ՊԱՏՎԻՐՎԱԾ ՍՈՑՀԱՐՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրության շրջանում մեծ արձագանք գտան Սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող հայտնի GALLUP ընկերության իրականացրած հարցման արդյունքները, ըստ որոնց` խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարում են հինգ կուսակցություններ:
Հարցման ենթարկված քաղաքացիները` «ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի» հարցին պատասխանել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցությանը` 34%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 28%, Հայ ազգային կոնգրեսին` 9%, «Օրինաց երկիր» կուսակցությանը` 6%, «Հայ յեղափոխական դաշնակցության»ը` 5%: Ընտրարշավի մասնակից մյուս կուսակցություններից «Ժառանգություն»-ը ստացել է հարցման մասնակիցներից 3%-ի, իսկ Կոմունիստական կուսակցությունը` 2%-ի աջակցությունը: 10%-ը չի պատրաստվում ձայն տալ կուսակցություններից որեւէ մեկին, իսկ 3%-ը հարցին չի պատասխանել:
Սոցիալական այս հարցման արդյունքներից Գյումրիում  դժգոհ ու վիրավորված են հատկապես առաջատար դիրքերում գտնվող Հանրապետական կուսակցության գործընկեր կուսակցությունները` ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ Գյումրու կառույցի համակարգողներից Վարդեւան Գրիգորյանը կարծիք  հայտնեց, թե այդ հարցումները կարող են եւ պատվիրված լինել: «Նման մեթոդներով փորձ է արվում ապակողմնորոշել ընտրողին: Բոլորովին վերջերս «Բարգավաճ Հայաստան»-ը առաջատար դիրքում էր, հիմա ի՞նչ փոխվեց, որ ԲՀԿ-ի ցուցանիշը 41տոկոսից իջավ 28-ի»,-հարցրեց Վարդեւան Գիրգորյանը եւ հավելեց, որ բոլոր հարցերի պատասխանը կտան մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Կտեսնենք, թե ժողովուրդն ում է վստահում: Մենք չենք կարող համեմատվել Աբովյանի հետ, Կոտայքի մարզի հետ, բայց ԲՀԿ-ն Շիրակի մարզում, Գյումրիում էլ բարձր վարկանիշ ունի»,-հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչը:
Իսկ ահա «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցչի համոզմամբ` Շիրակի մարզում ամենաբարձրն «Օրինաց երկրի» վարկանիշն է: «Հատկապես Արթուր Բաղդասարյանը սիրված է Շիրակի մարզում, եւ «Գելափ»-ի նախանշած 6 տոկոսն աբսուրդ է: Մենք միշտ էլ Շիրակում բարձր տոկոս ենք հավաքել: Մեզ սիրում ու վստահում են նաեւ Լոռիում, Կոտայքում եւ նույնիսկ Երեւանում»,-կարծում է ՕԵԿ-ական Համլետ Սարուխանյանը:
Մինչդեռ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես հարցման արդյունքները, այնպես էլ կոալիցիոն կուսակցությունների արձագանքը համարում են բնական: Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը տարօրինակ է համարում միայն այն, որ «ԲՀԿ-ն չափից ավելի է խառնվել»: «Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե կոալիցիա լինելով` ինչի են էդքան խառնվել»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը: Ըստ նրա` ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացել է, քանի որ անցած տասնհինգ օրերի ընթացքում սկսել են խոսել իրենց հինգ տարիների ձեռքբերումներից: «Մինչ այդ չէինք խոսում, մեր հաջողություններն էլ իրենք էին ներկայացնում` որպես իրենց ձեռքբերում, բայց այն, ինչ վատն էր, խայտառակությունները մեր վրա էին թողնում»,-նկատեց ՀՀԿ-ական գործիչը:
Սոցիալական հարցումներից դժգոհ են մնացել նաեւ Հայ ազգային կոնգրեսի Գյումրու գրասենյակների ներկայացուցիչները: Գագիկ Վահրադյանի կարծիքով` ընտրական գործընթացներում իրական պատկերի աղճատումը ՀՀԿ-ն սկսում է այսօրվանից: «Եթե մեզ էդ հարցումներով ինը տոկոս են տվել, նշանակում է` դրանից վերեւ եղող բոլոր կուսակցությունները` իրանց կոալիցիան, զրո էր ստանալու»: Ըստ Գագիկ Վահրադյանի` ՀՀԿ-ն փորձում է այս եղանակով կարծիք ձեւավորել եւ մարդկանց  հոգեբանական ճնշման ենթարկել, «իսկ չստացվելու դեպքում կդիմեն ընտրությունները կեղծելու փորձված մեթոդին»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի




Լրահոս