ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐՈՎ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը նամակով դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` առաջարկելով Հայաստանի բոլոր ընտրատեղամասերը եւ ընտրատարածքային հանձնաժողովները կահավորել յուրաքանչյուրը 3-5 տեսախցիկներով:
ԶՈԼՅԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՇՈՏՅԱՆԻՆ
ԵՊԼՀ-ի շենքի վաճառքի ծրագիր չկա: Այդ մասին երեկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն ասել է բուհի ուսանողների հետ հանդիպման ժամանակ. «Եկե՛ք այս պահին, գոնե, հավատանք Աշոտյանին, բայց սպասենք, որ վարչապետն էլ դա հաստատի»:
«ՀԵՐՆ ԷԼ ԱՆԻԾԱԾ»
Արձագանքելով Հմայակ Հովհաննիսյանի այն խոսքերին, թե «Սուրեն Խաչատրյանի ոտը Երեւանից կտրելու եմ, նա իրավունք չունի Երեւանով անգամ քայլելու»` Սուրեն Խաչատրյանն «Առավոտ»-ին ասել է. «Խորհո՛ւրդ տվեք այդ մարդուն, թող բուժմա՛ն գնա, էդ մարդը երեւի բուժման կարիք ունի: Ինքն ո՞վ ա, որ իմ ոտը կտրի, իրա հերն էլ անիծած: Ինքն իրանից ի՞նչ ա ներկայացնում, որ իմ ոտը կտրի»: Սյունիքի մարզպետը վստահեցրել է, որ ինքը Քաղաքագետների միության շենքի հետ որեւէ կապ չունի:
ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼ
«Այն, ինչ որ ուներ այս հիանալի շրջանը եւ քաղաքը` Գավառը, ձեռնարկությունները, հիմնարկները, կանգնած են, եւ չեն աշխատեցնում, պետք է ազգայնացվի: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, պետք է ազգայնացվի, որպեսզի կարողանա պետությունը նորից վերագործարկել, որպեսզի ամեն մեկն աշխատանք գտնի այստեղ»,-Գավառում կայացած նախընտրական հանդիպմանն ասել է Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը:
ԾԵԾՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է
Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա ապրիլի 16-ին ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել նախաքննության: Պարզվել է, որ Գայանե Առուստամյանին եւ Բաբկեն Գարոյանին ծեծի է ենթարկել Վարդան Վարդանյանը (համատիրության նախագահ): Նախաքննությունը շարունակվում է:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության հետ կապված խանդի գործոնի շահարկումն այսօր էլ բացառում է եւ տեղի ունեցածը պայմանավորում միայն քաղաքական գործոններով: «Ինչպե՞ս հնարավոր է, որ հենց ընտրությունները գալիս են, նման դեպքեր են տեղի ունենում: Նախորդ անգամ էլ նախընտրական շրջան էր, այս անգամ էլ: Ես ասել եմ ու էլի եմ ասում` մեր նկատմամբ կատարված մահափորձը, որից 4 հոգի մահացան` քաղաքապետ, փոխքաղաքապետ խփվեցին, դրանից սկսած մինչեւ այսօրվանը, քաղաքական են: Ես առայժմ չեմ կարող ասել, որ ոստիկանությունը սխալ հունի վրա է, կապրենք` կտեսնենք: Ամեն դեպքում, եթե 4 տարի առաջվանը բացահայտվեր, այսօր հերթական ստոր արարքը տեղի չէր ունենա: Ես այն ժամանակ էլ ասում էի, որ դա քաղաքական պատվեր է, հիմա էլ ասում եմ, պետք չէ պտտեցնել եւ ինչ-որ այլ բաների հետ կապել»,-«Առաջին լրատվական»-ին ասել է Վարդան Ղուկասյանը:
«ՓԱՐՈՍ»-Ո՛ՒՄ ԷԼ ԳՐԱՆՑԵՔ
«Ազատությանը» տված ֆեյսբուքյան ասուլիսում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին` «ինչպե՞ս է Հանրապետականն օգնում թիվ 7 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին, ով, իր իսկ փոխանցմամբ, խիստ ծանր ֆինանսական վիճակում է», Գալուստ Սահակյանն ասել է. «Սամվել Ալեքսանյանը բազմազավակ հայր է, եւ կարծում եմ` իր իրավունքների շրջանակներում կարող է նաեւ նպաստ պահանջել»: