Աղայանի` «Անահիտ» մուլտֆիլմի էկրանավորումը կլինի դեկտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Օրեր առաջ կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա են եղել ստեղծագործական անձնակազմը: Հայկական առաջին լիամետրաժ հեքիաթի երաժշտական էկրանավորումն իսկական նախաամանորյա նվեր կլինի թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան։

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վարդան Զադոյանը:

Էլ ի՞նչ հեքիաթ առանց բարու եւ չարի հավերաժական պայքարի. չարագործների դերը «Անահիտ» մուլտֆիլմում վերապահված է Ազարին ու Էնվերին: Ի դեպ, մուլտֆիլմի երկրորդական հերոսները մանրակրկիտ մշակման են ենթարկվել: Գործող անձանց շարքերում են գուշակ Պետրոսը, կախարդական աղբյուրից ծնունդ առած Անդոկ ձին, հավատարիմ Զանգի շունը:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: Մուլտֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը: Սցենարի հեղինակներն են՝ Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լեւոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, իսկ կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Երեւանյան պրեմիերայից հետո «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոներում:




Լրահոս