Մ. Մնացականյանի բիզնես-քաղաքական վերելքներն ու վայրէջքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ.-ից ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը` մինչ պատգամավոր ընտրվելը, 10 տարի զբաղեցրել է Թալինի քաղաքապետի պաշտոնը: Համացանցում նրա անունը որոնելիս միանգամից նրան փառաբանող հոդվածներ են ի հայտ գալիս, ըստ որի քաղաքապետ լինելու տարիներին քաղաքն ուղղակի ծաղկունք է ապրել: Սակայն դա վաղեմության մեծ ժամկետ ունի, քանի որ այդ ամենն ուղղված է եղել 2007թ.-ի ԱԺ ընտրություններում հաղթանակն ապահովելու համար:

Մնացն այդ ժամանակ փորձեց դառնալ պատգամավոր, բայց չհաջողեց` ժողովուրդը ուշադրություն չդարձրեց այն «լոլոներին», թե խորհրդարանում հայտնվելով` քաղաքապետի հնարավորություններն ավելին կլինեն թե՛ քաղաքի, թե՛ մարզի մասշտաբով աշխատանքներ կատարելու համար:

Ի դեպ, այդ ընտրություններն ուշագրավ էին ու բավականաչափ բացահայտեցին Մ. Մնացականյանի էությունը, ով, լինելով անկուսակցական, այդուհանդերձ, երկակի խաղ էր խախում այդ ընտրություններում ֆավորիտ համարվող երկու կուսակցությունների հետ` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կենտրոնական շտաբներն այցելելով ու փորձելով «դաբրո» ստանալ թե՛ մեկից, թե՛ մյուսից: Նա միաժամանակ և՛ ԲՀԿ-ական էր, և՛ ՀՀԿ-ական, և՛ Դաշնակցության հովանավոր` քաղաքում: Սակայն արդյունքում այդպես էլ մնաց առանց մանդատի: Նրան միայն 2012թ.-ին հաջողվեց դառնալ պատգամավոր:

Թալինցիները պնդում են, որ նախկին քաղաքապետը ժամանակին քանդել է Թալինի նախկին ուսումնարանի շենքն ու ամբողջը, ինչ գտել է այդ տարածքում, չնչին գներով վաճառել քրոջ ամուսնուն: Իսկ փեսային էլ վաճառել է Թալինի ջեռուցման գլխավոր կաթսայատան թանկարժեք սարքավորումները` ընդամենը 10 մլն դրամով:

Ընդհանրապես նշենք, որ Թալինի նախկին քաղաքապետն ունի կոնֆլիկտային բնավորություն, սրա-նրա հետ «յոլա» չի գնում:

Մնաց Մնացականյանի հետաքրքրաշարժ կենսագրականը գալիս է ապացուցելու, որ հայաստանյան մարզային իշխանիկների թվում «լիսկաները» մշտապես անպակաս են: Պարզապես բոլորիս համար սովորական է դարձել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին մամուլում զարմանահրաշ բաներ կարդալն ու սյունեցիներից նրա մասին էլ ավելի, այսպես ասած, «not for press» պատմություններ լսելը, մինչդեռ Թալինում տարիներ շարունակ իր իշխանությունը ծավալած Մ.Մնացականյանը ոչ պակաս «համբավ» է վայելում, ուղղակի ինչպես որ հարկն է չի լուսաբանվում:

Օրինակ` ստվերում է մնում Մ. Մնացականյանին պատկանող բազալտի հանքը, որում նա նախատեսում էր ասֆալտ արտադրել: Ընդ որում, այդ «ներդրումն» այնպիսին է, որ բնապահպանության նախարարության հաշվեկշռում, ինչպես ժամանակին փաստել էր ընդերքի պահպանության վարչության պետը, նման հանք, մեջբերում ենք, «ընդհանրապես գոյություն չունի»:

Պարզվեց, որ մեր հերոսը ոչ միայն բիզնես-նախագծերում էր ակտիվություն ցուցաբերում, այլեւ մարզային քաղաքականությունում, քանի որ ժամանակին իր անունը կապվում էր մարզում ՀՀԿ-ի դերակատարության նվազեցման հետ, ինչում օգնեց նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը: Ըստ այդմ` օրերից մի օր «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ՀՀԿ-ական տնօրեն Գրիգոր Պետրոսյանն անձամբ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարից տեղեկացավ, որ պետք է դիմում գրի: Վերջինիս փոխարինող նշանակվեց Մ.Մնացականյանի կինը` Թամարա Գեւորգյանը: Ի դեպ, քաղաքապետի կինը, ով մինչ այդ Թալինի պոլիկլինիկայի ղեկավարն էր, լուրջ դիմադրության հանդիպեց հիվանդանոցում, որովհետեւ նախկին տնօրենը ոչ միայն սիրված էր, այլեւ նրան հեռացնելուն զուգահեռ հիվանդանոցում սկսվեց կադրային ջարդ. մասնավորապես ՀՀԿ-ական աշխատակիցներն ընկան դաշնակցական մարզպետի թրի տակ:

Ավելին, լուրեր էին պտտվում, որ Մ. Մնացականյանը կնոջն այդ տաքուկ տեղում կարողացավ տեղավորել զուտ այն պատճառով, որ թեեւ նախընտրական ժամանակահատվածում, երբ թվում էր, թե նրա «սիմպատիաները» ԲՀԿ-ին են ուղղված, 90 հազար ԱՄՆ դոլար էր մուծել ՀՅԴ-ին, որպեսզի վերջինս աշխատի նաեւ իր օգտին ու ինչպես որ հարկն է, ձայներ ապահովի նրա` Ազգային ժողովում հայտնվելու համար: Եւ քանի որ դա նրան չհաջողվեց, ՀՅԴ-ն էլ նման կերպ վարձահատույց եղավ իրեն հարստացրած Մ. Մնացականյանին: Իհարկե, Թալինի նախկին քաղաքապետին այլ բան չէր մնում, քան սուսուփուս ընդունել այդ փոխհատուցումը, առավել եւս, որ քաղաքում վաղուց էին լուրեր պտտվում, թե կինը չի բավարարվում «պոլիկլինիկական տիրուհու» կարգավիճակով: Որպես ամուսնուն սփոփանք` կինն էր փորձում նրա վերքերին դարման անել:

Ի դեպ, Թամարային չարաշահումների համար մեկ անգամ նույնիսկ հասցրել են հեռացնել աշխատանքից, սակայն ամենազոր ԱԱԾ-ն չկարողացավ գործը մինչեւ վերջ հասցնել, այն փակվեց` նույնիսկ մինչեւ վերջ չբացված, քանի որ միջամտել էր Մ. Մնացականյանի հովանավոր, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Վերջինս, ըստ Թալինում պտտվող լուրերի, դիմել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանին, ով հետո միջանցքում նախատել էր Թալինի ԱԱԾ ղեկավարին, թե դու ով ես, որ ինքնագլուխ գործեր ես անում: Տիկին Թամարան կարողացավ վերադառնալ հիվանդանոցի տնօրենի պաշտոնին: Սակայն 2012թ. օգոստոսին, ի վերջո, նրան ազատեցին պաշտոնից:

Այս տարի, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, և նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարություն էր ձևավորում, խոսակցություններ տարածվեցին, թե Մնացական Մնացականյանը ցանկանում է զբաղեցնել Արագածոտնի մարզպետի պաշտոնը:

Նա այդ ժամանակ օգտագործում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի միջնորդությունները՝ Արագածոտնի մարզպետ նշանակվելու համար։ Պատգամավորը շատ էր ցանկանում զբաղեցնել իր վաղեմի հակառակորդի՝ Սարգիս Սահակյանի աթոռը, որպեսզի նաև վրեժ լուծի կնոջն աշխատանքից ազատելու համար։ Սակայն Սարգիս Սահակյանը դեռ իր պաշտոնին է:




Լրահոս