«ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼՆ ԻՄ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը երեկ հանդիպեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչների հետ: Չնայած մարդիկ հիասթափված ու հուսահատված էին, այնուամենայնիվ, Սաթիկ Սեյրանյանին ջերմ ընդունեցին:
«Հանդիպումներ շատ են եղել արաբկիրցիների հետ: Այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի իշխանությունները ճնշումներ չգործադրեն մեր ակտիվիստների նկատմամբ: Ես ստիպված եմ ոչ միայն որպես թեկնածու ներկայացնել ինձ, իմ գործունեությունը, իմ անելիքները, այլեւ պայքարել հնարավոր կեղծիքների դեմ»,-հանդիպման ժամանակ ասաց պատգամավորության թեկնածուն: «Չեմ կարող ասել խոսքեր, որոնց համար պատասխանատվություն չեմ կրելու… Ես չեմ կարող ասֆալտապատել փողոցները, դա իմ գործառույթը չէ, դա պատգամավորի լիազորությունը չէ: Սո՞ւտ ասեմ: Ուրիշ բան, եթե քաղաքապետարանին, թաղապետարանին ճնշեմ, որպեսզի լուծեն այդ հարցերը: Իմ գործառույթը դա է լինելու, ընտրվելու, թե չընտրվելու դեպքում շարունակելու եմ ձեր ձայնը տեղ հասցնել: Ես պատրաստ եմ խորհրդարանում լինել ձեր միջնորդն ու ներկայացուցիչը»,-հավաքված մարդկանց բացատրեց նա:
Ըստ Սաթիկ Սեյրանյանի` մարդիկ հիասթափված ու հուսահատված են. «Ես` որպես լրագրող, տեսել եւ համոզվել եմ, որ մարդիկ հիասթափված են, քանի որ քվեարկել են այլ թեկնածուի օգտին, եւ բոլորովին այլ արդյունքներ են ստացվել: Հայաստանն այնպիսի վիճակում է հիմա, որ հավատի նշույլ գրեթե չկա: Չի կարելի կեղծել, իշխանությունները պետք է ցուցաբերեն քաղաքական կամք, գոնե այս անգամ չկեղծեն ընտրությունները, ինչին ես խիստ կասկածում եմ»:
59-ամյա Ռիման Սաթիկ Սեյրանյանին բարձրաձայն դիմեց. «Հալալա քեզ, Սաթի՛կ ջան, ես հավատում եմ քեզ»: Իսկ մեզ հետ զրույցում տիկինն անկեղծացավ. «Առաջին անգամ ես ոչ մի սուտ խոստումներ չլսեցի, ոչ մի բան մեզ չասաց, անկեղծ խոսեց մեզ հետ: Իսկ մարդիկ գալիս ու ոսկի սարեր են խոստանում, բայց բան չեն անում: Մարդն ուղիղ ասաց, որ ես ձեզ ոչ մի բան չեմ խոստանում, երբ ընտրվեմ, նոր ձեր հետ եմ, դա էլ է հերիք»:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սեյրանյանն ասաց, որ թաղապետարանից մինչեւ նախագահական նստավայր, բոլորը, բան ու գործ թողած, իշխանական թեկնածուին` Արտակ Սարգսյանին, անցկացնելու ուղղությամբ են աշխատում. «Իշխանական թեւի թեկնածուն մինչեւ հիմա որեւէ բառ չի արտաբերել, ոչ ոք չգիտի` ինչ է մտածում, ասելիք ունի, թե ոչ: Իշխանական թեկնածուն հույսը դրել է փողի ռեսուրսի վրա: Կան մարզերի գրանցում ունեցող մարդիկ, կեղծ ընտրողներ, մեռյալ հոգիներ… Տեխնոլոգիաներ են մշակում, մարդկանց վախեցնում, թե եթե փողը վերցնեն, բայց  ուրիշին ընտրեն, ստուգելու են»:
Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բակային հանդիպումները դեռ կշարունակվեն: «Պետք է մարդկանց հետ շփումներով այդ վախը հանել նրանց միջից: Նույնիսկ դժվար էր խոսել, բառեր գտնել, չգիտեի, թե ինչ ասեմ, որ մարդիկ հավատային,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա` ավելացնելով,-դժվար է մարդկանց ասել` ջնջի՛ այդ ամենը, ինչ որ եղել է, ինչքան քեզ խաբել են ու հիմա ի՛նձ հավատա: Մեր մասնագիտությունը մեզ թույլ չի տալիս: Իսկապես դժվար պայքար է»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս