ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՍՏ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ` ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՂԵԼ Է «10 ԵՎ ԱՎԵԼԻ ԶՈՀ»

«Վիկիլիքս»-ի հանրայնացրած հերթական փաստաթուղթը պատմում է Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի միջեւ կայացած հանդիպման մասին: 2008թ. հոկտեմբերի 9-ին կայացած զրույցի ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են ներհայաստանյան զարգացումները, որոնց համատեքստում կենտրոնական նշանակություն է ստացել Մարտի 1-2-ի ողբերգությունը: Քննարկման ընթացքում Հ. Աբրահամյանը հանդես է եկել մի քանի ուշագրավ գնահատականներով, որոնց շուրջ Յովանովիչը չի զլացել հնչեցնել նաեւ սեփական մեկնաբանությունները:

Հովիկ Աբրահամանը նախ եւ առաջ պարզաբանել է, որ Մարտի 1-2-ի իրադարձությունները Հայաստանի շահերից չեն բխել, եւ «իշխանությունները մերժում են նման բաները»: Նա ընդգծել է, որ իշխանությունները ստիպված են եղել պատժել մեղավորներին անկախ նրանից` իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության մեջ են եղել: Մարտի 1-2-ի բռնությունների մեղքը Աբրահամյանը բարդել է «հատուկ ծառայությունների վրիպումների վրա, որոնք անկարող էին այլեւս թույլատրել Ազատության հրապարակում չարտոնված հանրահավաքները»: Ի պատասխան Ազատության հրապարակի հարկադրական մաքրման հարցին` ԱԺ խոսնակը նկատել է, թե «մենք ցանկացել ենք պահել օրենքը, չենք ցանակացել զինված շարժում տեսնել այնտեղ»: Դեսպան Յովանովիչն ընդունել է, որ նման իրավիճակներում իշխանություններն ունեն բռնությունների մեղավորներին պատժելու իրավասություն, բայց եւ հատուկ ընդգծել է, որ իշխանությունների առաջնային պարտականությունն օրենքի պահպանումն էր հենց ցո՛ւյցերի ժամանակ: Ըստ Յովանովիչի` իշխանությունը պիտի ստեղծեր այնպիսի միջավայր, որ ցուցարարները մնային օրենքի սահմաններում եւ լինեին հրապարակում այնքան, ինչքան կամենում էին: ԱՄՆ դեսպանը նկատել է, որ իրենք ուշադրությամբ հետեւում են խորհրդարանական հանձնաժողովի գործունեությանն ու սպասելու են դրա վերջնական եզրակացությանը:
Հատկանշական է, որ զրույցի հաջորդ հատվածում Հովիկ Աբրահամյանը առիթը բաց չի թողել հիշատակելու միջազգային դիտորդների գնահատականները, ըստ որոնց` 2007թ. եւ 2008թ. ընտրությունները ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ են եղել: Մեր կողմից նկատենք, սակայն, որ միջազգային դիտորդների եզրակացություններում արձանագրված է ոչ թե «ժողովրդավարության տեսնակյունից մի քայլ առաջ», այլ «մի քայլ առաջ այն չափանիշների համատեքստում, որ Հայաստանը ստանձնել է ԵԽԽՎ առաջ»: Սրանք միանշանակ տարբեր բաներ են, եւ, ի վերջո, հատկապես վերոհիշյալ ընտրություններից հետո Հայաստանում այլեւս ոչ ոք իրական ուշադրություն չի էլ դարձնում հար եւ նման այդ զեկույցներին: Բարեբախտաբար հասարակությունն արդեն գիտակցել է, որ նման զեկույցները ծառայում են լոկ արտաքին ուժերի շահերին եւ ոչ մի իրական դերակատարություն չունեն իշխանությունների ապօրինությունները զսպելու գործում:
2008թ. նախագահական ընտրությունները քննելիս Աբրահամյանն ընդունել է, որ այդ ընտրություններում խախտումներ եղել են, բայց ըստ նրա` վերջնական արդյունքի վրա ազդելու տեսանկյունից դրանք անբավարար են եղել: Հետաքրքիր է, ովքե՞ր են եղել այդ «աննշան» խախտումների հեղինակները: Միգուցե իշխանությունները թեկուզ այդ «աննշան» խախտումների մեղավորներին գոնե մեկ անգամ պատժեի՞ն, որ դրանք այլեւս չլինեն:
Աբրահամյանը նկատել է, որ «ի տարբերություն նախորդ ժամանակների՝ արդեն 3 ամիս է, ինչ ընդդիմադիր գործիչները հայտնվում են հեռուստաէկրաններին, նույնիսկ հանրայինի եթերում»: Ըստ ԱԺ խոսնակի` ընդդիմադիրները միշտ նույն բանն են կրկնում, դրա համար էլ արդյունքի չեն հասնում: Զարմանալի է, թե ինչպե՞ս պիտի ընդդիմադիրները նոր բաներից խոսեն, եթե երկրում որեւէ խնդիր ոչ միայն չի լուծվում, այլեւ ավելի է խորանում: Արդ, ի՞նչ մեղավոր է ընդդիմությունը, որ ստիպված է անընդհատ խոսել նույն խնդիրներից, որոնք տասնամյակից ավելի է` չեն լուծվում: Միգուցե Աբրահամյանը վերհիշի վերջին տարիների իր հայտարարությունները եւ պարզի, թե ինչ նոր բաներ է ասել, որ մինչ այդ ոչ ոքի մտքով չի անցել: Հարկավ, «քաղաքական գործչին խելք պետք չէ», «հաստավիզ լրագրողներ» եւ նմանօրինակ մյուս արտահայտությունները ամեն ոք իրեն թույլ տալ չի կարող, եւ ընդդիմությունը դեռ երկար պետք է աշխատի, որ կարողանա մտածողական նման հրաշքներ շռայլել եւ «նոր բան» ասել:
Հատկանշական է, որ ամերիկացի դիվանագետն ուղղակիորեն պատասխանել է Աբրահամյանին` նկատելով, որ 2008թ. նախագահական ընտրությունները Հայաստանի համար ոչ մի ժողովրդավարական առաջընթաց էլ չեն եղել: Դեսպանը արտահայտել է իր ցավը «10 եւ ավելի մարդկանց մահվան համար»: Տարօրինակ է, ի՞նչ է նշանակում «10 եւ ավելի զոհեր»: Չէ՞ որ պաշտոնական տվյալներով՝ Մարտի 1-2-ի արդյունքում զոհվել է կոնկրետ 10 քաղաքացի, ուստի անհասկանալի է դեսպանի «եւ ավելի» արտահայտությունը: Ինչեւէ, փաստ է, որ իշխանության ներկայացուցիչների հետ զրույցներում արտասահմանցի դիվանագետները բավականին քաջատեղյակ են մեր երկրի իրական դրությունից եւ, ըստ անհրաժեշտության, ուղղակիորեն ժխտում են զրուցակիցների հրամցրած «ճշմարտությունները»: Իսկ իշխանություններին էլ այլ բան չի մնում, քան կրկնել այդ թերի «ճշմարտությունները»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԵՍ ԵՄ ՀԱՂԹԵԼՈՒ»

Մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգ քաղաքի «Getec» մարզահամալիրում Արթուր Աբրահամը եւ Ռոբերտ Շտիգլիցը կվիճարկեն WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտը կցուցադրվի գերմանական SAT 1 հեռուստաընկերությամբ, նաեւ՝ Հ1-ով։ Սա մրցակիցների երրորդ մենամարտն է։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին՝ Բեռլինում, երբ Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ, միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուրը ռեւանշի հնարավորություն տվեց մրցակցին։ Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին, Աբրահամը 3-րդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը, եւ Շտիգլիցը հաղթեց տեխնիկական նոկաուտով: Առաջիկա մենամարտից մեկ օր առաջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արթուր Աբրահամի հետ։

-Արթուր, ինչպե՞ս անցավ մենամարտի նախապատրաստական փուլը, Դուք գո՞հ եք:
-Մենամարտի նախապատրաստական փուլն անցավ դժվար, ծանր. 2013-ի դեկտեմբերից սկսած` տքնաջան պարապում էի Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում: Չեմ դժգոհում. չէ՞ որ այդ ամենը միտված է իմ մեծ նպատակի իրականացմանը, այն է` հաղթել մարտի 1-ին եւ վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մարզիչս` Ուլլի Վեգները, ով սովորաբար դժգոհ է լինում իր մարզիկների մարզավիճակից, ասում է, որ գոհ է ինձանից: Իսկ եթե նա գոհ է, ուրեմն ես էլ եմ գոհ:
-Քաշ գցելու հետ կապված խնդիրներ ծագեցի՞ն:
-Ոչ: Ես մենամարտերից առաջ քաշս նվազեցնում եմ` հատուկ մարզումների միջոցով եւ սահմանափակումներ կատարելով իմ սննդակարգում: Մենամարտի նախորդ օրը` փետրվարի 28-ին, ես եւ Ռոբերտ Շտիգլիցը պետք է հրապարակային կշռվենք. իմ քաշը չպետք է գերազանցի 76.2 կգ-ը:
-Թե՛ Դուք, թե՛ Շտիգլիցը ներկայացնում եք Գերմանիան. ինչպիսի՞ հարաբերություններ են ձեւավորվել Ձեր եւ նրա թիմի, նաեւ` անձամբ Ձեր եւ նրա միջեւ:
-Նորմալ փոխհարաբերություններ են: Երկար ժամանակ Շտիգլիցը եւ նրա թիմը չէին ընդունում իմ այս երրորդ` ռեւանշ-մենամարտի մարտահրավերը: Բայց 2013-ին Բուդապեշտում կայացավ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) ամենամյա գիտաժողովը, որի ընթացքում որոշվեց, որ ես աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ եմ, եւ աշխարհի գործող չեմպիոնը պարտավոր է մենամարտել ինձ հետ: Այսինքն` Շտիգլիցը եւ նրա թիմն արդեն պարտավոր էին ընդունել այդ մարտահրավերը:
-Նկարագրեք Ձեր մարզումային մեկ օրը, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում:
-Օրական երկու անգամ մինչեւ երեք ժամ տեւողությամբ մարզումներ եմ անցկացնում: Դրանց մեջ ներառված է վազք, մարզասրահում մարզումներ, մերսումներ, սփարինգ-մենամարտեր` մրցակցիս ոճին համապատասխան մարզիկների հետ, ինչպես նաեւ մի շատ սառը մարզական գործողություն. օրական մի քանի րոպե սառչում եմ հատուկ մարզիկների իմունիտետը բարձրացնող եւ մկանները թուլացնող սառնարանում, որտեղ օդի ջերմաստիճանը -115 է` ըստ Ֆարենհեյթի սանդղակի: Օրվա ընթացքում հետեւում եմ հայաստանյան եւ համաշխարհային լրահոսին, ֆիլմեր եմ դիտում, գեղարվեստական գրքեր կարդում:
-Հետագա ի՞նչ ծրագրեր ունեք հաղթելու եւ, Աստված մի արասցե, պարտության դեպքում:
-Պարտության մասին ընդհանրապես չեմ մտածում: Շտիգլիցն ուժեղ մարզիկ է, չեմ թերագնահատում նրան, սակայն ես եմ հաղթելու: Իսկ հետագա ծրագրերիս մասին կխոսեմ հաղթանակից հետո:
-Իսկ անձնական կյանքում ե՞րբ կլինեն նորություններ:
-Երբ լինեն, այդ ժամանակ էլ կտեղեկացնեմ հանրությանը:
-Մարտի 1-ին ովքե՞ր Ձեզ կաջակցեն Հայաստանից, հարազատներից եւ` ընդհանրապես:
-Շատերը` հարազատներ, ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, անծանոթներ: Անուններ չտամ, բոլորից անչափ շնորհակալ եմ: Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ իմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար եւ իմ մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Անչափ զգացված եմ, իմ անսահման սերը՝ բոլորիդ:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում որոշում ընդունեց «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում (Երեւան, Կաշեգործների փ. 70), ստեղծել ազատ տնտեսական գոտի` օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Նշենք, որ «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն մասնավոր նախաձեռնությամբ «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու եւ այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու հայտ էր ներկայացրել: Գործադիրը հաստատել է ԱՏԳ տարածքի սահմանագիծը, ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Նշենք, որ այս որոշմամբ նախաձեռվում է ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի ստեղծումը հանրապետությունում, ոլորտի ԱՏԳ հիմնումը եւ դրա գործունեության մեկնարկի թույլատրումը: «Ունենք լուրջ ներուժ: Այս ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու նաեւ, որպեսզի ամբողջ աշխարհից հայերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ, Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները: Դրանք, իհարկե, կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց ենթադրվում է, որ կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ, իսկ դա նշանակում է, որ աշխատուժի նկատմամբ լինելու է մեծ պահանջարկ»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:




Լրահոս