է` հանցագործին տեսնողներ էլ լինեն:
Արամի կարծիքով՝ կատարվածը ո՛չ բիզնես գործունեության, եւ ո՛չ էլ անձնական վրեժխնդրության հետեւանք է. «Կարող է մի ալկաշ ցանկացել է փող տանի ու սպանել է: Հիմա կասեք` ալկաշին որտեղի՞ց զենք, կասեմ, որ հիմա ալկաշն էլ զենք ունի»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու էին մինչ այս դեպքը պայթեցրել Ստեպանի մեքենան, Արամը պատասխանեց, որ մեքենան չեն պայթեցրել, այլ այրվել է: «Չի՞ լինում, երբ մեքենայի հետ խնդիր է լինում եւ այն այրվում է, սա այդ դեպքն է եղել»:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Որոտան-ի գործարքը գնահատում եմ շատ դրական, պաշտպանում եմ այդ գործարքը, այդտեղ անվտանգության որեւէ խնդիր գոյություն չունի»:

Արթուր Բաղդասարյան Tert.am
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 25-ի համարում անդրադարձել էր Որոտան-ի հեկ-ի վաճառքի մանրամասներին եւ հիմնավորել, որ փաստացի կատարվել է ապօրինություն` օրենքների բացահայտ շրջանցումներով: Կարծում ենք` «շատ դրական» գնահատական տալուց եւ այդ գործարքը պաշտպանելուց առաջ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ավելի ճիշտ կաներ` ուսումնասիրեր նյութը, եթե արդեն ծանոթ չէ մանրամասներին: Իհարկե, հասկանալի է, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագիր ունի, բայց մի՞թե դա նշանակում է, որ պետք է աչք փակել օրենքների շրջանցումների վրա եւ դրական գնահատականներ շաղ տալ:

 

 
«Իմ նախկին եւ ներկա գործընկերոջը` Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ «Մարտի 1-ի» զոհերի հիշատակը դահլիճից դուրս եւ դահլիճում հարգելը չդարձնել, ինչպես իրեն բնորոշ է, սեփական իմիջի փառաբանման գործիք»:

Մարգարիտ Եսայան Facebook
Երկար ժամանակ նախկին լրագրողին եւ ներկայիս ՀՀԿ-ական պատգամավորին համառորեն խուսափում էինք այս սյունակում տեղ հատկացնելուց` առաջնորդվելով զուտ գործընկերական համերաշխության սկզբունքով, բայց կարծես թե ինքն իր կեցվածքով եւ ելույթներով մեզ այլեւս այլընտրանք չի թողնում: Այնպես որ, բարի գալուստ: Ինչ վերաբերում է Մ. Եսայանի գրառմանը, ապա ով ով, բայց գոնե Նիկոլ Փաշինյանը, կարծում ենք, իրավունք ունի ինքը որոշել՝ մարտի 1-ի զոհերի հիշատակը դահլիճի ներսում հարգել, թե դահլիճից դուրս, քանի որ այդ օրը նա ոչ մի րոպե չլքեց հանրահավաքի մասնակիցներին:

 

 
«ՀՀ նախագահը Հայաստանի խորհրդանիշներից է եւ պետք է վերաբերել նրան ինչպես զինանշանին»:

Զոհրաբ Զոհրաբյան 168.am
Երեւի ՀՀԿ-ականների համար նույնպես արժե ասել, որ ՀՀԿ-ականը երբեք նախկին չի լինում, հատկապես եթե այդ ՀՀԿ-ականը դարձել է ԲՀԿ-ական: Չէ՞ որ մեր այլընտրանքայինների «ընդդիմադիր» էությունն իրեն զգացնել է տալիս միայն վարչապետին ու կառավարությանը քննադատելիս, բայց ոչ Սերժ Սարգսյանին: Կամ էլ նախկինում սրտակերի համբավ ձեռքբերած` սկանդալային այս կերպարը, ով ընդհանրապես մի պահ անհետացել էր, մութ պատմությունների մեջ խճճվել, հետո հանգրվանել ԲՀԿ-ում, պահի տակ մոռացել էր, որ ինքն արդեն այլընտրանք է եւ Ս. Սարգսյանի պաշտամունքն այլեւս տեղին չէ:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս