ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՐԲ ՖԻԼՄ ԵՍ ՆԿԱՐՈՒՄ, ՀՈԳԻԴ ԿՐԿՆԱԿԻ ԽՄՈՐՎՈՒՄ Է»

Կինոռեժիսոր, Երեւանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանը չի սիրում, ավելին՝ ատում է իր ծննդյան տարեթիվը (ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին)։ Իսկ թե որն է դրա պատճառը, կներկայացնենք ստորեւ։

-Ես առհասարակ ատում եմ 37 թիվը։ Այն, ինչ սկսվեց այդ թվականին, հետո շարունակվեց 1946-1948 թվականներին։ Ես փոքր էի այդ ժամանակ ու մի տեսակ անհանգիստ։ Լենինականում էինք ապրում՝ երեքհարկանի շենքի երկրորդ հարկում, եւ գիշերներն անընդհատ աղմուկ-աղաղակ, ճչոցներ, լացուկոծ էի լսում։ Պատշգամբից թռչում էի ներքեւ եւ տեսնում, թե ինչպես են ինչ-որ մարդիկ հարեւան տների պատուհանները, դռները ծեծում, բնակիչների անձնագրերը ստուգում։ Ու տանում էին, տանում… Մի օր վազեցի դեպի Լենինականի կայարան, եւ իմ տեսածները չեմ մոռանա երբեք։ Գնացքների վագոնների փոքր պատուհաններից մեկի գլուխն էր դուրս եկել, մյուսի՝ ձեռքը, երրորդի… Այդ «կալանավորներին» տանում էին անհայտ ուղղությամբ, եւ նրանցից ամեն մեկը հարազատին ինչ-որ բան էր գոռում, բացատրում… Մեկն ասում էր՝ էրեխեքիս լավ կնայես, մյուսը՝ անպայման բողոք գրիր ՑեԿա-ին, եթե չօգնեն՝ Լենինի դամբարանին…
-Եվ գրո՞ւմ էին։
-Այո, գրում էին, եւ իրենց հարցը երբեմն դրական լուծում էր ստանում։ Ամբոխի մեջ մի հղի կին կար, որ գոռում, հայհոյում էր Ստալինին։ Միլիցիոներները փնտրում, բայց չէին գտնում այդ կնոջը. մարդիկ նրան թաքցնում էին։ Ի վերջո մի տարիքով կին բռնեց նրա թեւից, թաքուն կայարանից տարավ ծառերի տակ, եւ հենց այդտեղ էլ հղի կինը ծննդաբերեց։ Դեռ մութ էր՝ վաղ առավոտ, բայց այդ պահին արեւը բարձրացավ, ու այն կինն էլ ճչացող, լաց լինող երեխային բարձրացրեց վերեւ։ Եվ մի վայրկյան արեւի ճառագայթներից լսվում էր երեխայի ճիչը։ Գուցե դա հալյուցինացիա էր, բայց ապշելու երեւույթ էր։ Ի դեպ, իմ բոլոր ֆիլմերը իմ մանկության տեսած երեւույթների հետեւանքներն են։ Եվ այն, ինչ պատմեցի, օգտագործելու եմ Սոս Սարգսյանի «Լակոտ» վիպակի հիման վրա գրած իմ նոր ֆիլմում։ Դերասանը մեծ երեւույթ էր մեր ազգի համար՝ խելոք, անչափ խելոք։ Մի օր ինձ հարցրեց՝ դու Ֆրունզին ապեր էիր ասում, չէ՞։ Դրական պատասխան տվեցի։ Ասաց՝ սրանից հետո ինձ ապեր կասես։ Ու ես նրան ապեր էի ասում։ Նրա վիպակն սկսվում է 1946-48 թվականների իրադարձություններով, բայց ես նրան ժամանակին ասացի՝ ապեր, ես ուզում եմ անպայման ֆիլմը սկսել 1915 թվականի Եղեռնով, ապա շարունակեմ սովետի եղեռնով։ Այն, ինչ որ ես տեսել եմ, եղեռն էր բառիս բուն իմաստով, իսկ կայարանն էլ դրա կենտրոնն էր։ Մեծ դերասանը մատները դրեց հոնքին, արմունկը՝ սեղանին, երկար, երկար նայեց ինձ եւ ասաց՝ անպայման կանես։
-Ե՞րբ կսկսվեն ֆիլմի նկարահանման աշխատանքները։
-Մարտի 3-ին թռչելու եմ Բրյուսել, 10-ին վերադառնալու եմ, եւ սկսվելու են աշխատանքները։
-Դառնանք ծննդյան օրվան. փետրվարի 27-ն ինչո՞վ է տարբերվում տարվա մյուս 364 օրերից։
-Այդ օրը Երեւանից գնալու եմ Գառնիի իմ ամառանոցը, մենակ նստելու, մի թեթեւ խմելու եւ հիշելու եմ անցած տարիները։ Դա ինձ մոտ սովորություն է. արդեն քանի տարի իմ ծննդյան օրն այդպես եմ վարվում։ Հիշելը կարեւոր երեւույթ է, ու ես արդեն վաղվա օրվա, ապագա ամիսների, թերեւս, տարիների համար գիտեմ՝ ինչ եմ անելու, ինչ չեմ անելու։ Ծննդյան օրը, վերջին հաշվով, մի յուրահատուկ ամփոփում է, թե դու ինչ ես արել որպես անձնավորություն, որպես քաղաքացի, որպես հայրենասեր, որպես այս հողի մարդ։ Իմ նախորդ ֆիլմում խաղում է նաեւ Գուժ Մանուկյանը, ով տղային հարցնում է՝ դու երբեւիցե հոտ քաշե՞լ ես մեր հողից։ Գիտե՞ս ինչ անուշ հոտ ունի։ Դա ինձ հետ է կատարվել, եւ ես այդ տեքստը՝ որպես սցենարիստ, օգտագործել եմ ֆիլմում։ Հիմնականում իմ ֆիլմերի սցենարները ես եմ գրել։ Եթե գրելու ընդունակ ես, ամբողջովին հոգիդ ես դնում մեջը։ Իսկ երբ արդեն ֆիլմն ես նկարում, հոգիդ կրկնակի խմորվում է։

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿԸ` ՍՈՉԻԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, «Ողջո՛ւյն օլիմպիադայի մասնակիցներին, ողջո՛ւյն օլիմպիադային» խորագրով միջազգային 7-րդ ձմեռային երաժշտական փառատոնին մասնակցելու համար աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը Սոչի էր հրավիրել նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, հայտնի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանին:

Հայ երաժիշտն օրերս վերադարձել է հայրենիք։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա կիսվեց իր տպավորություններով փառատոնից եւ առհասարակ օլիմպիադայից. «Փառատոնը սկսվել էր փետրվարի 6-ին, իսկ փետրվարի 20-ին եզրափակիչ համերգն էր, որին մասնակցեցին հինգ երկրների՝ Իտալիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Գերմանիայի եւ Սլովակիայի երաժիշտներ։ Փառատոնն այս տարի նվիրված էր Սոչիի օլիմպիական խաղերին, եւ ես աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետի «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հետ կատարեցի Վաչե Շարաֆյանի եւ Կոմիտասի մշակումները»։
Մեր զրուցակցի ներկայացմամբ` դահլիճը լեփ-լեցուն է եղել, իսկ իրենց կատարումները շատ լավ են ընդունվել։ «Ինչպես պատահաբար տեղեկացա, տոմսերը վաղուց էին սպառվել։ Համերգից մեկ ժամ առաջ դուրս էի եկել Սոչիի ձմեռային թատրոնի շենքի մոտ զբոսնելու, եւ ինձ մոտեցան անծանոթ մարդիկ ու տոմս խնդրեցին։ Ես պատասխանեցի, որ երաժիշտ եմ եւ չգիտեմ՝ տոմս կա՞, թե՞ ոչ։ Երբ իմացան, որ Հայաստանից եմ, դուդուկահար, խոստովանեցին, որ հենց դուդուկ լսելու համար են ուզում համերգը դիտել։ Պարզվեց՝ Մոսկվայի հրեաներ են։ Աշխարհը կարծես Սոչիում էր, մարդկանց տրամադրությունը բարձր էր՝ սպորտային, օլիմպիական»։
Իսկ ինչ տպավորություններ է ստացել դուդուկահարը օլիմպիական խաղերի փակման արարողությունից։ «Փայլուն, փայլուն, հիասքանչ… Անհնար է այդ հրաշքը բառերով ներկայացնել։ Այն մարդուն նորից ապրելու ցանկություն է տալիս»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Համերգից հետո Գ. Դաբաղյանին են մոտեցել փառատոնի հովանավորներից մեկի՝ ճապոնական «Յամախա» ընկերության Մոսկվայի մասնաճյուղի ներկայացուցիչներից, շնորհավորել, հայտնել իրենց հիացմունքը եւ առաջարկել նոր ծրագրերով հանդես գալ Մոսկվայում կամ Ճապոնիայում։ «Վաչե Շարաֆյանի եւ Կոմիտասի մշակումներով ես առաջին անգամ ելույթ ունեցա Յուրի Բաշմետի նվագախմբի հետ (երկու անգամ տարբեր երկրներում այլ ստեղծագործությամբ էի հանդես եկել), եւ Յուրի Բաշմետն ասաց՝ այս տարի այս ծրագրով դեռ բազմիցս կհանդիպենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

«ՀԱՃԱԽ ՉԵՄ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ»

Նկարչուհի Լիանա Մկրտչյանը վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ Նկարիչների կենտրոնական տանը ներկայացրել է իր աշխատանքները: Մայիսին կրկին նոր կտավներով կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք, նախատեսում է նաեւ Երեւանում ցուցահանդես կազմակերպել: Նկարչուհուն ստեղծագործելու համար պետք է ներդաշնակություն, իսկ ոգեշնչվել կարող է գրեթե ամեն ինչից. «Իմ արվեստում առաջնայինը կնոջ հայացքն է, ապրումները եւ զգացողությունները: Իհարկե, սիրահարվածությունն էլ է փոխում մարդուն, յուրաքանչյուրին իրեն բնորոշ ձեւով, այդ պատճառով կարող եմ դրանից էլ ոգեշնչվել»,- նշում է նկարչուհին: Արվեստագետները, տարածված կարծիքի համաձայն, հաճախ են սիրահարվում, սակայն Լիանայի դեպքում այդպես չէ. «Ռոմանտիկ անձնավորություն եմ, բայց վարդագույն ակնոցով չեմ ապրում եւ մարդկանց բավականին շուտ եմ ճանաչում. դա է պատճառը, որ հաճախ չեմ սիրահարվում»:

 
ԿԾՆՎԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

Աննա Գեւորգյանը սպասում է իր առաջնեկին: Հայտնի է դարձել, որ հաղորդավարուհին ամուսնու հետ Միացյալ Նահանգներում է, որտեղ էլ կծնվի նրանց դուստրը: Պարզվում է` միասին արտերկիր մեկնելու որոշումն Աննայի ամուսինը կայացրել է դեռեւս այն ժամանակ, երբ հանդիպում էին: Հղիության մի քանի ամիսն այստեղ առանց սիրելիի անցկացնելուց հետո միայն նա համարձակություն է գտել իր կարգավիճակում ինքնաթիռ նստել: Հաղորդավարուհին այժմ հղիության վերջին ամսում է. յուրաքանչյուր օր ու վայրկյան սպասում է բալիկի լույս աշխարհ գալուն. «Ինձ համար մի փոքր դժվարացել են կենցաղային ամենօրյա գործերը, բայց փոքրիկս իրեն այստեղ շատ լավ է զգում:)»,-նշել է նա:

 
ԼԱԶԱՐԵՎԸ ԿԳՆԱ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ԻՆ

Ռուսաստանը «Եվրատեսիլ»-ի իր մասնակցին պետք է ներկայացներ դեռ 2013թ. դեկտեմբերի 3-ին, բայց երեւի հարմար թեկնածու չգտնելով, ոչ ոքի չընտրեցին: Հայցերի ընդունումը շարունակվեց մինչեւ փետրվարի վերջ, իսկ արդեն մարտ ամսին հեռուստադիտողը պետք է ընտրի մասնակցին: Իհարկե քվեարկությունը դեռ չի ավարտվել եւ վերջնական ոչինչ ասել հնարավոր չէ, սակայն տարածված տեղեկությունների համաձայն` այս անգամ ի վերջո կիրականանա Սերգեյ Լազարեւի երազանքը եւ հենց նա կմեկնի «Եվրատեսիլ»` ներկայացնելու Ռուսաստանը:

 




Լրահոս