Հայրիկյանի հացադուլը ոչինչ չի փոխի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին մեր հասարակության տարբեր շերտեր յուրովի են արձագանքում: Հայաստանյան քաղաքական դաշտի փոփոխությունների շուրջ իրենց մեկնաբանություններով, եւ ինչու չէ, նաեւ ակտիվ մասնակցությամբ, աչքի են ընկնում նաեւ մի շարք արվեստագետներ, որոնցից մեկն էլ Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Սերգեյ Դանիելյանն է, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց իր տեսակետը ներկայիս քաղաքական իրավիճակի շուրջ:

-Պարոն Դանիելյան, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռ ամռանը խոստանում էր հացադուլ հայտարարել` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սեպտեմբերի 8-ին նա, ի վերջո, ՀՀ նախագահի նստավայրի առջեւ սկսեց խոստացված հացադուլը: Ինչպե՞ս եք գնահատում Հայրիկյանի պայքարի այս ձեւը:

-Պարույր Հայրիկյանի ցանկությունը մարդկային է: Մեր քաղաքացիները զանազան միջոցներ կարող են գործի դնել` պահանջելով քաղաքական դաշտում փոփոխություններ կատարել: Պարույր Հայրիկյանն էլ որպես քաղաքական գործիչ առավելևս ունի այդ իրավունքը:

-Իշխանափոխություն պահանջելու այս եղանակն արդյունավե՞տ է:

– Պարույր Հայրիկյանն էլ դա է կարողանում անել: Նախագահի հրաժարական եւ, առհասարակ, իշխանափոխություն պահանջելու համար մարդիկ կարող են նույնիսկ պառկել ռելսերի վրա, մազերը պոկել հրապարակային վայրերում, գոռալ, աղաղակել եւ այդպես շարունակ: Կարող են նաեւ հիմնավոր, հիշվող եւ ամենակարեւորն` արդյունավետ քաղաքական գործունեություն ծավալելու միջոցով իրավունք ունենալ հրաժարականներ պահանջել: Մեթոդները բազմազան են: Արդյունքներն են նույնը լինու մորպես կանոն:

-Ձեր կարծիքով, Հայրիկյանի` իշխանափոխության պահանջին ո±ր քաղաքական ուժերը կմիանան:
-Չեմ կարող կոնկրետ քաղաքական ուժերի առաջնորդների կամ էլ ներկայացուցիչների անուններ նշել, բայց պետք է ասեմ, որ, որպես կանոն, հացադուլները հաջողությամբ չեն պսակվում: Եվ քաղաքական շատ քիչ ուժեր կմիանան Հայրիկյանի այս պահանջին `հացադուլի միջոցով: Հացադուլների հետեւանքը կարող է լինել հիվանդանոցային հանգուցալուծումը: Բայց դե հիմա այդ մարդն էլ այդ տարբերակն է ընտրել, ինչ արած, նա էլ գտնում է, որ իշխանափոխության հասնելու լավագույն տարբերակը հացադուլ անելն է: Ժամանակը ցույց է տալիս, որ բողոքի երթերը, զանազան ընդվզումները` ընդդեմ իշխանական թեւի, մեր օրերում հաջողություն չեն խոստանում:

-Քաղաքական դաշտի ընդդիմադիր թեւի գործիչները դեռ ամիսներ առաջ էին խոստանում աշնանային «թեժացումներ»: Ի՞նչ կանխատեսումներ ունեք, Ձեր կարծիքով, այդ թեժացումները ինչպե՞ս կդրսեւորվեն:

-Գուշակումներ չեմ կարող անել, հատկապես այն պատճառով, որ մեր քաղաքական դաշտն անկանխատեսելի է, ինչեր ասես կարող են լինել: Արդյոք թեժացումնե՞ր, թե՞ պասիվ քաղաքական գործողություններ կլինեն իշխանավորների եւ ընդդիմադիրների կողմից, չեմ կարող ասել, բայց դե կապրենք` կտեսնենք: Լիահույս եմ, որ քաղաքական բոլոր եղանակներն ի նպաստ մեր ժողովրդի կլինեն:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս