«ԵՍ ԳՈՒՇԱԿ ՉԵՄ, ՉԳԻՏԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀԿ-ում ներքին կոնֆլիկտ չկա, իսկ քարոզարշավներին Սերժ Սարգսյանի հետ գնում են ՀՀԿ ակտիվն ու տվյալ տարածքի թեկնածուն, քանի որ կուսակցությունն է նման որոշում կայացրել:
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մենակ է տանում ողջ քարոզարշավը, ինչո՞ւ ՀՀԿ ներկայացուցիչները նրա հետ չեն մասնակցում ընտրարշավին:
-Հանրապետության նախագահը մենակ չէ, յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր մարզում նախագահի հետ հանդիպումներին մասնակցում է նաեւ բոլոր կառույցների կուսակցության ակտիվը:
-Կոնկրետ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եկավ միայնակ:
-Նաեւ եղել են մեր թեկնածու պատգամավորները, կուսակցության ակտիվը եւ այլն, որոնք էլ մասնակցել են ՀՀԿ-ի քարոզարշավին:
-Գուցե միայն ակտիվն է մասնակցում, բայց, օրինակ, կոնկրետ Դուք ինչո՞ւ քարոզարշավներին չեք  մասնակցում:
-Ես քարոզչական խմբերի մեջ եմ եւ մասնակցում եմ տարբեր համայնքներում քարոզչական աշխատանքներին:
-Բայց Ձեզ ընդհանրապես չենք տեսել քարոզարշավների ժամանակ:
-Եղել եմ, բազմաթիվ, հարյուրավոր քարոզչական խմբեր են աշխատում ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելու համար:
-Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀԿ-ում ներքին կոնֆլիկտ կա ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ: Ու որպեսզի այդ կոնֆլիկտն ակնհայտորեն չերեւա նաեւ բեմի վրա, Սերժ Սարգսյանը որոշել է նրանց չտանել քարոզարշավի:
-Մի՛ հավատացեք նման լուրերի, դրանք ընդամենը հեքիաթներ են կամ լեգենդներ:
-Պարո՛ն Զաքարյան, Կոնգրեսը հայտարարեց, որ իրենք պայքարելու են միայն ՀՀԿ-ի դեմ, քանի որ ավազակապետությունը հենց ՀՀԿ-ն է ու նրա արբանյակ ՕԵԿ-ը:
-Ընդհանրապես Հայ ազգայն կոնգրեսը` որպես քաղաքական ուժ, միշտ էլ աչքի է ընկել իր ապակառուցողական մոտեցումներով, եւ այդ ուժը, ինձ թվում է, ստեղծվել է ինչ-որ մի բանի դեմ: Թող հասարակությունն ինքն ընտրի, թե որքանով է ճիշտ, ժամանակակից աշխարհին համահունչ լինելու փոխարեն, դեմ լինել` անհասկանալի գաղափարներով եւ շինծու հայտարարություններով: Ավելի ճիշտ, ավելի կառուցողական է պայքարել հանուն ինչ-որ մի բանի եւ ոչ թե դեմ լինել ինչ-որ մի բանի:
-Իսկ Ձեր կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի պահվածքն ինչպե՞ս եք գնահատում:
-Ընտրական գործընթացներ են, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է իր պատկերացումների շրջանակներում ընդլայնել իր ընտրազանգվածը, իսկ արդյունքները ցույց կտան, թե ում ինչքանով դա հաջողվեց:
-Վերջերս ԲՀԿ-ին անդամագրված Վարդան Օսկանյանն իր խոսքում միշտ քննադատում է ՀՀԿ-ին, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլ վերաբերմունք ունի ՀՀԿ-ի հանդեպ, ի վերջո, ԲՀԿ-ն վստահելի՞ գործընկեր է:
-Օսկանյանի վերաբերմունքն ավելի շատ ԲՀԿ-ի խնդիրն է, եւ ես չեմ ուզում մեկնաբանել մի քաղաքական գործչի, որը տրամագծորեն հակառակ հայտարարություններ է անում: Կարծում եմ` Վարդան Օսկանյանի համար գոյություն ունի չհասկացված լինելու սինդրոմ:
-Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ, երբ քամին բարձրացրել էր Ծառուկյանի պիջակի փեշը, երեւացել էր գոտու մեջ խրված ատրճանակը: Ծառուկյանը հայտարարել էր, թե դա «Վերտու» հեռախոս է, իսկ նախօրեին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել` ասելով, որ իր տպավորությամբ դա իրոք զենք է: Դուք Ծառուկյանի՞ն եք հավատում, թե՞ Օսկանյանին:
-Ես կարծում եմ, որ գոյություն ունեն խնդիրներ, որոնք ԲՀԿ-ի ներսում պետք է պարզաբանվեն:
-Ի վերջո, Ձեր կարծիքով` դա զե՞նք էր, թե՞ հեռախոս:
-Ես գուշակ չեմ, չգիտեմ, դրանով չեմ հետաքրքրվել եւ ոչ էլ նայել եմ կադրերը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս