ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազգային ժողովի շենքի մոտ
Երեկ «Հակահարված» խմբի բողոքի հերթական ակցիան է տեղի ունեցել Ազգային ժողովի շենքի առջեւ՝ «Բարեւ, Ռոբ» գրությամբ պաստառով: «Հակահարված»-ի հեղինակները չեն մեկնաբանել գրությունը, միայն նշել են, որ սա իրենց հերթական խաղաղ ակցիան է։ Իսկ Ազգային ժողովի անվտանգության ղեկավարը դուրս է եկել եւ պատռել խաղաղ ակցիայի մասնակիցների փակցրած պաստառը, ինչպես նաեւ խոչընդոտել «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը՝ խլելով տեսանկարահանող սարքը` գցել է գետնին։
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞ր դեպքում անձն իրավունք ունի կենսաթոշակը վերահաշվարկել։
Գայանե Հարությունյան (64 տարեկան, կենսաթոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե՝
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ տվյալ ամսվա 1-ից.
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք՝ դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր՝ դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ՝ դիմումը եւ այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
2. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ՝
1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում՝ նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում՝ նրա մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ առնվազն 2 տարի աշխատած կենսաթոշակառուն հաշմանդամության կենսաթոշակի վերահաշվարկման իրավունք ունի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի անցնելուց հետո:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե երեխան վերադառնում է ՀՀ, ապա ինչպե՞ս է որոշվում նրա ուսման հետագա շարունակությունը։ Այսինքն՝ ինչ կարգով է որոշվում, թե նա որերորդ դասարանում պետք է սովորի։
Հեղինե Գրիգորյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայնտում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է Հայաստանի եւ այլ պետությունների հանրակրթական համակարգերի համարժեքության աստիճանները, համաձայն որի՝ որոշվում է Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի երեխայի դասարանի հետշարժը: Բնակության վայրի մարզպետարանի կրթության բաժինը կրթական համարժեքության աստիճանի որոշումից հետո ցուցում է տալիս դպրոցի տնօրինությանը, որպեսզի ստուգեն երեխայի գիտելիքների մակարդակը եւ որոշեն, թե նա որերորդ դասարան պետք է հաճախի: Ռուսաստանից վերադարձած դպրոցահասակ երեխաների համար դասարանի իջեցումը կատարվում է, որպես կանոն, մեկ տարով:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալների փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններ 2012-2013 ուսումնական տարում հաճախել է 368.708 սովորող։ Նախորդ տարվա համեմատ սովորողների թվաքանակը նվազել է 3.2տոկոսով։