ԹԱՏՐՈՆԸ ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐ ՉԷ. ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ
Մշակութային կյանքը՝ իր զանազան դրսեւորումներով, մարդկային արժեհամակարգի ձեւավորման վրա թողնում է իր անմիջական ազդեցությունը: Թատրոնը՝ որպես մշակութային օրրան, հասարակության զարգացվածության աստիճանի ուղղորդիչներից մեկը կարող է հանդիսանալ: Սակայն, ցավոք, այսօր Հայաստանում գործող թատրոնների մեծ մասում ներկայացումներն ընթանում են կիսադատարկ դահլիճներում:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանի հետ` թատրոնի մերօրյա դերակատարության շուրջ:
-Պարոն Մանարյան, Դուք, արվեստի վաստակավոր գործիչ լինելով, ինչպե՞ս կգնահատեք մերօրյա թատրոնի գործունեությունն ու գործառույթը:
-Ցավալի թեմա է: Պետք է ասեմ, որ թատրոնի գործառույթը մեր օրերում լավ չի կատարվում: Թատրոնը կոչված է մարդկանց հավաքելու, ուղղություն տալու, օգնելու… Բացի գեղագիտական գործառույթ կատարելուց, թատրոնը պիտի կարողանա քաղաքացիական լուրջ հարցեր բարձրացնել, ժամանակի ցավոտ թեմաներ արծարծել: Երբեմն թատրոնի գեղագիտական մոտեցումը չափից ավելի է լինում, այնքան ավելի, որ պարզապես վերածվում է այլ գործառույթ կատարող երեւույթի:
-Մեր օրերում մարդիկ սկսել են ավելի շատ կարեւորել ձեւը, քան բովանդակությունը: Միգուցե մի փոքր տարօրինակ է ասածս, բայց քիչ չեն նաեւ այնպիսի դեպքերը, երբ մարդիկ զուտ ձեւական կողմն ապահովելու համար են հաճախում թատրոն, քանի որ դա բարեկրթության նշան է:
-Հենց դա է պատճառը: Թատրոնի գործառույթը մասամբ արժեզրկվել է, ցավալի է, բայց դա փաստ է: Պետք է ասեմ, որ նույնիսկ խորհրդային տարիներին էր այդպիսի միտում նկատվում: Այսինքն՝ չի կարելի ասել, որ միայն մեր ժամանակներում են թատրոնի գործառույթները մասամբ կատարվում: Խորհրդային իշխանության օրոք դերասանները, երբեմն ստիպված, տվյալ ժամանակի թելադրանքով կատարում էին այնպիսի աշխատանք, որը հարիր չէր թատրոնի դերասանին: Ավելի ճիշտ, ոչ ամբողջությամբ էր կատարվում թատրոնի բուն ֆունկցիան: Թատրոնը պետք է ոչ միայն ժամանց ապահովի, մարդկանց գեղագիտական քաղցը բավարարի, այլեւ պատրաստակամ լինի տվյալ ժամանակի խնդիրների լուծումներն առաջադրել:
-Դեռեւս խորհրդային հասարակարգից առաջ էլ Հայաստանում դրամատուրգիան զարգացած էր: Թատրոնը, դերասանական կյանքը բուռն ընթացքի մեջ էր: Այդ ամենի տրամաբանական շարունակությունը պահպանվե՞ց:
-Շիրվանզադեի «Պատվի համար»-ը դրա վառ օրինակն է, այդ գործում բավականին լուրջ անդրադարձեր են արվում: Վեր են հանվում կյանքի լուրջ գաղափարներ, մարդկանց հուզող, անհանգստացնող թեմաների շուրջ բավականին ծանրակշիռ դատողություններ է պարունակում այս ստեղծագործությունը: Այ դա բացակայում է հիմա: Ես իհարկե չեմ ժխտում, որ շնորհալիները մեր օրերում էլ քիչ չեն, բայց թատրոնը, դերասանական խաղը ժամանցով, գեղագիտական գործունեությամբ գերհագեցնելն էլ ճիշտ չէ: Հեռուստատեսությունը եւ թատրոնը կարող են եւ պետք է շատ լուրջ ուսուցողական առաքելություն կատարեն: Քաղաքացիական գաղափարներ, լուրջ երեւույթներ, որոնք կյանքի կարեւորագույն հարցերից են… Այսպիսի երեւույթների մասին տեղեկացնողի գործառույթը պատկանում է հենց թատրոնին ու հեռուստատեսությանը: Այսօր դա այդպես չէ, կամ էլ կիսով չափ է այդպես:
-Իսկ այսօրվա երիտասարդ դերասանների վարպետության մակարդակը ինչպե՞ս կգնահատեք:
Ե՛ւ դրական կողմեր կան, ե՛ւ բացասական: Երկուսն էլ շատ են: Միայն թատերական աշխարհում չէ այդպես, ամենուրեք նույն վիճակն է: Կան շնորհալիները, բայց կան նաեւ այնպիսիք, ովքեր չեն հասկանում իրենց իրական առաքելությունը: Այ դա ցավալի է: Ամեն մարդ պետք է հասկանա իր դերն ու նշանակությունը այս կյանքում: Բայց ես լիահույս եմ` ամեն ինչ չէ, որ կորած է:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՀՀ Է ԱՅՑԵԼԵԼՈՒ 15 ՕՏԱՐԱԶԳԻ ԳՐՈՂ
Սեպտեմբերի 18-28-ին Երեւանը կվերածվի միջազգային գրականության յուրօրինակ հարթակի: «Գրական տապան» ամենամյա փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելի 15 գրող՝ աշխարհի 13 երկրներից: Համաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ:
Այս տարի «Գրական տապան»-ի մասնակիցները կուղեւորվեն նաեւ Արցախ, որտեղ եւս նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ: Փառատոնի ծրագրից կարելի է առանձնացնել սեպտեմբերի 27-ին նախատեսված միջոցառումներից մեկը: Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրը «Գրական տապան»-ի հյուրերը կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս «Գրական տապան»-ը անակնկալներ է պատրաստել հայ ընթերցողների համար: Փառատոնի այս տարվա առանցքային հյուրերից են լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնեւսկին եւ բրիտանացի գրող Մեգ Ռոսոֆը:
Փառատոնի շրջանակներում «Կասկադ» համալիրում կցուցադրվի Մ. Ռոսոֆի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ինչպես եմ ապրում հիմա» ֆիլմը, իսկ սեպտեմբերի 27-ին տեղի կունենա Յանուշ Լեոն Վիշնեւսկու «Գրանդ» ստեղծագործության հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Տեղեկացնենք, որ հայ ընթերցողն առաջին անգամ է հնարավորություն ունենում Վիշնեւսկու գրականությանը ծանոթանալ հայերենով:
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ
Հայ հեղինակները կմասնակցեն առաջիկայում կայանալիք «Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի միջազգային մրցույթին եւ կպայքարեն լավագույնի կոչմանն արժանանալու համար:
Այն թատերական-գրական նախագիծ է, որի հեղինակն է Նյուրնբերգի պետական թատրոնը (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն): Այս տարվա մրցույթը մտքերի փոխանակման, երկխոսության ու գաղափարների խաչման հրավեր է՝ ուղղված բոլոր հայ գրողներին: Նոր գործերի տեւողությունը պետք է չգերազանցի 70 րոպեն եւ պետք է չավարտվի մեկ գործողությամբ: Մրցույթի հանձնաժողովը կընտրի լավագույն երեք ստեղծագործությունները:
Մրցույթը մեկնարկել է 2005 թվականին: Դրա ստեղծման հիմքում դրվել է Արեւելյան Եվրոպայի եւ գերմանախոս երկրներում ապրող ժողովուրդների միջեւ փոխճանաչման եւ հաղորդակցվելու զարգացման գաղափարը՝ շեշտադրելով մշակութային ժամանակակից ձեռքբերումները: Մրցանակային տեղերը զբաղեցրած թատերախաղերը կհրապարակվեն մինչեւ 2015 թ. ապրիլի վերջ:
ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ
Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ պատրաստվում է ֆիլմ նկարահանել բրիտանական News of the world թերթում առաջացած միջազգային սկանդալի եւ նրա սեփականատեր մեդիամագնատ Ռուպեր Մերդոկի մասին: «Հաքերային հարձակում» ֆիլմի հիմքում բրիտանացի լրագրող Նիք Դեյվիսի համանուն գիրքն է: Ամենայն հավանականությամբ, նկարահանման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի, իսկ ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Sony Pictures-ը:
«Այս պատմության մեջ կա սուտ, կոռուպցիա, շանտաժ եւ այդ ամենը բարձր մակարդակի վրա: Չէ՞ որ խոսքը վերաբերում է Լոնդոնի ամենախոշոր թերթերից մեկին: Նիքը համարձակ եւ խիզախ լրագրող է եւ նրա գրվածքի հիման վրա ֆիլմ ստեղծելը մենք համարում ենք մեծ պատիվ»,-հայտարարել է Քլունին:
Ֆիլմի հիմքում News of the world-ի դեմ հարուցված քրեական գործն է: Այն հարուցվել էր 2005-2006թթ. եւ վերսկսվել 2011թ.: Ընկերության աշխատակիցները կասկածվում էին քաղաքական գործիչների եւ հայտնի աստղերի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու եւ հրապարակելու մեջ:
ՄՈՄԵՐԸ ՓՉԵՑ
«Շանթ»-ի՝ «Քաղաքում» հեռուստասերիալի Իռենի դերակատարուհին՝ Դիանա Գրիգորյանը, սեպտեմբերի 8-ին դարձել է 23 տարեկան: Դերասանուհին ծննդյան տարեդարձը նշել է բնության գրկում:
Ծննդյան օրվա կապակցությամբ Դիանան շնորհավորանքներ է ստացել բազմաթիվ ծանոթ-անծանոթ մարդկանցից:
Դերասանուհին չի կարեւորում տոնական տորթի շքեղությունը, փոխարենը նրա համար առաջին տեղում է մոմերը փչելու արարողությունը, որի ընթացքում էլ սիրում է երազանք պահել եւ լիահույս է, որ այդ երազանքներն անպայման իրականանում են: