Երևանի ոստիկանապետը չնկատե՞ց, որ իր խոսքերում հակասություններ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցել է ավելի քան 4 ամիս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդու` Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարությունից, սակայն այդպես էլ երիտասարդը ոստիկանություն չի ներկայացել:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը իր տեղակալի եղբորորդուն հայտնաբերելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հստակ հայտարարել է, թե Վալերի Օսիպյանն աշխատում է որպես Երևանի փոխոստիկանապետ և իր պարտականությունները պատշաճ իրականացնում է:

«Ցանկացած ոստիկան կարող է ունենալ հարազատներ, ովքեր հանցագործություններ կատարում են: Բոլոր տեսակի միջոցառումները կատարվում են առանց որևէ կաշկանդվածության»,- նշել է ոստիկանության Երևանի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը:

Իսկ 22-ամյա Սեդրակի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն Armlur.am-ի հետ զրույցում բազմիցս նշել է, որ իր պաշտպանյալն ի հայտ կգա, երբ ժամանակը գա:

Բնականաբար, Կրոմվել Գրիգորյանը գիտի` որտեղ է «թաքնվում» Սեդրակ Օսիպյանը, ինչը Երևանի փոխոստիկանապետի կարծիքով հնարավոր չէ:

«Ես չեմ կարծում, որ պաշտպանը տեղը գիտի ու չի հայտնում, իսկ ոստիկանությունը տեղի հայտնաբերման հետ կապված այս պահին դեռևս տեղեկություններ չունի: Փաստաբանը կատարում է իր փաստաբանական գործունեությունը: Չէ՞ որ նրա գործառույթների համար մեկ խնդիրը իրավաբանների հետ, իրավական մարմինների հետ աշխատելն է»,- պարզաբանել է Աշոտ Կարապետյանը` մի պահ չնկատելով, որ իր խոսքերում իրար չհամընկնող դրվագներ կան: Ինչպե՞ս կարող է փաստաբանը կատարել իր պարտականությունները, որոնց մեջ, թերևս, մտնում է հետախուզվողին թաքցնելը` միաժամանակ համագործակցելով վարույթն իրականացնող մարմնի հետ:

Փաստն այն է, որ պաշտպանը գիտի Սեդրակ Օսիպյանի գտնվելու վայրը, իսկ ոստիկանները փնտրում են 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ կասկածվող վերոնշյալ երիտասարդին:




Լրահոս