ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԴՈՒՐ ՉԷՐ ԳԱԼԻՍ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՈՃԸ
«Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված այս փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան է: Վերջինս պատմում է Ռոբերտ Քոչարյանի հետ 2007թ. հուլիսին իր իսկ խնդրանքով կայացած հանդիպման մասին: Զրույցը ընթացել է Հայաստանում տվյալ պահին արդիական մի շարք հիմնախնդիրների շուրջ, որոնց թվում է Հայաստանում խոսքի ազատության խնդիրը: Այս համատեքստում դիվանագետը ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի (Ա/Ռ) հիմնահարցը, որը ենթադրում էր ոչ միայն լոկ հաճախականության փոփոխություն, այլեւ խոսքի ազատության սահմանափակում:
Զեկուցագրում տեղ գտած մեջբերումներից ակնհայտ է, որ թեպետ Քոչարյանն ամեն կերպ փորձել է ձեւացնել, թե ռադիոկայանի հաճախականության փոփոխությունը կապ չունի քաղաքականության հետ, բայց, ի վերջո, չի կարողացել իրեն զսպել եւ անուղղակիորեն հաստատել է այդ փաստը: Հատկանշական է, որ դա նկատել է նաեւ ամերիկացի դիվանագետը, ով զեկուցագրի ավարտին հանդես է եկել բավականին հետաքրքիր մեկնաբանությամբ:
Ամերիկացի պաշտոնյան նախ եւ առաջ նկատել է, որ Ա/Ռ-ը բավականին երկար պատմություն ունի եւ արդեն իսկ ավանդույթի է վերածվել Հայաստանում՝ ազատ խոսքի տարածման առումով: Նա միաժամանակ հավելել է, որ ռադիոկայանի առջեւ հարուցվող դժվարությունները բացասաբար են անդրադառնում նրա գործունեության վրա: Այս խոսքերը, սակայն, ամենեւին էլ չեն ազդել Քոչարյանի վրա, ով վճռականորեն հայտարարել է, որ Ա/Ռ-ը չի կարող հեռարձակվել հանրային ռադիոյի հաճախականությամբ: Այսուհանդերձ, Քոչարյանը հարկադրված է եղել փոխզիջման գնալ՝ շեշտելով, որ ռադիոկայանը Հայաստանում իսպառ չի փակվում, այլ անցնում է մասնավոր հաճախականության: Քոչարյանն անձնական երաշխիքներ է տվել, որ լրատվամիջոցը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը:
ԱՄՆ պաշտոնյան, ընդունելով հանդերձ Քոչարյանի երաշխավորությունը, նկատել է, որ մասնավոր հաճախականությամբ հեռարձակվելու պարագայում ռադիոկայանը կզրկվի իր նախկին սփռվածությունից, երբ հասանելի էր ամբողջ Հայաստանի տարաքծում: Ռոբերտ Քոչարյանին այս հանգամանքն ակնհայտորեն չի մտահոգել, քանզի ի պատասխան ամերիկացու նկատառումներին՝ նա հայտնել է, որ Ա/Ռ-ը չի հասնի միայն այն առանձին գյուղերի բնակիչներին, որոնց շրջանում ռադիոկայանը մեծ լսարան չունի: Մեղմ ասած, ծիծաղելի է Քոչարյանի բացատրությունը, քանզի ստացվում է, որ կարելի է լրատվամիջոցի առաջ սահմանափակումներ դնել այն պատճառով, որ ինչ-որ վայրում նրա լսարանը փոքր է: Հազիվ թե մեկը կարող է ապացուցել, որ հանրապետության նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնողի գործառույթն է ռադիոկայանների հաճախականությունը փոփոխելն ու ունկնդիրների քիմքին հաճելի դարձնելը:
Ինչեւէ. Քոչարյանը պնդել է, որ այդ որոշումը ոչ մի կապ չունի ռադիոկայանի խմբագրակազմի հետ: Ավելին՝ «մեծն» ռադիոունկնդիրը նկատել է, որ այդ գործողությունների հիմնական նպատակն է հանրային ռադիոյի ծրագիրը բարելավելն ու ռուսական ռադիոկայաններին եթեր ունենալու հնարավորություն ընձեռելը: Նախկին վոյինի պնդմամբ՝ հանրային ռադիոյում ռուսներին եթեր չտալ հնարավոր չի եղել: Քոչարյանի կարծիքով՝ «եթե ամերիկյան ու ռուսական կայաններն այդքան շատ ժամանակ վերցնեն, ապա հայաստանյան ծրագրերի համար շատ քիչ ժամանակ կմնա»:
Բայց, իհարկե, Քոչարյանը կդավաճաներ իրեն, եթե զուսպ լիներ ու չխոսեր Ա/Ռ-ի խմբագրակազմի գործունեությունից: Դժգոհելով ռադիոկայանի աշխատանքից՝ Քոչարյանն այն որակել է որպես «պրոպագանդա», որն ուղղված է բացառապես ՀՀ կառավարության դեմ: Քոչարյանը հավելել է, որ Ա/Ռ-ի հաղորդումները լավն են եղել մինչեւ 2002թ.-ը, որից հետո նոր խմբագրակազմն իր գործունեությունը ծավալել է բացառապես հակաիշխանական տոնայնությամբ: Նրա պնդմամբ՝ ռադիոկայանում «մի մարդ կա, ով առաջ է մղում իր հակակառավարական անձնական մոտեցումները՝ հանրայնացնելով ու խաչաձեւելով ընդդեմ Հայաստանի իշխանությունների»: Ապա հավելել է, որ ինքը խնդիր չի տեսնում իր հանդեպ անձնական քննադատության մեջ, սակայն անընդունելի է, երբ լրատվամիջոցը հարվածում է Հայաստանի ազգային արժեքներին: Հատկանշական է, որ Հայաստանի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած Քոչարյանի համար կառավարությանը քննադատելը համազոր է ազգային արժեքները ոտնահարելուն: Իսկ արդյո՞ք ազգային արժեքների հետ առնչություն ունեն ընտրությունները կեղծելը, իշխանությունը բռնազավթելն ու անզեն քաղաքացիների վրա դիմահար կրակելու հրաման արձակելը:
Փաստաթղթի վերջում Փերինան, մեկնաբանելով Քոչարյանի պահվածքը, նշել է. «Քոչարյանի կողմից ցույց տրված ջերմ վերաբերմունքն ու ընկերական կեցվածքը թյուր տպավորություն են ստեղծում՝ ի հեճուկս նրա որդեգրած դիրքորոշման: Նրա անփոփոխ ժպիտը, հաճելի պահվածքը ոչ մի ընդհանուր բան չունեն նրա համառ դիրքորոշումը թաքցնելու հետ: Մենք բախվեցինք նրա վճռական վերահաստատմանն ու անձնական երաշխավորությանը, որ «Ազատություն»-ը ամբողջությամբ պաշտպանված ու անվտանգ կլինի բոլոր տեսակի միջամտություններից ու առարկայական ազդեցությունից: Մենք քիչ հնարավորություն ենք տեսնում, որ Քոչարյանը փոխի իր կարծիքը ռադիոկայանն այլ հաճախականություն տեղափոխելու հետ կապված՝ հաշվի առնելով նրա վճռական մոտեցումն այս հարցում»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԻ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին դիմեց Երեւանի բնակիչ Կարապետ Պետրոսյանը, ով տեւական ժամանակ է, ինչ իրենց շենքի «Ֆրունզե 10» համատիրության նախագահից պահանջում է իր կողմից բարձրացված խնդրին լուծում տալ, սակայն անօգուտ: Բանն այն է, որ Պետրոսյանին պատկանող նկուղն արդեն մեկ շաբաթ է, ինչ կոյուղաջրերով է լցվել՝ գարշահոտություն տարածելով:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացի Կարապետ Պետրոսյանը բնակվում է Երեւանի Արշակունյաց 44/2 շենքում, որի կոյուղաջրերը լցվել են իրեն պատկանող նկուղը: Քաղաքացին այս խնդրով շուրջ մեկ շաբաթ է, ինչ դիմել է համատիրություն, սակայն մինչեւ հիմա այն չի լուծվել: «Ամեն օր գնում եմ համատիրություն, բայց այնտեղ ասում են՝ գնա, այսօր կգանք: Գնում եմ տուն, բայց չեն գալիս: Հաջորդ օրն էլ եմ գնում… ու նորից նույնը: Լավ, մինչեւ ե՞րբ: Նախորդ երկուշաբթիից դիմել եմ: Արդեն չգիտեմ, թե ինչ անեմ, շենքի բնակիչներն էլ գնում-գալիս են ու դժգոհում: Բոլորն էլ տրտնջում են շենքում լցված գարշահոտությունից: Բայց ես ի՞նչ անեմ: Ապրում եմ առաջին հարկում ու անմիջապես ես եմ զգում այդ գարշահոտությունը»,- վրդովված պատմեց քաղաքացին: Նրա խոսքով՝ շենքում հավանաբար խողովակ է պայթել, որի պատճառով էլ կոյուղաջրերը լցվել են քաղաքացու նկուղը: «Բայց ես չեմ հասկանում՝ պատկան կառույցներն այսպե՞ս են աշխատում: Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ խնդրում եմ գան ու այս հարցը կարգավորեն: Ախր մեզ անհարմարություն է պատճառում»,-զայրացած ասաց Պետրոսյանը:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցեց նաեւ «Ֆրունզե 10» համատիրության նախագահ Վարդան Մարգարյանի հետ, ում պատասխանատվության տակ է գտնվում նաեւ Արշակունյաց 44/2 շենքը: «Ես իրենից խնդրել էի, որ իր նկուղի աղբը մաքրի, բայց ինքն էլ պատասխանեց, որ չի կարող: Ու ասաց, որ ինքը համապատասխան մարդու կվարձի, ով կմաքրի նկուղը: Բայց չարեց: Դրա համար էլ անընդհատ ձգձգվում էր այս խնդրի լուծումը: Բայց ես ձեզ խոստանում եմ, որ այս հարցը արագ կլուծվի: Հենց այս պահին ես գնում եմ այնտեղ, որպեսզի ինքս անձամբ անեմ դա: Ուղղակի մեզ էլ հասկացեք, աշխատող չկա: Ընդամենը երեք հոգի ենք, չենք հասցնում: Շենքերը շատ են, խնդիրներն էլ՝ նույնպես»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարացավ Մարգարյանը:
Տեսնենք՝ կկատարի՞ իր խոստումը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶԵՐ
ԴԻՆ ՉԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ սպանված Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանից վերադարձնելու հարցում որեւէ նորություն չկա: Այդ մասին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Այնուամենայնիվ, Չինարիի բնակիչները հույս ունեն, որ այդ հարցը լուծում կստանա: Գյուղապետը հայտնեց, որ «Բարսեղի յալ» կոչվող տարածքի անտառից (ուր վառելափայտի էր գնացել Կարեն Պետրոսյանը), շատ չինարեցիներ, այդ թվում՝ ինքը, վառելափայտ են հայթայթել: Սաղոյանն ասաց, որ Կարեն Պետրոսյանը նախկինում եղել է Ռուսաստանում: Դոնի Ռոստով քաղաքում գտնվող եղբայրը Կարենին իր մոտ էր հրավիրել, որպեսզի նա այնտեղ աշխատեր: Կարեն Պետրոսյանի մայրը հոգեպես անառողջ է եւ խնամքի կարիք ունի: Հենց այդ պատճառով էլ մեկ տարի առաջ Կարենը Ռուսաստանից հայրենի գյուղ էր վերադարձել:
ՖՈՒՏԲՈԼ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում այժմ խաղաղ է, կրակոցներ չկան: Օգտվելով հարաբերական անդորրից՝ մարդիկ զբաղված են իրենց գործերով: Սեպտեմբերի 6-ին սահմանամերձ Չորաթանի գյուղապետ, գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վարուժան Բաղմանյանը ֆուտբոլային խաղի է հրավիրել Չինարիի վետերան ֆուտբոլիստներին: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի ներկայացմամբ՝ չորաթանցիներն առաջարկել են, որպեսզի սահմանամերձ գյուղերի վետերան ֆուտբոլիստների մրցավեճին մասնակցեն 40-ից բարձր տարիք ունեցողները: Չինարեցիների կազմում ամենաավագ ֆուտբոլիստը եղել է 78 տարեկան, թիմում եղել են 60-ն անց չինարեցիներ: Ս. Սաղոյանի խոսքերով՝ իրենց թիմի կազմում տարիքով ամենից երիտասարդը եղել է ինքը՝ 55 տարեկան; Իսկ չինարեցիների կազմն ավելի երիտասարդական էր: Ընկերական խաղն ավարտվել է 3:1 հաշվով՝ հօգուտ Չորաթանի: Ս. Սաղոյանի խոսքով՝ «ռեւանշ» խաղը կկայանա սեպտեմբերի 12-ին՝ Չինարիի մարզադաշտում:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Բաբկեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2001թ. սեպտեմբերի 10-ին զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով թողել է զորամասը, իսկ 2014թ. հունիսի 23-ին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչություն: Բացի այդ, 2001թ. սեպտեմբերի 17-ից գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում՝ 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, առանց սահմանված փաստաթղթերի, Բագրատաշենի անցակետով հատել է ՀՀ պետական սահմանը: Բ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով եւ 362 հոդվածի 1-ին մասով: Այս քրեական գործով դատավարությունը մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ