Կարծես թե «սեւ ամպեր» են կուտակվել «Մոսկվիչկա» սուպերմարկետի գլխին: Իսկ Երևանի Կոմիտասի փողոցում գտնվող սուպերմարկետն արդեն վաճառվել է ու այլեւս չի աշխատում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետը եւս «Կարֆուր» ընկերությունը ներառելու է իր ցանցում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել «Մոսկվիչկա» սուպերմարկետի սեփականատեր, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուց` Արման Նազարյանից:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իսկապես Կոմիտաս փողոցում գտնվող սուպերմարկետը փակվել է, բայց դրա փոխարեն ավելի մեծն է վերաբացվելու: «Փակվում է միայն Կոմիտաս 1 հասցեում գտնվող սուպերմարկետը, որովհետեւ Մերգելյան ինստիտուտի տարածքում մենք ունենք մեր սեփական տարածքը, որտեղ ուզում ենք Կոմիտասի փոխարեն մեր սեփական տարածքի մեջ մեր արտադրական սուպերմարկետը բացել, ընդամենը դա է խնդիրը, ուրիշ որեւէ բան չկա»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
Իսկ ինչ վերաբերում է «Կարֆուր»-ի ցանցին «Մոսկվիչկա»-ի «միաձուլմանը»՝ Արման Նազարյանն ասաց. «Մեր երկրում սուպերմարկետի կուլտուրան շատ զարգացած է ու ով էլ գա չի կարող այդ ամենը վերացնել, նման բան չկա: Մենք ունենք շատ հզոր ցանցեր` ընդամենը մեկ խանութ փակում ենք, որ ավելի մեծը բացենք, մեր տարածքի մեջ, քանի որ դա վարձակալական հիմունքներով վերցված տարածք էր»: