ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հանդես է եկել 4-րդ բաց նամակով, որտեղ անդրադարձել է արտագաղթի իրական ծավալներին: Ներկայիս իշխանությունների հրապարակած վիճակագրական տվյալները վերլուծելով` Հրանտ Բագրատյանը հանգել է այն եզրակացության, որ ՀՀՇ իշխանության տարիներին՝ պատերազմի ժամանակ, արտագաղթել է ավելի քիչ մարդ, քան հիմա: «Եթե մեզ հաջողվեր կանխել արտագաղթը, ապա ՀՀ բնակչությունը 01.01.2012 պետք է կազմեր 4 մլն 269 հազ. մարդ: Այս լրացուցիչ մեկ միլիոն հարյուր հազարը լիուլի բավարար էր Ղարաբաղն ու նրան հարակից տարածքները բնակեցնելու, հիմնախնդիրը քաղաքական հարթությունից նաեւ հումանիտար հարթություն տեղափոխելու համար: Սա էր մեր միակ հաղթաթուղթը: Սրա փոխարեն հայերը ստիպված գերադասում են տեղափոխվել եւ ՀՆԱ-ն գեներացնել այլ երկրներում: Սա արդեն ավելի շատ նման է մարդկանց արտահանման, քան արտագաղթի,-գրել է Բագրատյանը` հավելելով,- այդ նույն Լաչինում միայն 1994թ. ծանր տնտեսական տարում բնակություն հաստատեց 22 հազ. մարդ, այսօր այդ թիվը 8 հազարից ավելի չէ: Մինչդեռ միլիոն պետք է լիներ: Հետո էլ ով դուրներդ չի գալիս, թուրք եք անվանում: Ինքնե՛րդ դատեք, թե ով է թուրքը»: Ըստ Բագրատյանի` այժմ ՀՀ բնակչության թիվը 2 մլն 756 հազար 500 է:
ՀԻՄԱ Ո՞Վ Է ԹՈՒՐՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ