ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՈՒ «ՄԵԳՈ ԳՈԼԴ»-Ի ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Oրերս «Մեգո գոլդ» ընկերությունը Թուխմանուկի ոսկու հանքավայրի բացհանքի նախագիծ է ներկայացրել, որի հասարակական քննարկումը կլինի այսօր` Մելիքգյուղի գյուղապետարանում: Բնապահպաններն ահազանգում են, որ այս նախագծում պոչամբարը նշված է արդեն բոլորովին այլ տեղում եւ մոտ 5 անգամ մեծ է, քան Մելիքգյուղը:
Բնապահպան Գրետա Գաբրիելյանի խոսքով՝ ներկայում «Մեգո-Գոլդ»-ը ներկայացրել է բացհանքի նոր նախագիծ, դարձյալ ոչ լրիվ, առանց պոչամբարի ու ֆաբրիկայի: «Միտումնավոր հաշվի չեն առնված դիմումատուի` ՀՀ-ում ունեցած նախկին ընդերքօգտագործման մասին տեղեկությունները, հակառակ դեպքում Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը չէր կարող այսպիսի նախագիծ ընդունել, բայց այն ընդունելով ցանկանում են կոծկել նախկին ապօրինի հանքահանումը»,- պնդում է բնապահպանը:
Բնապահպանի պնդմամբ՝ այս նախագծում պոչամբարը նշված է արդեն բոլորովին այլ տեղում եւ մոտ 5 անգամ մեծ է քան Մելիքգյուղը: Այն նախատեսվում է կառուցել Հալավար գետի հունում, գյուղատնտեսական հողերի վրա, Հալավարի ջրամբարի անմիջապես վերեւում: Ըստ բնապահպանի` Մելիքգյուղը, Միրաքը եւ Ռյա-Թազան մնալու են ֆաբրիկայի եւ պոչամբարի արանքում: «Պատրա՞ստ են այս գյուղերի տնտեսությունները կորցնել իրենց գյուղատնտեսական հողերը լցակույտերի ու պոչամբարի տակ, կարո՞ղ են ապրել պոչամբարի հարեւանությամբ, կորցնել իրենց մաքուր ջրերը, իրենց ավանդական աշխատատեղերը, այն հույսով, որ ինչ-որ հանքագործի աշխատանք է գոյանալու, այն էլ` ժամանակավոր: Դրանից հետո կարողանալո՞ւ են ապրել այդ տարածքում»,-հետաքրքրվում է բնապահպանը:
Իսկ ահա «Մեգո գոլդ» ընկերության տնօրինությունը վստահեցնում է, որ իրականում, ընկերության կողմից ներկայացված եւ հանրորեն հասանելի փաստաթղթերի համաձայն` պոչամբարի տարածքը կազմում է ընդամենը 1,53 հեկտար, իսկ Մելիքգյուղի վարչական տարածքը` մոտ 2900 հեկտար է. այն է՝ պոչամբարի տարածքը ոչ թե 5 անգամ մեծ է Մելիքգյուղի տարածքից, այլ 1895 անգամ փոքր է նրանից:
Օրեր առաջ մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից հունիսի 30-ին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն «Մեգո գոլդ» ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի նոր պոչամբարի նախագծին: Սա հիասթափություն եւ խորը վրդովմունք է առաջացրել ոչ միայն բնապահպանների, այլեւ Մելիքգյուղի բնակիչների մոտ: Այս առիթով, Մելիքգյուղի մի խումբ երիտասարդներ բաց նամակով դիմել են նախարարին:
Սակայն «Մեգո գոլդ» ընկերության տնօրինությունը «Ժողովուրդ»-ին ներկայացված իր մեկնաբանության մեջ պնդում է, որ այդ նամակը կեղծված է. «Բնապահպանների կողմից կազմակերպվել, համացանցով ու այլ միջոցներով տարածվել է «Բաց նամակ բնապահպանության նախարարին» անվամբ մի փաստաթուղթ, որն իբր ստորագրվել էր համայնքի 20 անդամների կողմից` Ընկերության գործունեության դեմ: Նամակում ներառվել են ամպագոռգոռ, սակայն սին արտահայտություններ պետական մակարդակի խարդախության, կոռուպցիայի, համայնքի անդամների սահմանադրական իրավունքների համատարած խախտման, եւ այլ հրեշավոր արարքների վերաբերյալ` հընթացս գովերգելով կեղծաբան հեղինակների գործունեությունը: Պարզվել է, սակայն, որ նամակի տակ դրված 20 ստորագրություններից 11-ը պարզապես կեղծվել է, իսկ ստորագրողներից եւս 4-ը ընդհանրապես համայնքի անդամ չեն: Այդ կեղծիքին զոհ դարձած համայնքի անդամներն արդեն տեղեկացրել են այդ մասին ընկերությանը եւ բնապահպանության նախարարին»:
«Մեգո գոլդ» ընկերության տնօրինությունը վրդովված է բնապահպանների այն հայտարարություններից, թե ընկերության գործունեության արդյունքում Թուխմանուկին հարակից Մելիքգյուղի համայնքում «երեխաներ չեն ծնվում», «ծնելիությունը գրեթե զրոյական է»: Այս առումով ընկերությունը «Ժողովուրդ»-ին որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացրեց. «Իրականում Մելիքգյուղում նույն ժամանակահատվածում ծնվել էր 32 երեխա, իսկ գյուղում ծնելիության ցուցանիշը մոտ 1.7 անգամ գերազանցում էր Հայաստանում այդ ժամանակահատվածի ծնելիության ցուցանիշը: Նույն անձինք պնդել են, թե իբր «բազմապատիկ անգամ նվազել է հողի բերքատվությունը», «գյուղացիները բերք չեն ստանում», «համայնքի գյուղատնտեսությանը պատճառվել է մեծ ծավալի վնաս», երբ իրականում համայնքը ստացել էր գարու եւ կարտոֆիլի ռեկորդային բերք, իսկ առվույտի եւ այլ կուլտուրաների բերքատվությունը նույնպես միջինից բարձր էր»:
Իսկ բնապահպանների այն պնդումները, թե իբր «Թուխմանուկի 3-րդ պոչամբարը 5 անգամ մեծ է լինելու Մելիքգյուղից», «շահագործումից կարճ ժամանակ անց գյուղը ստիպված պետք է տեղափոխել» կամ «պոչամբարը կառուցվում է մի հատվածում, որտեղից 3 գյուղ պետք է տեղափոխվի», ընկերությունում համարում են «զառանցանքային պնդումներ»:
Ավելին, նրանք հայտարարում են, թե նույն բնապահպանները գործում եւ հրահանգավորվում են ընկերության դեմ միջազգային եւ օտարերկրյա իրավական ատյաններում պարտություն կրած անձանց կողմից, որոնց նպատակն է հասարակությանը հրամցնել ընկերության գործունեության վերաբերյալ առավելագույնս կեղծ եւ շինծու պնդումներ: Ի դեպ, ընկերությունը պատրաստ է ներկայացնել վերոնշյալը հաստատող նյութեր:
Թե որքան կշարունակվի բնապահպանների եւ հանքարդյունահանողների միջեւ այս պայքարը, եւ ում ներկայացրած տեղեկատվությունն է առավել հավաստի` դժվար է ասել: Ամեն դեպքում անվիճելի է մեկ բան. որեւէ վայրում, անգամ բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ շահագործվող բացհանքը եւ պոչամբարը չեն կարող չվնասել բնությանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
Ազատամարտիկ Արմեն Աբրահամյանը, ով պատերազմի դաշտում 4 անգամ կոնտուզիա է ստացել, այսօր իր ընտանիքի հետ միասին բնակվում է Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղի խոնավ, անբարեկարգ, 1 սենյականոց նկուղում։ Այցելելով Արմենին եւ նրա ընտանիքին՝ ականատես եղանք ծայրահեղ աղքատության: Արմենն արդեն հաշմանդամ է եւ պատերազմից հետո գրեթե անընդունակ որեւէ ֆիզիկական աշխատանք կատարելու:
Տան հոգսն իր վրա էր վերցրել Արմենի կինը՝ Քրիստինեն, ով աշխատում էր, որպեսզի կարողանա հոգալ ընտանիքի ապրուստը: Սակայն վերջերս ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով նա նույնպես այլեւս ի վիճակի չէ աշխատել: Կինն ունի նեւրոզ, ստամոքսի խոց եւ մի շարք կիստաներ, իսկ վերջերս էլ ուշագնաց է եղել:
Քրիստինեն մեզ հետ զրույցում մեկ առ մեկ ներկայացրեց Արմենին շնորհված մեդալները, այդ թվում «Արցախյան մայրերի երախտագիտության», «Զորավար Անդրանիկ» մեդալները, որոնք վերջերս են շնորհվել ամուսնուն: Այնինչ, նման պարգեւների արժանացած ազատամարտիկի ընտանիքը գոյատեւում է ընդամենը 32 000 դրամ նպաստով, որը նույնիսկ կոմունալ վճարներին եւ օրական գոնե 1 անգամ նորմալ սնվելուն չի բավականացնում։ Իսկ ծերության կենսաթոշակ էլ դեռ չեն ստանում:
«Անգամ զինվորական թոշակից է Արմենը զրկված, ասում են՝ կամ ինչ-որ թուղթ է պակասում, կամ էլ ձգձգում են, հիմա թղթերը նորից ենք ներկայացրել ու դեռ սպասում ենք»,-բացատրեց Քրիստինեն։
Ընտանիքում 3 անչափահաս երեխա կա՝ 7-ամյա Մերին, 13 -ամյա Արմինեն, 17- ամյա Թագուհին։ Արմենը, նրա ծեր մայրը, կինն ու երեք աղջիկները քնում ու արթնանում են մի սենյակի մեջ, սենյակ ասվածն էլ, ինչպես նշեցինք, խոնավ նկուղ է: Սակայն, չնայած ծայրահեղ ծանր պայմաններին, երեխաները գերազանց են սովորում ու, ամենակարեւորը, հպարտանում են իրենց հայրիկով։
Մայրն ասաց, որ խանութում ունեն 70 -75 000 դրամի սննդի պարտք, սակայն նա չգիտի, թե ինչպես է դա մարելու: Մեր այցի ժամանակ տունը զրկված էր նաեւ հոսանքից՝ պարտքերի պատճառով: Սա է մեր ցավալի իրականությունը. հայրենիքի համար իր կյանքը չխնայած ազատամարտիկի ընտանիքին այսօր ոչ միայն ձեռք մեկնող չկա, այլեւ նա զրկված է իրեն հասանելիք զինվորական թոշակից, որը կյանքի գնով է ձեռք բերել:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵՔ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Երեկ կոնդեցիները հավաքվել էին Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց, որպեսզի ներկայացնեն իրենց պահանջները: Բնակիչները բողոքում են, որ արդեն 7 տարի է՝ իրենց բնակարանային հարցերը չեն լուծվում: Armlur.am-ի հետ զրույցում մի քանի բնակիչ վստահեցրել է, որ դեռեւս այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ էր, քանդեցին իրենց բնակարանները՝ ասելով, թե դա արվում է Կոնդը բարեկարգելու նպատակով, եւ քանդված բնակարանները կվերակառուցվեն: Սակայն փաստն այն է, որ 215 ընտանիք մնացել է անտուն եւ ապրում է վարձված կացարաններում: ՀՀ նախագահի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ով խուսափել է armlur.am-ի տեսախցիկից՝ պատճառաբանելով, որ իրեն վատ է զգում, դիմելով բնակիչներին՝ ասել է, որ իրենց հարցը քննարկվում է:
Դրանից հետո լարված իրավիճակ է ստեղծվել: Բնակիչներից մեկը բղավել է. «Ինչո՞ւ եք անընդհատ խաբում: Մնացել ենք առանց տուն: Քեզ ինչո՞ւ են ուղարկել ստեղ: Վատ ես զգում, գնա քո աշխատասենյակ»: Մոտ 1 ժամ սպասելուց հետո բնակիչներին մոտեցել է Սերժ Սարգսյանը, ով էլ ասել է, որ այդ հարցով պետք է զբաղվի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Բնակիչների հարցին, թե կարող են իրենք անհանգստացնել Նարեկ Սարգսյանին, Ս. Սարգսյանը վստահ հայտարարել է. «Կարող եք անհանգստացնել, ձեր խնդիրը դրվել է քննարկման, վերջնական որոշում չի կայացվել»: