ՍԵՎԱԶԳԵՍՏ ՄՈՐԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԼՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը սպանվել է 2007-ի օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում` կորպուսի հրամանատարի նստավայրից 15 մետր հեռավորության վրա: Ըստ պաշտոնական վարկածի` էլեկտրահարում է եղել, սակայն երկու տարի տեւող նախաքննությունից հետո` 4 տարի անց, պաշտոնական վարկածը հերքվել է:
Թեեւ սպանության օրը զինվորի պատռված հագուստն առգրավել է ռազմական ոստիկանությունը, սակայն փորձագետին ուղարկվել է բոլորովին նոր շոր: Կատարվածից 7 օր հետո Տիգրանի ծնողները գնացել են դեպքի վայր եւ պահանջել ցույց տալ իրենց որդու հագուստը, սակայն նրանց տվել են նոր հագուստ` ասելով, որ Տիգրանն ուրիշ զինվորի հագուստ է հագել: Գեւորգ Կոստանյանի հետ Տիգրանի ծնողները երկու անգամ գնացել են դեպքի վայր, որտեղ զինդատախազը հայտարարել է, որ դեպքի վայրը կեղծված է:
«Ժողովուրդ»-ն այս թեմայով զրուցեց մահացած զինվորի մոր` տիկին Գոհարի հետ: «Իրենք ասում են, որ քննություն են անում, բայց ոչ մի պատասխան: Լռություն է` ձայն բարբառոյ»,-նշեց տիկին Գոհարը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դատաբժիշկը սպանված զինվորի ձեռքերի, մատների վրայի կապտուկներն իր եզրակացության մեջ չի արձանագրել: «Հունիսի 30-ին իմ տղան եկավ տուն մեկ օրով, վերեւի ատամնաշարի առջեւինը չկար, իսկ դատաբժիշկը գրել է, որ վերեւի ատամնաշարը բնական է եւ ամբողջական: Իսկ ներքեւից բացակայում են չորրորդ եւ վեցերորդ ատամները, որոնք բացակա չեն եղել»,-հուզված ձայնով պատմեց տիկին Գոհարը` ավելացնելով, որ տղայի ձեռքի ափի վրա համար է գրված եղել, որը դատաբժիշկը գրանցել է, իսկ կապտուկները` ոչ:
Այսօր սեւազգեստ մայրը հարց է տալիս պետական այրերին. «Ի՞նչ է արել իմ էրեխեն, ինչի՞ համար: Ո՛չ նախարարն է կարողանում պատասխանել, ո՛չ դատախազը, ո՛չ էլ նախագահը: Զորամասում ոչ ոք նկատողություն անգամ չստացավ: Ո՞ւմ հավատամ, 5 տարի այստեղ հավատալով կանգնել եմ, օգոստոսի 30-ին իմ որդու մահվան 5 տարին կլրանա, իսկ ի՞նչ ունեմ ես հիմա` միայն գերեզման»:
Տիկին Գոհարը մեզ պատմեց, որ 2001-ից Տիգրանն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում եւ 10 տարի զբաղվել ձյուդոյով. «Երկու ոտքը դրեց մի կոշկի մեջ եւ ասաց, որ պետք է ծառայի իր հայրենիքում: Տասը տարի ապրեցինք չեչենի, ռուսի, հույնի հետ, բայց որդուս մի մազն անգամ չծռվեց, իսկ այստեղ 9 ամիս ծառայելուց հետո հոշոտեցին»: Սպանված զինվորի մայրը չի կարողանում կուլ տալ իր որդու արյունը. «Ոսկոր եմ դառնալու, որ բոլորի կոկորդը կտրեմ»:
«Համայնք եւ իրավունք» հ/կ նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը եւս հանձն է առել պայքարելու սպանված զինվորի ծնողների հետ: Նա մեզ վստահեցրեց, որ այսուհետ օգնելու է սպանված զինվորների մայրերին, նրանց հետ մասնակցելու է ցույցերին: «Տեր եմ կանգնելու այս իրավիճակին: Ես այնպիսի մի ական եմ, որ կպայթեմ իրենց բոլորի ոտքի տակ»,-հավատացրեց նա: Իրավապաշտպանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց իր ծրագրերից. «Կկազմակերպվեն լայնածավալ հավաքներ, լուրջ գործընթացներ կլինեն, որ բանակը պետք է ուշքի գա: Վերջ պետք է դրվի այսպիսի անառակ վարքագծին, որը դրսեւորվում է մեր բանակում: Վերջապես մի օր մենք պետք է մեր զավակներին վստահաբար ուղարկենք բանակ»:
Դիմեցինք Երեւանի դատաբժշկական կենտրոնի դատաբժիշկ Վիգեն Ադամյանին` պարզելու, թե ինչու իր կողմից գրված եզրակացության մեջ չի արձանագրել որոշ մանրամասներ: «Դիահերձումից հետո տրվել է մահվան թուղթ` հայերեն գրված, թե ինչից է մահացել զինվորը: Եթե մարդիկ դիակային բիծը վնասվածքից չեն տարբերում, ես ի՞նչ կարող եմ անել: Եթե բացահայտեն, որ կապտած է եղել, թող ինձ դատեն, այս 4 տարի ինչո՞ւ ինձ չեն դատում: Նման ձեռքի մատներ կարող եք ցանկացած դիակի մոտ տեսնել, դա դիակային բիծ է: Պարոն Ադամյանը 16 տարվա աշխատանքային փորձ ունի եւ արնազեղումը դիակային բծից տարբերում է»,-ներկայացրեց Վ. Ադամյանը` հետաքրքրվելով, թե ինչու այսքան ժամանակ արտաշիրիմում չեն անում կամ կրկնակի փորձաքննություն չեն անցկացնում: «Եթե կապտուկ լիներ, կգրվեր: Ամեն ինչ շատ ճիշտ եւ օբյեկտիվ է գրված: Եթե համաձայն չեն, թող կատարեն արտաշիրիմում: Ուղղակի ես մի դրոշ եմ դարձել, որի վրա պիտի գրեն, մեկի վրա պիտի գրե՞ն, թե՞ չէ: Սիրում են գրել էլի: Եթե այդքան ճիշտ գրող կա, թող այդ ամեն ինչն ապացուցեն, թող ուրիշ մասնագետներ արտաշիրիմում անեն եւ բերեն մտցնեն աչքս»,-դժգոհելով լրատվամիջոցներից` անկեղծացավ դատաբժիշկը:
Իսկ ՊՆ զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը, լսելով Տիգրան Օհանջանյանի անունը, խուսափեց պատասխանել մեր հարցերին եւ անմիջապես վայր դրեց լսափողը: Այսպիսով` պետական այրերը եւս մեկ անգամ իրենց վերաբերմունքն արտահայտեցին` ապացուցելով, որ սպանված զինծառայողի ծնողներն իզուր չէ, որ մեղադրանքներ են ներկայացնում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս