Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի` Էջմիածնում ընտրողների առջեւ ծնկի իջնելը ճակատագրական դարձավ նրա համար. այսօր ով չի ալարում, խոսում է ԲՀԿ առաջնորդի պիջակի տակից երեւացած զենքի մասին: Ընդ որում, Ծառուկյանն ինքն էլ չի ալարում խոսել այդ մասին` հանրությանը հերթական անգամ հիմարի տեղ դնելով եւ դեռ մի բան էլ` լրատվամիջոցներին մեղադրելով «պատվեր կատարելու» մեջ: Եվ ստացվում է այնպես, որ մի սուտը իր հետեւից բերում է երկրորդը, երրորդը եւ այդպես շարունակ: Մինչդեռ ոչինչ չէր խանգարում Ծառուկյանին անկեղծ լինել եւ հենց Էջմիածնում ասել, որ դա իրոք զենք է: Ընդ որում, չենք կարծում, թե նա այդպես չի վարվել այն պատճառով, որ գիտեր՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով արգելված է հավաքներին զինված մասնակցելը: Իրականում, կարծում ենք, պարոն Ծառուկյանն առաջնորդվել է բոլոր քաղաքական գործիչներին հատուկ գործելաոճով` կարծելով, որ այս դեպքում էլ, ինչպես միշտ, հնարավոր է հանրությանը մոլորեցնել: Միայն թե ափսոս, որ այդ պահին այնտեղ էին «պատվեր կատարող» լրագրողները, որոնք ամեն ինչ նկարեցին ու հրապարակեցին: Եվ այդ ամենի արդյունքում ստացվեց, որ այս ընտրապայքարում ՀՀԿ-ի զենքը Ծառուկյանի «Vertu»-ն է: Սակայն ինչու միայն ՀՀԿ-ի. ինչպես ցույց են տալիս որոշ ԲՀԿ-ականների հայտարարություններ, այդ չարաբաստիկ հեռախոսազենքը պատրաստակամորեն օգտագործում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը` Վարդան Օսկանյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի շուրթերով անհարմար վիճակում դնելով Գագիկ Ծառուկյանին: Եվ եթե Օսկանյանի հայտարարության դեպքում դեռ կարելի է մտածել, որ նախկին արտգործնախարարը միգուցե տեղյակ չէր, որ Ծառուկյանը նույն օրը Արմավիրում, ձեռքի դարչնաոսկեգույն հեռախոսը լրագրողներին երեք մետրից ցույց տալով, հայտարարել է, որ հենց այդ առարկան է եղել իր գոտու մեջ դրած, ապա Հմայակ Հովհաննիսյանի դեպքում որեւէ արդարացում պարզապես անհնար է գտնել. քաղաքագետը պարզապես որոշել է «ձեռք առնել» Ծառուկյանին` երեկ ասելով. «Հիմա մի կողմում հեռախոսն է եղել, մյուս կողմում` զենք, Գագիկ Ծառուկյանն ի՞նչ իմանար՝ որ կողմն էին նկարելու»: Փաստորեն ԲՀԿ-ում հերքում են ԲՀԿ-ականներին` անհարմար վիճակի մեջ դնելով Ծառուկյանին:
Իր նորագիր թիմակիցների այդ հայտարարությունների արդյունքում Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ ասել. «Այս քարոզարշավի ժամանակ ամենքը արտահայտում են իրենց անձնական կարծիքը»: Բա ոնց, բա հո ոհմա՞կ չեն` որոշ ուժերի նման, որոնք ցանկացած հարցին ի պատասխան` ասում են` ինչպես կորոշի մեր կուսակցության առաջնորդը: Թեեւ ԲՀԿ-ն այդպիսին էր մինչեւ Օսկանյանի մուտքը, իսկ հիմա ԲՀԿ-ականները փոխվել են: Փաստորեն` հավատացին Օսկանյանին ու փոխվեցին: Ափսոս էր Ծառուկյանը, որին հարազատ կուսակցությունում անլրջության քողով են պատում:
ՀԵՌԱԽՈՍԱԶԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ