ՄԵԼԻՔԳՅՈՒՂԸ` ՄԵՌՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ
Արագածոտնի մարզում գտնվող «Թուխմանուկ» հանքավայրի շահագործումը լուրջ ու անուղղելի վնասներ կբերի Հայաստանին: Բնապահպաններն ահազանգում են` Մելիքգյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով արդեն առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել:
Նշենք, որ «Թուխմանուկ» հանքավայրը եւ նրա շահագործումից առաջացած երկու պոչամբարները գտնվում են Արագած սարին հարող բարձրադիր վայրում, որի ցածրադիր մասերում խմելու ջրի աղբյուրներն են, մեր հանրապետության միակ ջրաբանական արգելավայրը եւ այլ արգելավայրեր: Նաեւ` «Թուխմանուկ» հանքավայրը եւ պոչամբարները Գետիկի կիրճում են, իսկ այդ գետակի ջրերը Քասախ եւ Հրազդան գետերով լցվում են Արաքս գետը: Այսինքն` հանքավայրի հետագա շահագործումը եւ Գետիկ գետակի հարեւանությամբ արդեն առկա երկու պոչամբարները մեկ այլ` նպատակահարմար վայր չտեղափոխելը կարող է պատճառ դառնալ հողը, խմելու եւ ոռոգման ջուրը ծանր մետաղներով վարակելու, ինչպես նաեւ` ջրագոյացման համակարգերի ավերման ու ոչնչացման:
«Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Մենք փորձաքննության ենք տվել հանքավայրի շահագործման նախագիծը, հիմա դա ենք բերելու եւ դրա առիթով պետք է քննարկում անցկացնենք գյուղում: Այն կլինի մեկ ամսից: Հիմա մենք լսումների համար պատրաստում ենք ֆաբրիկայի վերազինման նախագիծը»:
Այն, որ ոսկու բաց հանքավայրի շահագործումն ու պոչամբարի առկայությունը վտանգ է ներկայացնում տվյալ եւ հարակից համայնքների բնակիչների առողջությանը, հայտնի է բոլորին: Արդյոք «Մեգո գոլդ» ընկերության պատասխանատուները դա գիտակցո՞ւմ են` հարցին ի պատասխան` Պողոսյանն ասաց. «Մենք նախագիծը կազմել ենք ու ներկայացրել փորձաքննության: Անկախ փորձագետի դրական եզրակացությունը ստացել ենք, բոլոր մյուս մասնագետների կողմից նույնպես: Մենք ինքներս չենք զբաղվել, դրանով զբաղվել են համապատասխան մասնագետները: Եւ դրանից հետո ինչ-որ մեկը բարձրաձայնում է, թե վտա՞նգ է սպառնում: Չէ որ նա միաժամանակ պետք է կարողանա բացատրի, հիմնավորի, թե ինքը որտեղից նման բան գիտի: Շահագործման նախագիծը կտանենք քննարկման եւ բոլորին նորից կկանչենք, որ մասնակցեն: Ամեն դեպքում բնապահպանական որեւէ մեծ կամ փոքր վտանգների մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մասնագիտորեն, գիտականորեն եւ փորձագիտորեն հակառակն է ապացուցված»:
Սակայն «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը հակառակն է պնդում: Նա եւ մյուս բնապահպաններն ահազանգում են. վտանգը սպառնում է ոչ միայն Մելիքգյուղի բնակիչներին, շրջակա միջավայրին, այլեւ հարակից համայնքներին: Սանասարյանի խոսքերով՝ գյուղը կանգնած է «մեռնելու վտանգի առաջ»: «Բոլոր ընկերություններն էլ թքել են մեր օրենքների վրա: Նույնն անում է նաեւ «Գլոբալ Գոլդ Մայնինգը»-ը, որի դուստր ձեռնարկությունն է «Մեգո Գոլդ»-ը: Շրջակա միջավայրը մեռնելու է, իսկ բնակավայրերը շրջանառությունից դուրս կգան: Շատ կարեւոր է հանքավայրի շահագործման կասեցումը: Քանի որ այն բազմամետաղային է, ամեն կարգի էլեմենտներ կան, ծանր մետաղներ, եւ չի բացառվում նաեւ ուրանի հետք: Հայաստանում հանքարդյունաբերությունը բոլոր կանոններից հեռու է իրականացվում, կողոպտողների մի ոհմակ է, որը երկիրը թունավորում եւ օգտակար տարրերը հանում տանում է»,-զայրացավ Հ. Սանասարյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ընկերության տնօրենի այն հավաստիացումները, թե «Թուխմանուկ»-ի պոչամբարը կառուցված է էկոլոգիական անվտանգության բոլոր պահանջներին համապատասխան, իրականության հետ կապ չունեն. թե՛ տեղի ընտրության, թե՛ կառուցման որակով այն չի համապատասխանում պոչամբարների անվտանգության չափանիշներին: «Այսպիսի պոչամբարներ կարող են կառուցվել միայն այն երկրներում, որտեղ ընդերքի հարստությունների կողոպուտին, այլ եւ այլ ձեւակերպումներով, մասնակից են նաեւ պետական պաշտոնյաները»,-նկատեց բնապահպանը:
Սանասարյանը հիշեցրեց 2012թ. նոյեմբերի 27-ին կայացած հասարակական լսումների արդյունքներով կազմված արձանագրությունը, որի մեջ բացակայել են նախագիծը մերժող բոլոր ելույթները: Դրական են արտահայտվել միայն ընկերության պաշտոնյաները: «Նշված էր նաեւ, որ 3-րդ պոչամբարի նախագծի վերաբերյալ առարկություններ չկան: Եվ այսպես հավանություն էին տվել «Թուխմանուկ»-ի հարստացուցիչ ֆաբրիկայի բնապահպանական մասին: Ստորագրել էին Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը եւ «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը»,- հայտնեց Սանասարյանը:
Սակայն երկու տարի անց` բոլորովին վերջերս, Մելիքգյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ համայնքում ավագանու նիստ է գումարվել, որի ընթացքում որոշում է կայացվել դադարեցնել քննարկումները. «Մենք պահանջում ենք, որպեսզի համապատասխան ընկերությունները խորը ուսումնասիրություններ կատարեն այս նախագծի վերաբերյալ: Մինչեւ տասնյակ համապատասխան մասնագետներ իրենց խոսքը չասեն սրա վերաբերյալ, ես թույլտվություն չեմ տա»: Գյուղապետի խոսքով՝ այս խնդրով վերջերս համայնքի բնկաիչների հետ նույնպես քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ մելիքգյուղցիները միաբերան դեմ են արտահայտվել ե՛ւ ոսկու հանքավայրի շահագորմանը, ե՛ւ հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցմանը:
«Թուխմանուկ»-ի հետ կապված հետագա զարգացումների մասին հայտնի կլինի միայն մեկ ամսից: Թե այս պայքարում ով կհաղթի, դժվար է կանխատեսել: Ամեն դեպքում, Հայաստանում շատ հազվադեպ, սակայն կան օրինակներ, երբ համայնքի միահամուռ ընդվզման արդյունքում բնապահպանական վտանգներ պարունակող նախագծերը կասեցվել են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՉԻԿՈՎ ՈՒ «ԾԻՐԱՆԻ ԾԱՌ»-ՈՎ «ԶՈՀԻ» 55-ԱՄՅԱԿԸ ՏՈՆԵՑԻՆ
Դերասան Վարդան Պետրոսյանը երեկ դարձավ 55 տարեկան: Մտերիմներն ու հարազատները իրենց սերն ու ջերմությունն էին բերել դատապարտյալների հիվանդանոցում գտնվող մտավորականին: Յուրօրինակ «նվերով»` «պաչիկով» էր դերասանին այցի եկել «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը. «Տեսա իրեն, գրկեցի, համբուրեցի, կարոտել էի շատ: Տրամադրությունը լավ էր»:
Շարքային քաղաքացի Կարինե Ստեփանյանն էլ իր սիրելի դերասանի տարեդարձի օրվա առթիվ պատրաստել էր ծիրանի ծառի մանրակերտ` որպես գարնան զարթոնքի ու նոր կյանքի սկիզբ, ու մի երկտող: Դերասանին այցի եկածները համարում են, որ Վարդան Պետրոսյանի տեսակը ոչնչացման եզրին է ու Կարմիր գրքում հայտնվելու վտանգի առջեւ:
Նվերներն անձամբ Վարդան Պետրոսյանին փոխանցել չհաջողվեց, քանի որ, ինչպես տեղեկացրին դատապարտյալների հիվանդանոցից, ամսվա մեջ երկու անգամ է թույլատրվում տեսակցություն կազմակերպել, բացի այդ` նրանք, ովքեր պետք է տեսակցեին մտավորականին` կինը, որդին ու եղբայրը, արդեն տեսակցել են:
Դերասանին այցելել էր նաեւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, «Հայկական վերածնունդ» շարժման սփյուռքահայ անդամ Շանթ Ոսկերիչյանը, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստան է եկել շփվելու առաջադեմ քաղաքացիական շարժումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ սատարելու Վարդան Պետրոսյանին:
«Արդար դատավարություն թող լինի, ու թող արդար դատեն դերասանին, ոչ թե հիվանդ վիճակում նրան կալանավորված պահեն: Բայց ինչպես կարող է արդար դատավարություն լինել, եթե օրենք չի գործում Հայաստանում, եթե համակարգն ամբողջությամբ կոռումպացված է»,- ասաց սփյուռքահայը: Ոսկերիչյանը պնդում է` առայսօր դերասանի մեղավորությունն ապացուցված չէ. «Սեւով սպիտակի վրա գրված է` դերասանը հարբած չի եղել, մեքենան վարել է 71կմ/ժամ արագությամբ, երրորդ` դիմացի մեքենան ետ-ետ է եկել»: Ֆրանսահայը համոզված է` Վարդան Պետրոսյանից վրեժ են լուծում նրա քաղաքական հայացքների ու նախորդ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու համար:
Նույն կարծիքին է նաեւ դերասանի մտերիմ ընկեր, խմբավար Վարդան Հակոբյանը, ով մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց` իշխանությունները վրեժ են լուծում նրանից՝ նրա անկեղծ արտահայտվելու ու քաղաքական հայացքների համար. «Ամեն գնով ցանկանում են նրան ճաղերի ետեւում պահել»:
Դերասանի տարեդարձը շնորհավորողներն, իհարկե, չէին կարող մոռանալ տուժած ընտանիքին ու մահացած երկու պատանիներին. «Ցավակցում ենք նրանց, Վարդանը նման բան երբեք չէր ցանկանա, նա էլ այսօր մի զոհ է: Սխալվում են նրանք, ովքեր Վարդանին մարդասպան են համարում, դա շատ վտանգավոր միտում է»,- կարծում է Անահիտ Բախշյանը:
Վարդան Պետրոսյանի տարեդարձը շնորհավորողները նրան մաղթեցին տոկունություն, լավատեսություն: Թող պահպանի ու երբեք չկորցնի այն, ինչ ունի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
150 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ` ՔԱՄՈՒՆ
Ավելի քան 5 ամիս է, ինչ Նոյեմբերյան քաղաքում գործում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Դրա հանդիսավոր բացման ժամանակ, 2013թ. սեպտեմբերի 24-ին, Նոյեմբերյան ժամանած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարեցին, որ կենտրոնում գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը դյուրացնելու է բնակիչներին սոցիալական ծառայությունների մատուցումը: Սակայն անցած 5 ամսում այդպես էլ չի ներդրվել «մեկ պատուհանի» սկզբունքը, տարբեր ծառայություններ գործում են հին ձեւով` առանձին-առանձին: Համալիր կենտրոնի բացման ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեցինք, թե ինչպես է լուծվելու կենտրոնի ջրամատակարարման հարցը` հաշվի առնելով այն, որ Նոյեմբերյան քաղաքում խմելու ջուր է մատակարարվում օրական մի քանի ժամ` վաղ առավոտյան եւ երեկոյան: Մեր մտահոգությանը, թե նորաստեղծ հիմնարկի սանիտարական հանգույցներից օգտվելու են ոչ միայն դրա աշխատակիցները, այլեւ այցելուները, այդ թվում` հաշմանդամներ, նախարարը պատասխանեց, որ կտեղադրվի ջրի բաք, եւ այդ ձեւով ջրի խնդիրը կլուծվի: Չնայած մեր թերթի էջերից այս խնդրի պարբերաբար բարձրաձայնմանը` մինչ օրս ջրի բաք չի տեղադրվել: Լուծված չէ նաեւ շենքի տանիքից անձրեւաջրերի հեռացման հարցը: Տեղումներից հետո ջրհորդաններից թափվող ջրերը լցվում են շենքի հիմքերը` խարխլելով կառույցը: Այս ամենից զատ` խափանվել է նաեւ համալիր կենտրոնի ջեռուցման համակարգը, ինչի արդյունքում կենտրոնի աշխատողները ցրտից կուչ են գալիս: Չեն գործում կենտրոնում տեղադրված հեռախոսները, շենքը չունի պահակ, հավաքարարներ: Կենտրոնի փաստաթղթերի արխիվը տնօրինելու համար չկա աշխատող, ինչը շատ բարդացնում է փաստաթղթերի պահպանության գործը, շենքի միջանցքում դրված են փաստաթղթերով մեծ ցելոֆաններ:
Համալիրի հանդիսավոր բացման ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանը մեր հարցին պատասխանելով` ասաց, որ կենտրոնի գործարկման համար ծախսվել է 100-150 հազար դոլար, որի մեծ մասը` վարկային միջոցներից, մնացածը` պետական բյուջեից: Փաստորեն 100-150 հազար դոլար ծախսվել է միայն նախկինում` 1998թ. հիմնանորոգված շենքը նորից նորոգելու եւ այն կահավորելու համար: Իսկ համալիր կենտրոնի ստեղծման նպատակը, մեղմ ասած, չի իրականացվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ